«Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթության ծրագիրն աշակերտներին սովորեցնում է մտածել լուծումների եւ փոփոխության մասին
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը մշտապես նպատակ է հետապնդել կրթել պատասխանատու սերունդ, որ Հայաստանը կդարձնի մի վայր, որտեղ բնությունն ու մարդիկ ապրում ու գործում են ներդաշնակորեն:
Հիմնադրամի բնապահպանական կրթության ծրագիրը գործունեության հենց սկզբից աջակցություն է ստացել Բոստոնի Օհանյան ընտանիքի կողմից: Վիջինիա Օհանյանի ամուսնու հիշատակին արված նվիրատվություն շնորհիվ Արագածոտնի Կարին գյուղում հիմնվեց «Էյ Թի Փի»-ի առաջին բնապահպանական կենտրոնը: Մի քանի տարի անց մեկնարկեցին մեր երկրորդ՝ Լոռու մարզի մարգահովիտ գյուղում գտնվող բնապահպանական կենտրոնի աշխատանքները:
Այս կենտրոններն այնուհետեւ դարձան հաջողության փարոս: Հաճախելով Կարինի եւ Մարգահովտի մեր բնապահպանական կենտրոններ՝ Հայաստանի շուրջ 160 դպրոցների ավելի քան 4000 աշակերտներ 2016 թ.ին վայելել են այս յուրօրինակ արտադասարանային բնապահպանական այցերն ու գործնական փորձեր կատարելու բերկրանքը: Երկու կենտրոնները դարձել են նաեւ հետաքրքիր հավաքատեղի, որտեղ տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ եւ Հայաստան այցելած բազմաթիվ էկո-տուրիստներ ուսումնասիրել են բնապահպանական տարբեր խնդիրներ ու լուծումներ:
«Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթության ծրագիրը զարգանում է հիմնադրամին զուգահեռ: Մենք խրախուսում ենք երիտասարդներին իրենց համայնքներում դառնալ շրջակա միջավայրի պահպանման եւ դրական փոփոխությունների շարժիչ ուժ: Հենց այս պատճառով է, որ լսարանում մեկնարկած կրթությունը շարունակվում է դպրոցում եւ խթանում համայնքների զարգացումը», - նշում է «Էյ Թի Փի»-ի վերապատրաստող Նվարդ Գեւորգյանը:
««Էյ Թի Փի»-ն մշտապես հավատացած է եղել, որ շրջակա միջավայրի պահպանությունը եւ բնական պաշարների պատասխանատու օգտագործումը Հայաստանի գոյատեւման եւ զարգացման, ինչպես նաեւ՝ հաջորդ սերունդների բարեկեցության համար կարեւորագույն նշանակություն ունեն: Այս ամենի պատճառով է, որ բնապահպանական կրթությունը դառնում է չափազանց կարեւոր», - պարզաբանում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Քասարջյանը:
«Էյ Թի Փի»-ի՝ Կրթության Ազգային Ինստիտուտի կողմից հաստատված «Միտք սերմանիր, ծառ տնկիր» ձեռնարկը հանդիսանում է կազմակերպության կողմից ուսուցիչների վերապատրաստման հիմնական գործիքը: Այն օգնում է ուսուցիչներին հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության սկզբունքներն ուսուցանման ընթացքում եւ աշակերտների հետ մշակել համայնքներում առկա խնդիրների կիրառական լուծումներ ու ծրագրեր:
«Էյ Թի Փի»-ի ՝ Մարգահովտում գտնվող Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կենտրոնի դասընթացավար Գայանե Մարգարյանը շարունակում է ղեկավարել նաեւ կենտրոնի 32 ակտիվ աշակերտներից բաղկացած էկո-ակումբը: «Մեր ձեռնարկը կենտրոնի դասընթացների հիմնական ուղեցույցն է: Մենք իրականացնում ենք կոմպոստացում, սովորեցնում ենք երեխաներին խնամել դպրոցի եւ իրենց այգիները: Նրանք նաեւ սովորում են թափոնների նվազեցման եւ վերամշակման միջոցներ», - ընդգծում է Գայանեն:
Մարգահովտի աշակերտներից Դավիթ Խառատյանն էլ պատմում է, թե ինչպես էկո-ակումբն ազդել իր ամենօրյա վարքի վրա. «Տանը ես կիրառում եմ այն, ինչ սովորել եմ Գայանեից: Իմ ծնողները քիչ են տեղեկացված բնապահպանական խնդիրների մասին: Այդ պատճառով էլ ես սկսել եմ նրանց սովորեցնել շրջակա միջավայրի պահպանության կարեւորությունը, օրինակ՝ մեր տնտեսության թափոնները տարանջատել եւ կոսմպոստացում իրականացնել»:
«Էյ Թի Փի»-ն Հայաստանում բնապահպանական կրթություն իրականացնող առաջատար կազմակերպություններից է: Նախորդ երկու տարիների ընթացքում հիմնադրամը իրականացրել է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից, ՄԱԶԾ ԳԷՀ ՓԴԾ միջոցով: Ծրագրի կարեւորագույն նպատակներից էր ամրապնդել Հայաստանում Բնապահպանական կրթության ցանցը, որի առաջարկները ներառվել են «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծում:
«Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթության ծրագրի ջանքերը բազմապատկելու լրացուցիչ գործիք է ուսուցիչների վերապատրաստումը: 2016 թ.-ին ուսուցիչների եւ մեծահասակների վերապատրաստումներ են իրականացվել մի շարք կազմակերպութւյունների հետ համագործակցության շրջանակներում: Այս կազմակերպությունների եւ կառույցների շարքում են Հայաստանի մանուկներ հիմնադրամը, «Դասավանդիր, Հայաստան» ծրագիրը, Կրթության ազգային ինստիտուտը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ՀԿ կենտրոնը, Էկո-լաբը, Ակտիվ Երիտասարդ քաղաքացիների ՀԿ-ն, Ղողանջ ՀԿ-ն, Այբ դպրոցը, Ավետիսյան դպրոցը եւ այլն:
Սփյուռքում «Էյ Թի Փի»-ն հաջողությամբ իրականացնում է «Կառուցում ենք կամուրջներ» ծրագիրը: Այն սկսել է Գլենդել եւ Ուոթերթաուն քաղաքների մի քանի դպրոցներից, ապա ընդգրկել Միացյալ Նահանգների ավելի քան 75 դպրոցներ: 2016թ.-ին Սփյուռքի 6 դպրոցների աշակերտներ Հայաստանում հանդիպել են իրենց հասակակիցների եւ միասին ծառեր տնկել:
«ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներից մեկն առնչվում է բոլորի համար ներառական եւ հավասար որակյալ կրթությանը: Հենց այս նկատառումից ելնելով է, որ մեր հիմնադրամն իրականացնում է ոչ միայն բնապահպանական կրթական դասընթացներ, այլ նաեւ նախաձեռնում է կամ մասնակցում իրազեկվածության բարձրացման բազմաթիվ միջոցառումների, ինչպիսին են էկո-փառատոնները, էկո-ճամբարները, հանրային աղբահավաքներն ու բնապահպանական թեմաներով տարբեր ձեւաչափերի հանդիպումներ», - նշում է Քասարջյանը:
«Ապագան պատերին նկարված չէ, մենք ինքներս ենք ստեղծում այն ամեն օր…մենք ենք, որ պետք է պահպանենք բնությունը՝ անհատական եւ միացյալ ուժերով: «Էյ Թի Փի»-ն տարիների ընթացքում ստեղծել է այս իր գործող մոդելը, որ բարելափոխում է ամբողջական համայնքներ իր անտառվերականգնման, կանաչապատմանեւ բնապահպանական կրթական ծրագրերի միջոցով», - ամփոփում է «Էյ Թի Փի»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը:
Լուսանկարում՝ ԱՄՆ Ուոթերթաուն քաղաքի Սբ. Ստեփանոսի անվան հայկական միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներն են, որոնք Հայաստանում իրենց հասակակիցների հետ մասնակցում են ծառատունկի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել