«Կարծես ավելի շատ մտածում են՝ ինչպես մանդատ վերցնել, քան՝ քաղաքականացնել պրոցեսը». Ստեփան Գրիգորյան
Արաքս Մամուլյան
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները մինչև 2017-ի փետրվարի 16-ը պիտի գրանցման փաստաթղթերը ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Թե ինչ կուսակցություններ կամ կուսակցությունների ինչ դաշինքներ քաղաքական դաշտ մտնելու կամ դրանում մնալու հայտ կներկայացնեն, դեռևս հստակ ասել հնարավոր չէ. քաղաքական հանդիպումները, պայամավորվածություններն ու խորհրդակցությունները շարունակվում են նաև այս օրերին:
Սակայն արդեն երևում են անձինք, որոնք ապրիլյան խորհրդարանական ընտրություններից քաղաքական հավակնություններ ունեն:
Վերջին օրերին քաղաքականություն վերադառնալու հայտարարությամբ հանդես եկավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանի «Համախմբում», Արամ Սարգսյանի «Դեմոկրատական կուսակցություն»-ը և Վիկտոր Դալլաքյանի հիմնադրած «Երրորդ Հանրապետություն»-ը, հայտարարեցին ընտրություններին միասնական դաշինքով ներկայանալու մասին` միևնույն ժամանակ նշելով, թե չի բացառվում, որ «Երրորդ հանրապետությունը» գլխավորի պաշտանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ավելի վաղ համախմբվեցին «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ստեղծեցին «Ելք» դաշինքը: Քաղաքական հանդիպումները, պայամավորվածություններն ու խորհրդակցությունները շարունակվում են նաև այս օրերին:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ չնայած օրենքը կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին տալիս է մինչև փետրվարի կեսը խորհրդակցություններ, հանդիպումներ ունելու, միավորվելու և առհասարակ քաղաքական դաշտում իրենց հնարավոր ներկայացվածությունը որոշելու իրավունք, բայց ժամանակը քիչ է, և այս խմորումներին արդեն պետք է հաջորդի մյուս՝ քաղաքական պայքարի փուլը:
«Հիմա խմորման ծանր պրոցես է, որը նման է նրան, կարծես շատ են պայքարում մանդատների համար, կարծես մարդիկ ավելի շատ մտածում են՝ ինչպես մանդատ վերցնել, քան քաղաքականացնել պրոցեսը. մանդատակռիվ է: Մինչդեռ կարևոր է պայքարի քաղաքական մասը: Ես առայժմ չեմ տեսնում քաղաքական լուրջ պրոցես, որի ընթացքում քաղաքական ուժերը կարող են իրեն ցույց տալ: Իսկ ընտրարշավին մոտ մեկ ամիս ժամանակ է մնում, ե՞րբ են հասցնելու ընտրողներին ներկայացնել իրենց ծրագիրը.»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ մինչ այս պահը ոչ կառավարական ուժերի կողմից դեռ չեն կատարվել քայլեր, որոնք անսպասելի են իշխանության համար և չեն տեղավորվում նրա տրամաբանության մեջ:
«Հետք»-ի հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ իշխանության գերխնդիրն ու նպատակն այս պահին ընդդիմադիր և կիսաընդդիմադիր դաշտերում անկանխատեսելի խմորումներ թույլ չտալն է:
«Շատերը կարծում են, որ իշխանության գերխնդիրը 50 %-ից ավելի ձայներ հավաքելն է, բայց իշխանությունը ունի մեկ այլ՝ կարևորագույն խնդիր. այն, որ ընդդիմադիր, կիսաընդդիմադիր դաշտերում ինչ- որ անկանխատեսելի խմորումներ չլինեն, և իրապես սկզբունքային, լրջագույն հարցեր բարձրացնող անձինք Խորհրդարանում չհայտնվեն: Ես ունեմ ճշտված տեղեկություն, որ իշխանությունը ոչ կառավարական ուժերին տարբեր խողովակներով «խորհուրդ չի տալիս» այս կամ այն անձանց մտցնել իրենց ցուցակի մեջ»,- բարձրաձայնեց քաղաքագետը:
Իսկ 50 %-ից ավելի ձայներ հավաքելու խնդիրն, ըստ քաղաքագետի, արդեն լուծված է իշխանության համար:
«Իրենք հանգիստ կհավաքեն դա. ռեյտինգային ցուցակները լուծեցին մեծամասնություն ունենալու խնդիրը: Քանի որ այժմ օրենքն այնպիսին է, որ ակտիվացնում է թաղային հեղինակներին, կրիմինալը:Ի սկզբանե այս օրենքում թաղային հեղինակությունների ու օլիգարխների համար մեծ առավելություններ կան, այնպիսի առավելություններ, ինչպիսիք չեն եղել վերջին 25 տարիների ընթացքում»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Լուսանկարը՝ Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել