Լոռու չօգտագործվող հողերը վարձակալության տալու դեպքում համայնքային բյուջեներ կմուտքագրվեր 485 մլն դրամ
Գայանե Սարգսյան
Լոռու մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի մարզային հողային պետական տեսչության կողմից 2016թ.-ին վարչական հսկողություն է իրականացվել Լոռու մարզի թվով 33 համայնքներում: Թվով 4 համայնքի ղեկավարների տրվել են ցուցումներ՝ արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ, ևս 9-ը համայնքի (Դարպաս, Գուգարք, Ուրասար, Լոռի Բերդ, Ջրաշեն, Կուրթան, Յաղդան, Արդվի, Լեռնավան) ղեկավարների նկատմամբ գիոդեզիայի և հողային պետական տեսչության պետի հոկտեմբերի 5-ի թիվ 06 որոշմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առաջարկությունն ընդունվել է վարչական վարույթ:
Համայնքներում արձանագրվել են առանց պետական գրանցման, առանց մրցույթի կամ պայմանագրի հողօգտագործման, հողամասերի տրամադրման կարգի խախտման ու ոչ նպատակային նշանակությամբ օգտագործման դեպքեր:
«Շատ համայնքների ղեկավարներ ասում են՝ մենք գումարները գանձում ենք: Բա որ չտա՞ն, պայմանագիր չունեք, ո՞նց կարող եք մտնեք դատարան»,- անդրադառնալով առանց պայմանագրերի հողօգտագործմանը` նշում է տեսչության պետ Արտակ Օհանյանը:
Մեր դիտարկման հետ, թե առանց պայմանագրերի հողօգտագործման թույլտվությունը հղի է կոռուպցիոն ռիսկերով, տեսչության պետը համաձայն չէ: «Դա բացառվում է, տարբեր տեսակի հսկողություն կա, բոլոր չեկերը կան, բոլորը համարակալված են, այսօր բնակիչն առաջին հերթին պահանջում է իր անդորրագիրը, մարզպետարանի կողմից է վերահսկողություն իրականացվում, ու բացառվում է գումարների յուրացումը»,- նշում է նա:
Վերը նշված համայնքների ղեկավարները կենթարկվեն վարչական պատասխանատվության` իրավունք ունենալով իրենց կողմից վարչական պատասխանատվության ենթարկել օրինախախտ բնակիչներին:
«Վարչական պատասխանատվությունը մենք կիրառում ենք միայն համայնքների ղեկավարների նկատմամբ, նրանք էլ կարող են կիրառել բնակիչների նկատմամբ»,- նշում է Ա. Օհանյանը:
Վերջինիս խոսքով, սակայն, մինչ օրս համայնքապետի կողմից բնակչին վարչական պատասխանատվության ենթարկելու նախադեպ չի եղել:
Պատճառները, ըստ բաժնի պետի, տարբեր են` համապատասխան գիտելիքների բացակայությունից մինչև բարեկամական կապեր:

Արտակ Օհանյանը
2010թ.-ից մարզի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողատարածքները տրվել են համայնքային ենթակայության:
2016թ.-ին վարձակալության տրամադրման համար նախատեսված 66.769 հա համայնքային ու պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի ընդամենը 57 տոկոսն է (38.076 հա) տրամադրվել վարձակալության: Ընդ որում, այս ցուցանիշում պետական սեփականության հողի մասնաբաժինը կազմում է 3.624 հա կամ վարձակալության տրամադրման ենթակա հողերի 49 տոկոսը:
«Այս ցուցանիշը մեզ չի գոհացնում: Համայնքների վարչական տարածքներից դուրս պետական սեփականություն համարվող հողերի ընդամենը 50 տոկոսն է, որ մենք կարողանում ենք տարվա ընթացքում վերահսկել: Այս տարի նպատակ էինք դրել ավելացնել այս ցուցանիշը, բայց չհաջողվեց»,- անկեղծանում է բաժնի պետը` չհաջողելու պատճառների թվում մատնանշելով մարզի 80-ից ավելի համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները, երբ թեկնածուները, կարևորելով կրկին վերընտրվելու գործոնը, թուլացրել են սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը:
Մարզի գյուղատնտեսական նշանակության 251.089 հա հողերից փաստացի օգտագործվում է 79.117 հա-ն: Չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը կազմում են 172.565 հա: Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը 82.384 հեկտար են:
«Մարզի պետական ու համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող բոլոր հողերը վարձակալության տալու դեպքում համայնքային բյուջեներ կմուտքագրվեր 485 մլն դրամ»,- նշում է Ա. Օհանյանը:
Մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից տեսչությունն այս տարի օգտոգործվող հողերի վարձակալության ու գումարների հավաքագրման ցուցանիշը բարձրացնելու հանձնարարական է ստացել:
2016թ.-ին Լոռու մարզի համայքներում նվազել է օտարվող հողատարածքների ծավալն ու համայնքային բյուջե մուտքագրվող գումարի չափը. օտարվել է 16.6 հա հողամաս՝ բյուջե մուտքագրվել 45 մլն դրամ (2015-ին՝ 37.3 հա, մուտքագրվել 78.8 մլն դրամ):
«Բոլոր համայնքները չէ, որ հողամասերը հաճույքով հանում են աճուրդի: Չեմ ասում խոչընդոտում են, բայց անձնական շահագրգռվածություն չեն ուզում դրսևորել` չնայած նրան, որ այդ օտարումներից լուրջ գումարներ կարող են մուտքագրվել համայնքների բյուջե, ինչը կարող է խթան հանդիսանալ համայնքի զարգացման ու տարբեր ծրագրերի իրականացման համար»,- ասում է ոլորտի պատասխանատուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել