
Վրաստանն աշխարհում 6-րդ տեղում է բանտարկյալների թվով
Վրաստանն աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցնում բնակչության մեկ շնչին հասնող բանտարկյալների թվով:
Մինչ իրավապաշտպան ակտիվիստները բողոքում են, որ վրացական բանտերը, որոնք վտանգավոր են եւ որտեղ թոքախտ է տարածված, լի են բանտարկյալներով, իշխանությունները խոստանում են այլընտրանքային պատիժ կիրառելու հնարավորություններ ստեղծել:
Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականների կողմից մշակված World Prison Population List (բանտերի բնակչության համաշխարհային ցուցակ)-ի համաձայն` Վրաստանը աշխարհի 217 երկրների ցանկում 6-րդ տեղն է զբաղեցնում, քանի որ երկրում 100 000 մարդուն 538 բանտարկյալ է բաժին ընկնում:
Վրաստանի արդարադատության նախարարության տվյալների համաձայն` երկրի բանտերի կեսը լի է կալանավորներով, սակայն նախարարության ներկայացուցիչները հավատացնում են, որ նրանց թիվը չի գերազանցում օրենքով սահմանված քանակը:
Վրաստանում եղած 18 բանտերից 9-ում բանտարկյալների թիվը գերազանցում է թույլատրելի սահմանը: Այսպես, Թբիլիսիի թիվ 1 բանտում, որը 750 բանտարկյալների համար է նախատեսված, այժմ շուրջ 1200 կալանավոր կա, իսկ Բաթումի բանտում բանտարկյալների թիվը 715 է` նախատեսված 557-ի փոխարեն:
Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ հաճախ են բողոքներ ստանում կալանավորներից, ովքեր դժգոհում են վերակացուների` իրենց նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքից:
«Բանտերում այլեւս տեղ ու դադար չկա: Իրենցից` բանտարկյալներից եմ լսել, որ 8 հոգու համար նախատեսված բանտախցերում 12-13 կալանավոր են պահում: Բանտարկյալները հաճախ բողոքում են, որ իրենց ծեծում են եւ պատշաճ բժշկական օգնություն չեն տրամադրում: Թոքախտով հիվանդ բանտարկյալներին հաճախ առողջների հետ միասին են պահում», – նշում է իրավաբան Էկա Կոբեսաշվիլին:
Վրաստանի ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշիի` օմբուդսմենի տվյալներով, անցյալ տարի 142 մարդ է մահացել բանտում, որոնցից 42-ը թոքախտով են տառապել:
Բանտերում եղած առողջական խնդիրները անհանգստացնում են նաեւ Վրաստանի Կաթողիկոս Իլյա Երկրորդին:
«Մեր բանտերը թոքախտի տարածման վտանգավոր աղբյուր են: Այնտեղ հիգիենայի պահպանման միջոցներ չկան», – հայտարարել է նա` հավելելով, որ հաճախ նախկին բանտարկյալները վարակը տարածում են իրենց ընտանիքներում, ինչը համաճարակի վտանգ է ստեղծում:
Կոբեսաշվիլու խոսքերով` բանտերը լի են կալանավորներով, քանի որ դատավորները խիստ պատժաչափ են կիրառում` հաշվի չառնելով այլընտրանքային պատիժների հնարավորությունը:
«Համաներումը կիրառվում է միայն այն մարդկանց դեպքում, ում ազատազրկման ժամկետը մի քանի ամսից լրանում է:
Դատավորները կարող են առավելագույն պատժաչափ սահմանելու փոխարեն տուգանք կիրառել կամ այնպիսի պատիժ ընտրել, որը ազատազրկում չի նախատեսում, սակայն իրականում նրանք ճիշտ հակառակն են անում», – ասում է նա:
Արդարադատության նախարարության տվյալներով`անցյալ տարի ընդամենը 74 մարդ է դատապարտվել հանրօգուտ աշխատանքների:
Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Լորթկիպանիձեն պնդում է, որ բանտարկյալների թիվը կալանավայրերում չափազանց մեծ է, եւ նրանց իրավունքները ոտնահարվում են:
«Այս ամենի պատճառներից մեկը 2006 թվականին քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններն են, որոնց համաձայն` մի քանի հանցագործություն կատարած անձի պատժաչափերը [հաջորդաբար] գումարվում են իրար», – ասում է Լորթկիպանիձեն: Մինչդեռ մինչեւ 2006 թվականը մի քանի պատժաչափերը միաժամանակ էին կիրառվում:
«Հետագայում քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որպեսզի դատավորները կարողանան ավելի թեթեւ պատիժ կիրառել, սակայն սա արդեն ոչ թե օրենքից, այլ իրենցից` դատավորներից է կախված», – հավելում է նա:
Լորթկիպանիձեն առաջարկում է, որպեսզի խորհրդարանը բանտերի վերահսկիչ մեխանիզմ ստեղծի:
«Ես առաջարկել եմ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած վերահսկիչ խումբ ստեղծել: Այս խումբը իրավասու կլինի ցանկացած պահի որեւէ բանտ գնալ եւ ծանոթանալ այնտեղ տիրող իրավիճակի հետ: Մինչեւ հիմա այս առաջարկն աջակցություն չի ստացել, սակայն ես պատրաստվում եմ այն կրկին օրակարգ մտցնել»:
Արդարադատության նախարարության համաձայն` չարաշահումների վերաբերյալ բողոքների հիման վրա միշտ քննություն է կատարվում, իսկ նախարարության ներկայացուցիչները պարբերաբար ստուգում են քրեակատարողական հիմնարկները, որպեսզի ապահովեն բանտարկյալների իրավունքների պաշտպանությունը:
ԱՆ հահտարարել էր, որ թոքախտով հիվանդ կալանավորների համար նոր բանտ է կառուցվում, շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն հաջորդ տարի:
Նախարարության ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Օթար Կախիձեն նշում է, որ արդեն միջոցներ են ձեռնարկվում բանտերում կալանավորների մեծ քանակը կրճատելու համար:
«Խորհրդարանի քննարկմանը 20 տեսակի հանցագործությունների նվազագույն եւ առավելագույն պատժաչափերը կրճատելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել: Բացի այդ, մեկ այլ օրինագիծ է նախապատրաստվել հանրօգուտ աշխատանքի վերաբերյալ, սա թույլ կտա պատժաչափի ավելի արդյունավետ տեսակներ կիրառել», – նշում է Կախիձեն:
Նրա խոսքերով` նախարարությունը նաեւ հաշվի է առել Եվրոպական Միության հանձնարարականները, որոնք առաջարկում են Վրաստանին ընդունել Հոլանդիայում կիրառվող համակարգը, որտեղ համեմատաբար թեթեւ հանցագործությունների դեպքում մեղադրողը կարող է կանգնեցնել նախաքննության ընթացքը նախքան այն դատարան ուղարկելը, մեղադրյալի կողմից փոխհատուցում տրամադրելու, տուգանք մուծելու կամ հանրօգուտ աշխատանք կատարելու դեպքում:
Թեա Տոպուրիա
ազատ լրագրող` Վրաստանում
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել