HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանցի գործարարներին ներկայացվել են մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ և Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում իրանցի գործարարների հետ: Հարևան երկրից ժամանած հյուրերին ներկայացվել են Հայաստանի` որպես տարանցիկ երկրի հնարավորությունները Իրան - Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելիս: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչը գործարարներին ներկայացրել է իրենց բազմամյա փորձառությունը բեռնափոխադրումների կազմակերպման ոլորտում:

Իրանցի գործարարները ծանոթացել են նաև մուլտիմոդալ փոխադրման առաջին հաջող փորձին: Անցած տարվա նոյեմբերին տրվել է Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեկնարկը. փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել են Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:

Փորձնական մեկնարկը տեսանելի է դարձրել Փոթիից Երասխ կոնտեյներների տեղափոխման համար անհրաժեշտ ժամանակը՝ 38 ժամ, որը, ըստ հաղորդագրության, բավական լավ ցուցանիշ է:

«Բեռների փոխադրման այս մոդելը շահեկան է նաև հուսալիության առումով: Բավական է նշել, որ Եվրոպայում կոնտեյների վրա դրված կապարակնիքը մնում է ամբողջական մինչև բեռը Թեհրան հասցնելը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևի խոսքով` փոխադրումներ իրականացնելիս  հնարավոր է նկատի ունենալ յուրաքանչյուր պատվիրատուի անհատական պահանջները և մատուցվող ծառայությունը հարմարեցնել այդ պայմաններին:

Դմիտրի Գվոզդևը խոսել է նաև բեռների ապահովագրության և գործընթացի կազմակերպման «մեկ պատուհան» սկզբունքի մասին:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակայություններից համարվող այդ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեծացնել Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալը՝ նպաստելով Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter