Քաղաքապետը հանդիպել է Մանկական Եվրատեսիլի պատվիրակության անդամներին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է դեկտեմբերի 3-ին մայրաքաղաքում անցկացվող 9-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի պատվիրակության անդամների հետ: Քաղաքապետը կարեւորել է հանրաճանաչ միջազգային մրցույթը Երեւանում անցկացնելու փաստն ու ընդգծել է, որ պատմամշակութային հազարամյա հարուստ ավանդույթներն ունեցող մեր մայրաքաղաքն այսօր ապրում է ակտիվ մշակութային կյանքով:
Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ քաղաքապետարանը, մեծ տեղ հատկացնելով մշակութային համատեղ ծրագրերի իրականացմանը, ակնկալում է եվրոպական մասնակից պետությունների տարբեր քաղաքների հետ գործընկերային հարաբերությունների ձեւավորում եւ ընդլայնում:
«Համոզված եմ, որ մրցութային ծրագիրը, որն ամեն տարի հիացնում է տարբեր երկրների քաղաքացիների, այս տարի ևս հաճույք եւ հիացմունք կպատճառի ամբողջ աշխարհին: Հաջողություններ եմ մաղթում մեր բոլոր տաղանդավոր փոքրիկներին և հուսով եմ, որ Երևանի ջերմությունը կտանեք ձեզ հետ ու անպայման կցանկանաք կրկին այցելել մեր քաղաք»,- նշել է քաղաքապետ Մարգարյանը:
«Հյուրերը ոգեւորված եւ տպավորված են մեր հին, բայց եւ երիտասարդ քաղաքի գեղեցկությամբ եւ հյուրընկալությամբ: Շատերն այնքան են սիրել մեր քաղաքը, որ վերադառնալու ցանկություն են հայտնել»,-նշել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում մեր երկրին հաղթանակ բերած Վլադիմիր Արզումանյանը: Շնորհակալություն հայտնելով փոքրիկին մեր երկրի պատիվը բարձր պահելու համար, քաղաքապետը մաղթել է նրան նորանոր հաղթանականեր ու նվաճումներ և հանձնել է մայրաքաղաքի զինանշան-խորհրդանիշը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել