Համաձայնագիր՝ գիտատեխնիկական ոլորտի հետազոտությունների զարգացման և ամրապնդման համար
Գործադիրը այսօրվա նիստում հավանության արժանացրեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ «ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրի ստորագրման որոշման նախագիծը։
Համաձայն կառավարություն ներկայացված հիմնավորման` այս համաձայնագրի կնքումը նշանակալի քայլ է` ԱՊՀ անդամ պետությունների գիտատեխնիկական ոլորտում հիմնարար հետազոտությունների զարգացման և ամրապնդման համար:
«Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի զարգացնել և ամրապնդել ԱՊՀ անդամ պետությունների ընդհանուր գիտական տարածությունը, ինչպես նաև համակարգել ԱՊՀ անդամ պետությունների գործունեությունը հիմնարար հետազոտությունների ոլորտում»,-ասված է որոշման նախագծում։
Ինչպես գրված է կրթության և գիտության նախարարությունից ներկայացված տեղեկանքում՝ այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև հիմնարար հետազոտություններ իրականացնող կադրերի մասնագիտական պատրաստման որակի բարելավմանը, ազգային և միջազգային փորձի ուսումնասիրմանը և գիտական կադրերի՝ հատկապես երիտասարդ գիտնականների և մասնագետների շարժունակության զարգացմանը:
Լուսանկարը՝ livescience.com-ի
Մեկնաբանել