Նոր տարվա նվերը
Վանուհի Թովմասյան
1960 թվականի վերջին գիշերը Լեռ Կամսար Արամ պապս խռովահույզ սպասումով, Նոր տարվա բաղձալի ակնկալիքով անկողին մտավ։ Արդյոք ի՞նչ կբերի իր հետ եկող տարին այդքան տառապանքներից հետո, ի՞նչ կփոխվի իր կյանքում։
Այդ գիշեր Ձմեռ պապի հեքիաթի ակնկալիքով անհամբեր էի նաև ես․․․
Առավոտյան, երբ աչքերս բացեցի, երանությամբ ձեռքս սլլացրի բարձիս տակ։
Դատարկություն․․․ Հոգսաշատ ու մեծ ընտանիքի դարդերի մեջ խեղդված մայրս ժամանակ չէր գտել «դատարկ» բաներով զբաղվելու։ Էլի շոշափեցի, չհավատացի, բարձս բարձրացրեցի՝ ոչինչ էլ չկար։ Ուրեմն, այս տարին իմը չէր՝ Ձմեռ պապն ինձ մոռացել էր․․․
Տնեցիները չէին կարողանում հանդարտեցնել դառը հեկեկոցս․․․ Ես մերժված, անտեսված և մոռացված էի․․․
Հայրս, իբր աննկատ, սեղանից երկու «Ծիծեռնակ» կոնֆետ թռցրեց, և աճպարարի պես ձեռքը մտցրեց բարձիս տակ հայտարարելով․
-Լավ չէիր փնտրել, բալիկ ջան, տե՛ս, ահա Ձմեռ պապի նվերը։
Դա ինձ վերջնականպես հուսահատեցրեց։ Հեքիաթս փլուզվեց, գոլորշիացավ՝ գեղեցիկ սուտը բիրտ ճշմարտության ճիրաններում մերկացավ իր հնարովի պաճուճանքներից․․․ Հեքիաթներ չկան՝ ամեն ինչ հնարովի է՝ հասկացա ես․․․
Այսպես կամաց-կամաց ճանաչում և բացահայտում էի կյանքը, երբ փոստատարը դուռը թակեց, և ամանօրյա բարեմաղթանքներից հետո, Արամ պապիս հանձնեց տոնական «Երևան» թերթը։
-Վայ-լո՜, վայ-լո՜, Վանուհի ջան, հերիք լաց լինես, արի ես քո համար թերթ կարդամ, տես ի՜նչ լավ նկարներ կան մեջը, - ասաց պապս ակնոցը դնելով։
Եվս մի քանի րոպե, և արդեն սփոփիչ խոսքերի ու մխիթարանքի կարիք ուներ հե՛նց նա ինքը՝ իմ շատ սիրելի Լեռ Կամսար պապը․․․
Թերթը թռուցիկ աչքի անցկացնելով, առաջինը կանգ առավ Գուրգեն Մահարու «Նոր տարվա բառարանի» վրա, որովհետև որտեղ Մահարի կա՝ էլ ի՞նչ ուրիշ հոդված կարդալ։
Քարացավ, աչքերին չհավատաց։ Իր հայրենակից, իր աշակերտ, իր կողմից շատ սիրված ու գնահատված Մահարին Նոր տարվա օրը ցերեկով, երբ մադիկ իրար մաղթում են սեր, գութ և կարեկցանք, ամբողջ հայությանը ներկայացրել էր իր՝ Կամսարի, ամբողջ գրական վաստակի ծանր գնահատանքը։
Սևով սպիտակի վրա գրված էր․ «Լեռ կամ սար․- Պատահել է, որ մուկ է ծնել»։
Հարված էր մեջքից․․․Մռայլվեց, հոգում փլվեցին սպասելիքի բոլոր հույսերը։
-Եվ դո՞ւ, Բրուտո՜ս․․․ Եվ դո՛ւ, Բրուտոս, - հազիվ շշնջաց նա։
Բայց Արամ պապիս տառապանքը եփվել ու կոփվել էր տարիների հորձանուտում։ Իր տեսակի մեջ սպիտակ ագռավ լինելով, հաճախ էր հարվածներ կրել գրչակից եղբայրների կողմից։ Սրտդողած վեր կացավ աթոռից, մի քանի անգամ քայլեց սենյակում, ձեռքերը տաքացրեց նավթի վառարանի վրա, ապա մտասույզ ձգվեց դեպի գրասեղանը։ Մահարին և «Երևան» թերթի խմբագրությունը պետք է բացատրեին իրենց արարքը․․․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ
ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻՑ
Դ Ի Մ Ո Ւ Մ
Միավորված ազգերի կազմակերպությունում, երբ մի պետություն հանկարծակի հարձակման է ենթարկվում իր հարևան պետության կողմից, անմիջապես արտակարգ նիստ է հրավիրվում և սանձահարվում է ագրեսորը։
Ի նկատի ունենալով, որ նման օրենքը ընդհանուր է և վերաբերում է բոլոր նման կազմակերպություններին, ներկա գրությամբս դիմում եմ ձեզ և խնդրում գրողների միության ընդհանուր ժողով գումարել և քննել իմ հարցը։ Ես հանկարծակի հարձակման եմ ենթարկված իմ գրչի հարևան Գուրգեն Մահարուց։ Նա մի գիշերվա մեջ փուլ ածեց գլխիս իմ հիսուն տարվա աշխատանքով կառուցածս գրական «տունը»։
Պատմում եմ դեպքն սկզբից։
1960 թվականի վերջին գիշերն է։ Պառկում եմ «ստերջ» և 1961թվականի առաջին առավոտն աչքս բաց անելիս՝ հանկարծ տեսնում եմ՝ Մահարին ինձանից «մուկ» է ծնեցրել «Երևան» թերթում․․․
«Եա՜ա՜ա՜մա՜ն», կանչում եմ ու խմբագրություն վազում բողոքելու Անանիկյանին, թե ինչո՞ւ է իրավունք տվել Մահարուն ինձանից «մուկ» ծնեցնելու։
Անանիկյանը թե՝
- Մահարո՞ւն էլ իրավունք կհարցնեն։ Նա գրչի մշակ է և արտոնված է ուզածը գրելու։
- Եղա՞վ, - ասում եմ, - իսկ ես, որ իմ ուզածը գրելու իրավունք չունեմ, ուրեմն, իմ գրական «արգանդը» դնեմ ձեր տրամադրության տակ, որ ինչ ուզենաք ծնեցնե՞ք։ Ճիշտ է, չեմ ժխտում, որ Մահարին գրական մշակ է, նա բահն ուսին, մեր գրական անդաստանը սխալմամբ «խամ ու խոպան» կարծելով, անվերջ ջրում է ու ջրում, անգամ չպահպանելով անվտանգության կանոնները։ Որովհետև նման դեպքերում ամեն հումանիստ գրող կպոռա իր ընթերցողներին՝
- Փախե՜ք, հեղեղը գալիս է․․․
Այս իմաստով երկար խոսեցի Անանիկյանի հետ ու տեսնելով, որ դրանից բան չի դուրս գա, կանգնեցի տեղումս և սպառնացի․
-Միևնույն է, ձեր ծնեցրած «մկանը» ես մայրություն չեմ անի, կթողնեմ խմբագրատանն ու կհեռանամ։ Իսկ եթե պարտադրեք անպայման վերցնել՝ կտանեմ որբանոց կտամ։ Որբանոցն էլ մերժեց․․․ իր հորը կհանձնեմ։
Ասացի, դեպի դուռը գնացի և կես ճանապարհից ետ դառնալով ավելացրի․
-Իմացեք, որ ես Գրողների Միության անդամ եմ։ Եվս մի քանի գրողներից «մուկ» ծնեցնեք՝ մեր Միությունը ստիպված պիտի լինի կատուներ պահել, ինչը չի նախատեսված շտատում։ Որովհետև ոչ մի գրական ոլորտ չի հանդուրժի «մկների» գոյությունն իր մեջ։
Արդ, Գրողների Միության հարգելի՛ Վարչություն, Գուրգեն Մահարին իմ «լեռ»-ից «մուկ» ծնեցրեց, իսկ ես կամենում եմ Մահարու «մուկ»-ից «լեռ» ծնեցնել։
Մեր գրական բարքերում գոյություն ունի այսպիսի մի արատ։ Որոշ գրողներ բարձրանալու համար, փոխանակ ինքզինքնին ձգելու կամ ոտքի ծայրերին բարձրանալու՝ ընտրում են հեշտ ու միաժամանակ անարգ ճանապարհ․ նրանք ձեռքով քաշում, ճկում են իրենց շրջապատի բարձր «ծառերին», որ իրենք բարձր երևան, բայց իզուր։ Երբ էլ բաց թողնեն այդ ճյուղը, ծառն իր նախկին բարձրությունը կստանա։
Ասում են, որ Նիցշեի քարոզած «Գերմարդու» վարդապետությունը իրական չէ։ Բայց ոչ։ Երևակայեցեք, որ այդ վարդապետությունը իրական է և գործադրվում է հեքիաթներում և մեղուների մոտ։
Առաջին դեպքում իշխանազուն գեղեցկուհին իր ձեռքի խնձորը նետում է այն կտրիճին, որ հաղթում է աշխարհի բոլոր կտրիճներին, իսկ մեղուների մոտ թագուհին ինքզինքը հանձնում է այն բոռին միայն, որ հազարների միջից կարող է հասնել իր թռած բարձրությանը։
Օդի բարձր շերտերում տեղի է ունենում երկու սիրած սրտերի հանդիպումը և դրանից հետո բոռն վայրկենապես անշնչացած վայր է գլորվում։
Ահա՜ ձեզ իդեալական ամուսնություն․․․
Իսկ մեր գրական ասպարեզում ի՞նչ ենք տեսնում։ Մահարիները օգտվելով իրենց ձեռքը տրված սրից՝ սպանում են «փեթակի» բոլոր գրողներին ու ձեռները լվանալով դառնում են դեպի «թագուհին» բազուկները տարածած՝ իրենց գիրկն են կանչում նրան։
Բայց կարելի՞ բան է այդ։ Մեղուն երբևիցե նման փեսացուի գի՞րկը կընկնի։
Կուսանոց կերթա, բայց այդ բանը չի անի․․․
------------------------------
Սրան կից ուղարկում եմ իմ այն «բաց նամակը», որ չտպեց «Երևանի» խմբագրությունը անտեսելով մամուլում գոյություն ունեցող էթիկան։
Այդ էթիկան ասում է․ երբ թերթումդ մեկին խփում ես՝ թույլ պիտի տաս տուժողին պաշտպանվել նույն թերթում։
Այլապես՝ նշանակում է ետևից բռնում ես անզեն տուժողին և թույլ ես տալիս զինվածին հարվածելու նրան, զոհին վերապահելով միայն մտքի մեջ անիծելու իրավունքը․․․
Գրողների Միության հարգելի՛ Վարչություն, դուք իմ այս դիմումը քննության պետք է առնեք և ասեք ձեր խոսքը․ որովհետև գրողի պատիվը նաև իր Միության պատիվն է։
Ահա ես ու Մահարին կանգնած ենք ձեր դատաստանի առջև այնպես ինչպես Լումումբան և Մոբուդուն ՄԱԿ-ի առջև։ Ուղարկեցեք ձեր «զորքն» այնտեղ՝ պայմանով, սակայն, որ «Մոբուդուին» ձեր պաշտպանության տակ չառնեք ՄԱԿ-ի հրամանատարության նման և պաշտպանեք օրինական «կառավարությանը»։
«ԵՐԵՎԱՆ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
Օրերս Ձեր թերթում Գուրգեն Մահարին հարձակվելով վրաս, երկու տողով հողին հավասարեցրեց իմ հիսունամյա ողջ գրական վաստակը։
Որովհետև այդ պատահեց Ձեր թերթում, լրագրական էթիկան պահանջում է, որ թույլ տաք ինձ պաշտպանվել նույն Ձեր թերթում, տպագրելով սույն կցված իմ «բաց նամակը»։
Հարգանքներով՝ Լեռ Կամսար
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒՆ
Հարգելի՛ ընկեր․
Դուք սույն թվի հունվարի մեկին բաժանելով իրարից իմ «Լեռ Կամսար» գրական անվան «Լեռը» ստիպել եք, որ ձեզ համար «մուկ» ծնի «Երևան» թերթում։
Մի «մուկ», որ գալիս է երկրի երեսից սրբելու իմ հիսունամյա ողջ գրական վաստակը։
Պարզ է, որ Դուք ինձ վրա կրակել եք «դում-դում» գնդակով․ միայն պարզ չէ, թե հրացանը կրակվել է անզգուշությա՞ն հետևանքով, թե՞ հատուկ ճակատիս նշան եք բռնել։
Ես հակված եմ ընդունել առաջին տարբերակը, որովհետև չգիտեք, թե որպես գրողի՝ Դուք ինչպե՜ս եք հարգում ինձ, ինչպե՜ս փառաբանում․․․
Երախտապարտ եմ Ձեզ և չեմ կարող մոռանալ մինչև այս տարվա հունվարի մեկն արած լավությունները։
Հիշո՞ւմ եք նախանցյալ տարի, երբ «Ոզնու» խմբագրությունը կարճատև ընդհատումից հետո ինձ նորից աշխատակցության կանչեց, Դուք չկարողանալով զսպել ուրախությունը, վեր կացաք մի նամակով շնորհակալություն հայտնեցիք խմբագրությանը, շնորհավորեցիք արարքը, քաջալերեցիք, հրահանգեցիք շուտ տպել, շատ տպել և այլ, և այլն։
Պարզ է, որ նման ուրախություն միայն հաճելի ու արժեքավոր բաների նկատմամբ կունենան։ Ո՞վ է տեսել, որ խելքը գլխին մարդն ուրախանա․․․ մկների վրա։
Չեմ մոռանա Ձեր այն ոգևորումը, որ Դուք ցուցաբերում էիք իմ «Գրաբար մարդիկը» լույս տեսնելուց շատ առաջ։
Դուք զորահավաք էիք հայտարարել բոլոր գովասանական բառերի և կազմ ու պատրաստ պահում էիք, որ գիրքս լույս տեսնելուն պես՝ թափեք գլխին։
Իսկ ես, երբ Ձեզ զգուշացնում էի, թե մեր մամուլը իմ մասին զգուշանում է գովասանք տպելուց, Դուք ասացիք․
-Ո՛չ, հիմա իմ դիրքն այնպես է, որ ինչ գրեմ, կտպեն։
Չեմ մոռանա այն օրը, երբ Դուք նվիրեցիք ինձ Ձեր գիրքը, վրան գրված հարգանքի ու մեծարանքի այնպիսի վերամբարձ խոսքեր, որ ներկայիս ամաչում եմ կրկնել՝ չվիրավորելու համար իմ համեստությունը։
Ես Մոսկվայից, Ձեր եղբայր Խորեն Ռադիոյից ստացած ունեմ մի նամակ, ուր ասված է, թե «իմ եղբայր Գուրգենը Ձեզ համարում է Մեծ մարդ»։
Այժմ, ասացեք խնդրեմ, ընկեր Մահարի, ի՞նչն ստիպեց Ձեզ, որ Դուք այսքան «մեծ մարդուց» հանկարծ մի փոքրիկ «մուկ» ծնեցնեք «Երևան» թերթում։
Հավատացնում եմ Ձեզ, որ տարիներով մկան երես չտեսած կատուն անգամ կզգուշանար այսքան «հարգելի» մարդուց «մուկ» ծնեցնել․․․
Հետո՝ չմոռանամ հայտնել Ձեզ նաև հետևյալը։
Դուք շատ լավ գիտեք, որ երևանյան մամուլը հանդես գալու համար ինձ հատկացրել է շատ նեղ, համարյա աննկատելի մի տեղ․ այնքան նեղ, ուր անգամ «մուկ» ծնել հնարավոր չէ, ես ի՞նչ կերպ կարող եմ Ձեր ցանկությունը կատարել, եթե անգամ ցանկանամ ինքս։
Եթե ես էլ Ձեզ նման բոլոր թերթերին աշխատակցելու իրավունք ունենայի և ինչ կամենայի գրեի՝ Ձեր ցանկությունը սիրով կկատարեի։
Ի՞նչ դժվար բան կլիներ այն ժամանակ Ձեզ նման ընկերոջ համար մի չնչին «մուկ» ծնելը․․․
Վերջացնելով նամակս ասում եմ․
Ընկե՛ր Մահարի, մենք երկուսս էլ հասակավոր մարդիկ ենք, և մեր տարիքին չի սազի այլևս թերթերում մուկ ու կատու խաղալ։
Լավ չի՞ լինի, որ մեր արժանիքները հանձնենք պատմության դատաստանին։ «Մուկ» ասաց՝ «մուկ» լինեմ, «կատու» ասաց «կատու» լինեմ․․․
Որովհետև անունս «Լեռ» է անպայման «մուկ» պիտի ծնեմ․․․
Ես շատ «լեռներ» էլ գիտեմ, որոնք մուկ չեն ծնում։
Ես վերջացրի։
Հարգանքներով՝ Լեռ Կամսար
05․01․1961թ․ Երևան
«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
«Երևանի» խմբագրությունը իր թերթի հունվարի մեկի համարում ինձանից «մուկ» ծնեց։
Այն չափով, որքանով ես Գրողների Միության անդամ եմ՝ վիրավորանքը նաև Միության վրա է տարածվում։
Եթե յուրաքանչյուր ոք ազատ իրավունք ունենա Միության անդամներից մի-մի «մուկ» ծնեցնել՝ Գրողների Միությունը ստիպված պիտի լինի կատու պահել՝ նրանց դեմ պայքարելու համար։
Եվ որպեսզի նման բան տեղի չունենա՝ խնդրում եմ ձեզ՝ ձեր թերթի մոտակա համարում տպել՝
ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԵՐԵՎԱՆ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԻՆ
Հարգելի՛ ընկեր․
Մինչ ես գործից միանգամայն անտեղյակ, կուսական վիճակում անկողին մտա Նոր տարվա նախընթաց գիշերը, առավոտ աչքս բանալով, զարմանքով տեսա, որ ինձանից «մուկ» եք ծնեցրել․․․ ձեր թերթում։
Շատ անգութ մի ակտ։
Հավատացնում եմ ձեզ, որ տարիներով մկան երես չտեսած կատուն անգամ նման քայլ չէր թույլ տա իրեն։
Այս առթիվ պատիվ ունեմ հայտնելու ձեզ հետևյալը։
Նախ և առաջ կույսերն այսպես հանկարծակի չեն ծնում։ Նրանց Գաբրիել հրեշտակապետը նախապես «ավետիք» է տալիս։
Երկրորդ՝ մեր մամուլն ինձ այնքան փոքր տեղ է հատկացրել, որ նման տարածության մեջ մուկ անգամ չի կարելի ծնել։
Երրորդ՝ ես որպես մենատնտես գրող՝ չունեմ համայնական գրական արգանդ, որ ով ինչ կամենա ծնեցնի նրանից։
Այս առթիվ Քրիստոսն ասել է․
-Վա՜յ ձեզ, թերթի խմբագիրներ, ովքեր կարող են ձեզ համար «մուկ» ծնել՝ չեք ծնեցնում, իսկ նրանցից, որոնք իրենց կյանքում «մուկ» չեն ծնել՝ ծնեցնում եք․․․
Ես այն հույսն ունեի, որ դուք տեսնելով ձեր կատակի ողջ անհամությունը՝ կխոտանեիք այն և չարաբաստիկ «մուկը» կգցեիք մի սոված կատվի առաջ և դրանով հարցը կփակեիք։ Բայց դժբախտաբար դուք այդ չարիք և «նորածինը» գնալով մեծացավ։
Գուրգեն Մահարին որպես շինաքար մի անիմաստ «Լեռ» էր գցել ձեր թերթում։ Դուք փախանակ դուրս նետելու՝ ինչո՞ւ անմիջապես «Կամսար» դրիք վրան և «մուկ» ծնեցրիք նրանից։ Դուք արդարանում եք նրանով, որ ասում եք․ «Մահարու «Լեռը» և մեր «Կամսարը» տարբեր տառերով տպված լինելով՝ երբեք «Լեռ Կամսար» չի նշանակում»․․․
Բայց դրանով դուք ժխտում եք մեր ողջ շինարարությունը․ որովհետև առանց բացառության մեր շինվող բնակարանների հիմքը լեռ քար է՝ վրան տուֆ։
Բայց եղածն եղած է, ի՞նչ կարող եմ ասել։
Ինձ կմնա միայն համակերպվել ձեր ծնեցրած «մկանը» և մայրություն անել նրան։
Միայն խնդրում եմ ձեզ, «նորածնին» ԶԱԳՍ-ում արձանագրելու կապակցությամբ, ուղարկեք նրա․․․ հայրանունը․․․
Հարգանքներով մնամ՝
Գուրգեն Մահարու «Լեռ»
Ձեր՝ «Կամսար»
12․01․1961թ․
Երևան
Եթե հաշվի չառնենք այս նամակների գեղարվեստական արժանիքներն ու հայ գրականության հարստացման միտումը, կարելի է ասել, որ Կամսարի չարչարանքն ի դերև ելավ։ Ոչ մի թերթ չտպագրեց Կամսարի պատասխաններն այդ չար կատակին։ Եթե Մահարու արածը կարելի է դիտել որպես սուր լեզվի նպատակային սայթաքում, քանի որ լեռ բառն ինքնաբերաբար զուգորդվում է մկան հետ, իսկ Մահարին լինելով խոսքի վարպետ՝ աչքից չէր վրիպեցնի դա, ապա ի՞նչ ասես մի ամբողջական տոտալիտար նենգ համակարգի անդեմ ներքինիներին, որոնք բռնել էին Կամսարի բազուկները և ասում էին․ «Տղե՛րք, բերանը խցել ենք, թևերն ոլորել, մի վախեցե՛ք, զարկե՛ք․․․»։
Մահարին սուր կատակ էր արել, Կամսարն էլ համարժեք պատասխան էր տվել՝ ինչո՛ւ երկու Մեծերի սրախոսություններն էլ անաչառ չտպագրել, որ ժողովուրդն էլ կարդար, ծիծաղեր և անցներ գնար․․․ Այստեղ էլ խոմ քաղաքական տրամադրություններ չկային երգիծաբանի ասածների մեջ, որ աղաղակող ջոկողություն եք արել ա՛յ, ա՛յ, ա՛յ (ի՞նչ ասեմ, որ սիրտս հովանա) ոչնչություններ ․․․
Օգուտն այն էր միայն, որ Մահարին 1961թ․ «Գրական թերթի» թիվ 2-ում հերքում տպագրեց «Իսկականի հետ ճիշտ չէ» վերնագրով՝ մեղքը կիսելով «Երևան» թերթի խմբագրի հետ։ Վերը պատմածս հորս աճպարարության պես մի բան․․․
««Երևան» օրաթերթի այս տարվա N1-ում տպված «Նոր տարվա բառարանում» ես գրել եմ․ «Լեռ․- Պատահել է, որ մուկ է ծնել»։
Այս պարբերությունը տպված է այսպես․-
«Լեռ կամ սար․- Պատահել է, որ մուկ է ծնել»։
Ինչպես տեսնում է ընթերցողը, «ակնարկը» ուղղակի հասցեագրված է տաղանդավոր երգիծաբան Լեռ Կամսարին։ Ես շատ բարձր եմ գնահատում Լեռ Կամսարի անունը, և թույլ չէի տա նրա հանդեպ այդպիսի թեթև կատակ։ «Կամ սար»ը ես չեմ գրել։
Իմ կարծիքով, հարգելի օրաթերթի համապատասխան բաժինը ճիշտ չի խմբագրել իմ գրածը»։
Ահա այսպես ջրվեց պատմության այս էջը՝ եզրահանգումը թողնելով սերունդներին․․․
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել