Իրանական «Գամ Արակ» ընկերությունը Հայաստանում լիցենզավորման ենթակա գործունեություն կիրականացնի
Իրանական «Գամ Արակ» ընկերությանը կթույլատրվի իրականացնել քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (էներգետիկ), ինչպես նաև շինարարության իրականացման (էներգետիկ)` օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն: Կառավարության վաղվա նիտում չքննարկվող կարգով համապատասխան նախագիծ է ներկայացվել:
Իրանական ընկերությունը գործունեությունը կիրականացնի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության և իրանական «Գամ Արակ» ընկերության միջև 2016 թվականի օգոստոսի 11-ին կնքված «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի վերակառուցման պայմանագրի շրջանակներում:
Պայմանագրի համաձայն` «Գամ Արակ» ընկերությունը պարտավորվել է 20 ամսում իրականացնել էլեկտրահաղորդման օդային գծերի նախագծման, սարքերի և սարքավորումների մատակարարման, տեղադրման, կառուցման և շահագործման հանձնման աշխատանքները:
Ակնկալվող արդյունքն է համաձայնագրով և պայմանագրով նախատեսված` «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ էլեկտրահաղորդման օդային գծերի վերակառուցման աշխատանքները:
«Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ էլեկտրահաղորդման օդային գծերի վերակառուցումը, ըստ կառավարության, հնարավորություն կտա բարելավվել էլեկտրացանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:
Համաձայն կառավարության ներկայացրած փաստաթղթերի` «Գամ Արակ» (Gam Arak) ընկերությանն Իրանի Իսլամական Հանրապետությունում տրված է էներգետիկ ոլորտում գործունեության իրականացման լիցենզիա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել