
Ձմեռային ավտոստոպ, մաս 3-րդ. Երևան-Սևանա լիճ
Նարեկ Ալեքսանյան
Երևանից Շորժա 110 կմ է, ընդամենը 8 կմ այն կողմ Արտանիշն է, ուր պատրաստվում էինք գնալ, և եթե եղանակը լավը լիներ, ափում քամին ուժեղ չլիներ, խարույկ վառել ու լողալ Սևանա լճում: Միանգամից ասեմ, որ ընդամենը հասանք Շորժա, չլողացինք: Հունվարին ավտոստոպով այդ կողմերը գնալը իր բարդություններն ունի: Ծովագյուղի խաչմերուկից պետք է աջ տանող ճանապարհով գնալ, այդ հատվածում նույնիսկ ամռանը ցուրտ քամիներ են լինում: Մեզ խաչմերուկում իջեցրին, մի քիչ քայլելուց հետո մեքենա պատահեց, հետո մյուսը, հասանք Շորժա: Քանի որ մեքենաներ քիչ էին պատահում, որոշեցինք ստուգել տեղի ափերը. արևոտ էր, լիճը փայլփլում էր, բայց ափին ամեն մի քայլ մոտենալիս իրեն զգացնել էր տալիս սառը քամին, ալիքներն էլ բավական մեծ էին: Նույնիսկ եթե որոշեինք մտնել ջուրը, այդ քամու տակ խարույկ անել հնարավոր չէր, հետ դարձանք ճանապարհ: Կարելի էր փորձել Արտանիշի լողափեր գնացող մեքենայի սպասել, բայց մինչև մթնելը քիչ ժամանակ էր մնում: Որոշեցինք վերադառնալ Երևան, ու քանի որ Արտանիշ այս անգամ հասնել չեղավ, մի քիչ ժամանակ էր խնայվել հետդարձի համար. ճանապարհին գնացինք թերակղզի: Միայն Սևան-Երևան մայրուղուց երևացող մայրամուտի համար արժեր գնալ դեպի Արտանիշ, այդպես էլ ջուրը չմտնել, վերադառնալ մառախուղի մեջ սպասող Երևան:
Մեկնաբանել