HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել է ՄՄԿ-ի միգրացիայի վերաբերյալ համաշխարհային զեկույցը

«Բարձրացնենք միգրանտների ձայնը միգրացիայի վերաբերյալ բաց եվ կառուցողական բանավեճում»,- ասվում է ՄՄԿ-ի միգրացիայի վերաբերյալ 2011 թ. համաշխարհային զեկույցում 

«Այսօր միգրացիայի շուրջ ընթացող հաճախ չափազանց կողմնակալ, բևեռացված և բացասական բանավեճում պետք է լսվեն միգրանտների ձայները», ասվում է «Միգրացիայի վերաբերյալ արդյունավետ հաղորդակցում» խորագրով 2011 թվականի ՄՄԿ-ի միգրացիայի վերաբերյալ Համաշխարհային զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ թեև մենք ապրում ենք մարդկության հայտնի պատմության մեջ առավել շարժական դարաշրջանում, որում ավելի շատ է ճանաչվում միգրացիայի նշանակությունը որպես ժամանակակից աշխարհի որոշիչ հատկանիշներից մեկը, սակայն միգրացիան շարունակում է մնալ մեր ժամանակի առավել թյուրընկալվող խնդիրներից մեկը: 

Ուստի, միգրացիայի վերաբերյալ մեր հաղորդակցման եղանակներում հիմնարար փոփոխություններ են պահանջվում, հատկապես տնտեսական անկման պայմաններում, երբ քաղաքական քննարկումները, լրատվամիջոցների լուսաբանումները և հասարակական կարծիքները միգրացիայի բնույթի, նպատակի և սոցիալ-տնտեսական հետևանքների վերաբերյալ բացասական միտումներ են դրսևորում: 

«Ակնհայտ է, որ միգրացիան հաճախ դառնում է այն համընդգրկուն խնդիրը, որի տակ թաքնված են ընդունող երկրների հասարակությունում առկա մտավախություններն ու կասկածները զբաղվածության, բնակարանային պայմանների և հասարակության միասնության վերաբերյալ: Միգրացիան կարող է նաև դիտվել որպես մարդկային կապիտալի կորստի և տնտեսական կախվածության ձևավորման պատճառ ծագման երկրներում»,- ասում է ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը:

Զեկույցում բերվում է այն փաստարկը, որը միգրացիայի վերաբերյալ աղճատված հայտարարությունները նպաստում են միգրանտների դեմ ուղղված տրամադրությունների տարածմանը, ինչը վերջերս ի հայտ է եկել աշխարհի տարբեր մասերում: Նպատակակետ երկրների հասարակություններում կրկին առաջ են եկել վնասարար կարծրատիպեր, խտրականություն և նույնիսկ այլատյացություն` տարաձայնություններ առաջացնելով բազմամշակութային հասարակության արժեքների վերաբերյալ:  

Այնուհանդերձ, զեկույցում կոչ չի արվում միգրացիային առնչվող հարցերում ոչ քննադատական մոտեցում որդեգրել: Միգրացիայի վերաբերյալ բաց քննարկումը նշանակում է ընկալել և անդրադառնալ անմիջապես այն խնդիրներին, որոնցից բխում են մարդկանց մտավախությունները և բացասական մոտեցումները և որոնք արտահայտվում են հանրության թշնամական վերաբերմունքի նվազեցմանն ուղղված հարցումներում: 

«Հանրության առավել լայն շրջանակներին միգրացիայի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության հաղորդումը կարող է դառնալ այն միակ և կարևորագույն քաղաքական գործիքը բոլոր այն հասարակություններում, որոնք հայտնվել են աճող բազմազանության խնդրի առջև»,- հավելում է Սվինգը: 

Վերլուծելով միգրանտների և միգրացիայի վերաբերյալ հասարակությունում առկա պատկերացումները` Համաշխարհային միգրացիայի վերաբերյալ զեկույցը վկայում է այն մասին, որ նպատակակետ երկրներում բնակվող անձանց շրջանում դիտվում է միգրանտների թիվը գերագնահատելու միտում: Երբեմն նման գերագնահատումը հասնում է 300 տոկոսի: Օրինակ, 2010 թվականին Իտալիայում միգրանտների թիվը կազմում էր ընդհանուր ազգաբնակչության 7 տոկոսը: Մինչդեռ հարցումների արդյունքներից պարզ է դառնում, որ ըստ բնակչության պատկերացումների այդ թիվը կազմում է 25 տոկոս և դեռ աճման միտում ունի: 

Նմանապես, 2010 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացրած հասարակական կարծիքի հարցումներն ի հայտ բերեցին հանրության շրջանում առկա այն պատկերացումը, որ միգրանտների թիվը կազմում է ազգաբնակչության 39 տոկոսը, ինչը մեծապես տարբերվում է իրականում արձանագրված 14 տոկոսից:  

Զեկույցում նշվում է, որ հանրության շրջանում միգրացիայի նկատմամբ վերաբերմունքը շարունակում է մեծապես պայմանավորված լինել պատասխանողների սոցիալ-տնտեսական կարգավիճակով, տարիքով և կրթական մակարդակով, ինչպես նաև միգրանտների հետ նրանց շփման աստիճանով:    

Գերմանիայում 2009 թվականին անցկացրած հարցումների շրջանակներում երիտասարդների 65 տոկոսը հայտնում է, որ միգրացիայի վերաբերյալ նրանց ավելի դրական վերաբերմունքը պայմանավորված է միգրանտների հետ նրանց ունեցած առավել հաճախ շփումներով:

Աշխատատեղերի ենթադրյալ առկայությունը և տարածված այն կարծիքը, որ միգրանտները տվյալ երկրի քաղաքացիներից խլում են այդ աշխատատեղերը և (կամ) ծանր բեռ են դառնում երկրի համար, նույնպես ազդում է վերաբերմունքի և հարցումների արդյունքների վրա: 

Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ հասարակական կարծիքի հարցումները կարող են հուսալի չլինել, քանի որ դրանց արդյունքները կարող են հիմնված լինել միգրանտ հանդիսացող և չհանդիսացող անձանց վերաբերյալ կեղծ ենթադրությունների վրա: Զեկույցում նաև ընդգծվում է, որ հարցումներում և լրատվամիջոցների լուսաբանումներում հազվադեպ է ուշադրություն դարձվում կամ արտացոլվում գործատուների կարծիքը, ովքեր շարունակում են մնալ համաշխարհային միգրացիայի ոլորտում հիմնական դերակատարները: 

Համաշխարհային միգրացիայի վերաբերյալ զեկույցում բերվում է այն ենթադրությունը, որ մեր հասարակության փոփոխական կազմի և մշակութային բազմազանության խնդիրները կարող են լուծվել հիմնական լրատվամիջոցներում բազմազանությունը ընդգրկելու և սոցիալական լրատվամիջոցների գործիքների կիրառումը միգրանտների կողմից խրախուսելու միջոցով` ինչպես ընդունող, այնպես էլ ծագման երկրի հասարակությունների հետ պարբերական կապ պահպանելու նպատակով:    

«Թեև ազնիվ և հավասարակշիռ լուսաբանումը լրատվամիջոցներում խիստ կարևոր է միգրացիայի վերաբերյալ առավել տեղեկացված բանավեճը խթանելու համար, սակայն միգրանտները պետք է կարողանան ինքնուրույն բարձրաձայնել իրենց պատմությունները: Շատ հաճախ որպես պասիվ, անօգնական և մեկուսացված համարվող միգրանտները կդիտվեն իրենց իրական կարգավիճակով, այն է` որպես սեփական ճակատագիրը կերտող անձինք», ասում է ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Սվինգը:   

Զեկույցում ընդգծվում է միգրացիայի վերաբերյալ արդյունավետ հաղորդակցվելու հրատապ անհրաժեշտությունը, քանզի միգրացիայի տնօրինումը նաև ենթադրում է հասարակությունում միգրանտների վերաբերյալ առկա պատկերացումների տնօրինում: 

Այնպիսի երկրներում ինչպիսիք են` Չեխիայի Հանրապետությունը, Հունգարիան, Ռումինիան և Սլովակիան, կազմակերպվել են նախաձեռնություններ (օրինակ` Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Միգրանտներն ուշադրության կենտրոնում» նախաձեռնությունը), որոնց շրջանակներում միմյանց հանդիպելու հնարավորություն են ստացել լրատվամիջոցներում աշխատող երիտասարդները և միգրանտները, և ներկայացվել է այն ինչ կարող է արվել միգրացիայի վերաբերյալ առավել տեղեկացված բանավեճ խթանելու նպատակով:     

«Միգրացիայի վերաբերյալ արդյունավետ հաղորդակցումը մեր գնալով ավելի փոխկապակցված աշխարհում խիստ կարևոր է այն ընկալումը խթանելու համար, որ միգրացիան հանդիսանում է և´ իրականություն, և´ անհրաժեշտություն:  Եթե միգրացիան տնօրինվի խելամտորեն և մարդասիրաբար, ապա այն կլինի խիստ ցանկալի երևույթ», ասում է Սվինգը:   

Զեկույցում նաև ընդգրկված է 2010-2011 թթ. ընթացքում արձանագրված միգրացիոն միտումների և հիմնական քաղաքական հարցերի ամփոփ ուսումնասիրությունը: Ի նշում ՄՄԿ-ի 60-ամյա տարեդարձի` զեկույցի մի հատուկ մաս նվիրված է կազմակերպության աշխատանքի վերաբերյալ պատմական ակնարկին, որտեղ ներկայացված է կազմակերպության քաղաքականությունը և գործառույթները:  Պատկերն ավարտում է վերջին տասը տարում ՄՄԿ-ի ծրագրերի վիճակագրական ամփոփ նկարագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter