Փոխվարչապետը Վայոց ձորում է
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնել է Վայոց ձոր` այցը սկսելով Շատին համայնքից, որտեղ մարզպետ Սերգեյ Բագրատյանի ուղեկցությամբ ծանոթացել է փլուզված ճանապարհի վերականգնման աշխատանքներին:
Ճանապարհը սողանքի հետեւանքով փլուզվել էր ամռան սկզբին, այն վերականգվել է պետբյուջեից հատկացված 118 մլն դրամով: Փոխվարչապետին զեկուցվել է, որ գրունտային ճանապարհն ապահովում է բնականոն երթեւեկությունը, եւ հաջորդ տարի անհրաժեշտ կլինի ասֆալտապատում իրականացնել:
Մարզի ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր են քննարկվել մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում: Փոխվարչապետին զեկուցվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ ծրագրի առաջին մասով հատկացված 260 մլն դրամի շրջանակում նախատեսված աշխատանքներն ավարտվել են: Միջոցները հիմնականում ուղղվել են մարզի քաղաքային համայնքների բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը:
Ծրագրի երկրորդ մասով արդեն ավարտվել են Եղեգնաձոր քաղաքի Գեւորգյան փողոցի վերանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են Եղեգնաձորի Շահումյան 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հիմնանորոգման եւ ամրացման աշխատանքները, որի համար 45 մլն դրամ հատկացվել էր առաջին, 33 մլն դրամ` երկրորդ ծրագրով: Ծրագրի երկրորդ մասով մի շարք համայնքներում կհիմնանորոգվի խմելու ջրի ցանցը, Ռինդ համայնքում կկառուցվի կոյուղագիծ, կնորոգվեն բազմաբնակարան շենքերի տանիքներ: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների ընթացքը`կարեւորելով աշխատանքների ժամանակին եւ որակով իրականացումը:
Խորհրդակցությանը ներկայացվել են նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասնմեկ ամիսների կատարողականի ցուցանիշները: Դեկտեմբերի 1-ի դրությամբ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 936 մլն դրամի դիմաց կազմել են 913,1 մլն դրամ (կատարողականը`97,69%):
Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95.2 %, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,5 %-ով: Հողի հարկի կատարողականը կազմել է 102, 1%, ինչը, սակայն 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9 տոկոսով: Գույքահարկի կատարողականը կազմել է 104, 5 տոկոս, նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 1,2 տոկոսի աճ:
Նշվել է, որ չնայած այն հանգամանքին, որ հողի հարկի հավաքագրման կատարողականը բարձր է, սակայն նախորդ տարվա համեմատ հավաքագրման ցուցանիշը նվազել է հիմնականում Վերնաշեն, Աղավնաձոր, Կարմրաշեն, Զառիթափ, Ազատեկ, Հերհեր համայնքներում: Փոխվարչապետը ընդհանուր առմամբ դրական գնահատելով հավաքագրումների մակարդակը` միաժամանակ մարզպետին հանձնարարել է մինչեւ տարեվերջ աշխատանքներ իրականացնել հատկապես հողի հարկի ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
Փոխվարչապետին զեկուցվել է նաեւ մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվել է, որ մարզում կատարվել է 1100 հա աշնանացան` 55 հեկտարով ավելի, քան նախորդ տարի: Նախորդ տարվա համեմատ բարձր է եղել նաեւ բերքատվության ցուցանիշը. արտադրվել է 5 845տ հացահատիկ եւ ընդեղեն` նախորդ տարվա 4151 տոննայի դիմաց, 4100 տոննա խաղող` 3809 տոննայի դիմաց:
Տեղեկություններ են ներկայացվել համայնքների գլխավոր հատակագծերի կազմման, մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ է եղել նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:
Փոխվարչապետն առանձին խորհրդակցություն է անցկացրել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժինների ղեկավարների մասնակցությամբ` կարեւորելով վերջին շրջանում իրավական ակտերում կատարված փոփոխությունների պահանջների կատարումը: Այս մասին հայտնում է ՏԿՆ Հասարականության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել