Եռապատկվել է Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների թիվը
Անի Հովհաննիսյան
2016թ-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին 3 անգամ ավելի շատ ՀՀ քաղաքացի է առաջին անգամ ապաստան խնդրել Եվրոպայից, քան վերջին 9 տարիների միջին ամսական ցուցանիշն է։ Եթե 2008-ից մինչ օրս ամսական միջինը 385 ՀՀ քաղաքացի է փախստականի կարգավիճակ խնդրել ԵՄ երկրներից, ապա միայն 2016թ. օգոստոսին նրանց թիվը հասել է 1110-ի, իսկ սեպտեմբերին՝ 1185-ի (տվյալները՝ ԵՄ վիճակագրական ծառայության, թարմացված 20.01.2017)։
Նշված ժամանակահատվածը հաջորդում է «Սասնա Ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավմանը։ Բողոքի ակցիաներ և ցույցեր սկսվեցին Երեւանում, որոնց ընթացքում եղան նաև բախումներ։ 15 օր շարունակ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան։ ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ոստիկանության եւ ցուցարարների բախումների ընթացքում 50-ից ավելի վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ, ձերբակալվել ցույցերին մասնակցած տասնյակ քաղաքացիներ։

| Անցյալ ամառվա իրադարձություններից հետո ավելի շատ մարդ է ապաստան խնդրել Եվրոպայում, քան 2008թ․ մարտի 1-ի դեպքերից հետո։ |
Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016-ի նշված ամիսներին առաջին անգամ ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների 49 տոկոսը կին է, իսկ 51 տոկոսը՝ տղամարդ։ 5 հոգի սեռը չի նշել։
Ապաստան խնդրածների 33 տոկոսը 35-64 տարեկան է, նրանք իրենց հետ Եվրոպա են տարել մինչև 14 տարեկան երեխաներին, որոնց թիվը կազմում է 28 տոկոս։ Հայաստանից հեռացել են նաև մեծ թվով 18-34 տարեկան երիտասարդներ՝ կազմելով ապաստան խնդրածների 32 տոկոսը։ 14-17 տարեկան փախստականի կարգավիճակ խնդրած ՀՀ քաղաքացիները կազմում են 5 տոկոս, իսկ 66-ից բարձր տարիքայինները՝ 2 տոկոս։

Այսպիսով՝ 2016թ. ներքաղաքական անկայուն վիճակը, իշխանության կողմից ուժի կիրառմամբ բողոքի ալիքը ճնշելը, զանգվածային ձերբակալությունները հանգեցրել են երիտասարդ ընտանիքների՝ ավելի մեծ թափով սեփական երկրից հեռանալուն։
2008-ի հունվարից մինչ 2016թ-ի դեկտեմբեր ամիսը Հայաստանից Եվրոպայում առաջին անգամ ապաստան է խնդրել 41 310 մարդ։
Ստորև ներկայացված քարտեզում կարող եք ծանոթանալ, թե որ Եվրոպական երկրում են ամենաշատը ապաստան խնդրում Հայաստանի քաղաքացիները։
Գլխավոր լուսանկարը՝ Սոնա Քոչարյանի
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել