Երեւանի քաղաքապետարանը զբոսաշրջության պաշտոնական ուղեգրքեր է թողարկել
Երեւանի քաղաքապետարանը 20 հազար տպաքանակով թողարկել է զբոսաշրջիկների կողմնրոշիչ-տպագիր գիդեր՝ 2 ուղեգրքեր: Մեր մայրաքաղաքն ընտրած զբոսաշրջիկի համար պաշտոնական ուղեգիրքը բացահայտում-ներկայացնում է մշակութային Երեւանը, ինչպես նաեւ տեղեկացնում է պատմամշակութային հուշարձնների, թանգարանների, համերգասրահների, հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, խանութների տեղակայման հասցեները:
Ուղեգիրքը զբոսաշրջիկի համար նաեւ գիտելիքի նախնական աղբյուր է ազգային յուրահատկությունների մասին: Երկրորդը՝ պատկերազարդ ուղեգիրքը, ժամանցային Երեւանի ուղեցույցն է. 2 ուղեգրքերում էլ տեղեկատվական տեքստերին համադրված են խոսուն լուսանկարներ:
Երեւանի քաղաքապետարանում զբոսաշրջային ընկերություններին ուղեգրքերը ներկայացնելու նպատակով հրավիրված հանդիպման ժամանակ քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը վերահաստատել է, որ քաղաքապետարանը բաց է համագործակցության համար եւ պատրաստակամ՝ քննարկել զբոսաշրջային կազմակերպությունների առաջարկություններն ու դիտարկումները:
«Այսօր Երեւանում զբոսաշրջությունը մրցակցային տրամաբանության կանոններով ակտիվ դաշտ է. քաղաքապետարանը ողջ ներուժով ուղորդելու է զբոսաշրջային դաշտի կայացմանը: Ներկայացնում ենք մեր աշխատանքի 2 արդյունքները, որոնց տարածման գործում ակնկալում ենք զբոսաշրջության ոլորտում ներգրավված հանրության մասնակցությունը: Ձեր նախաձեռնողականությունը կարձանագրի, որ մեր գործակցությունը փոխշահավետ հիմքերի վրա է»,- նշել է Էդուարդ Ներսիսյանը:
Տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչները համոզված են, որ ուղեգրքերի մուտքը շուկա կօգնի Երեւանն ավելի համակարգված ու բովանդակալից ներկայացնել մայրաքաղաքի հյուրերին:
Տպագիր գիդերը առայժմ եռալեզու են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Ուղեցույցերը ներկայում թարգմանվում են նաեւ ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն եւ պարսկերեն: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել