HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը հանդիպել է Կարմիր խաչի արտաքին կապերի տնօրենին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել  է գերմանական Կարմիր խաչի արտաքին կապերի տնօրեն Միխայիլ Վիբելին: Հանդիպման ընթացքում բարձր գնահատելով երկու տասնամյակը բոլորած բարենպաստ համագործակցության արդյունավետությունը՝ կողմերը երկուստեք վերահաստատել են գործակցությունն առավել սերտ ու նպատակային  դարձնելու պատրաստակամությունը: 

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է արագ արձագանքել Գերմանական Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի բարեգործական առաքելության շրջանակում առաջացող խնդիրներին, որոնց լուծումը գտնվում է մունիցիպալ իշխանության լիազորությունների տիրույթում: Որպես ասվածի վառ օրինակ քաղաքապետը բերել է Երեւանի ավագանու որոշմամբ գերմանական Կարմիր խաչի երեւանյան գրասենյակին գույքահարկի արտոնություն տրամադրելու փաստը: 

«Գիտեմ, որ բարեգործական ձեր առաքելության շրջանակում անչափ կարեւոր է նաեւ մեր վարչական շրջանների պատասխանատվությունն այդ հարցում, ուստի մեկ անգամ եւս վստահեցում եմ Ձեզ, որ մենք պատրաստ ենք շարունակել սոցիալական համատեղ ծրագրերն ու ենթածրագրերը, քանի դեռ Երեւանում առկա է սոցիալապես անապահով քաղաքացիների հոգսերը թեթեւացնելու անհրաժեշտությունը»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Միխայիլ Վիբելն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին համագործակցության շարունակման պատրաստակամության համար եւ որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ հատկանշել է կազմակերպության եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի միջեւ ձեւավորված երկարամյա համագործակցությունը: Միայն այս վարչական շրջանում 350 շահառուներ օգտվում են «Գթության խոհանոցից»: 

Այնուհետ Միխայիլ Վիբելը գերմանական Կարմիր խաչի նախագահ դոկտոր Լորենց Մենցի անունից շնորհավորել է Տարոն Մարգարյանին` Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցել է նրա ուղերձը: 

Միխայիլ Վիբելը հիշատակել է նաեւ քահանա Կառլ-Հայնց Շայդեին, ով եւս իր ջերմագին ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Տարոն Մարգարյանին` Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Միխայիլ Վիբելը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանին ուղղված մարդասիրական ծրագրերի համար Կառլ-Հայնց Շայդեն այս տարի պարգեւատրվելու է Գերմանիայի դաշնային հանրապետության Նախագահի բարձրագույն շքանշանով: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter