HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պատվաստանյութերի ձեռքբերումները 2013-2016-ին․ խախտումներ ու չարաշահումներ

Գյուղատնտեսության նախարարությունը 2013-2016 թվականներին պատվաստանյութերի ձեռքբերման համար յուրաքանչյուր տարի հատկացրել է 594 միլիոն դրամ։ Մասնավորապես՝

2013 թվականին անասունների հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումների համար ձեռք է բերել 9 անուն պատվաստանյութ: Դրա 8 չափաբաժինը նախարարությունը գնել է «Ամասիա» ՍՊԸ-ից, իսկ մեկը՝ «Մուլտի Ագրո ԳԱԿ» ՍՊԸ-ից։

2013-ին պատվաստանյութերի ձեռքբերման 536 միլիոն դրամ է հատկացվել «Ամասիա» ՍՊԸ-ին, իսկ 9 մլն. 420-ը՝ «Մուլտի Ագրո ԳԱԿ» ՍՊԸ-ին։ Ըստ նախարարության տվյալների՝ պատվաստանյութերի ձեռքբերման մրցույթին դիմել է 5 ընկերություն, արդյունքում՝ անցել են երկուսը:

2014-ին ձեռք է բերվել 7 անուն պատվաստանյութ։ Դրանցից 6-ը գնվել է «Ամասիա» ՍՊԸ-ից՝ 99 միլիոն դրամ արժեքով, իսկ արժեքային ամենաթանկ գործարքը կնքվել է «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ի հետ՝ 460 միլիոն դրամով։ Կրկին մրցույթներին դիմել է 5 ընկերություն, անցել են 2-ը:

2015-ին գյուղատնտեսության նախարարությունը ձեռք է բերել 7 անուն պատվաստանյութ։ Կրկին պատվաստանյութերի ձեռքբերման ամենամեծ չափաբաժինները՝ 5 անուն պատվաստանյութեր, գնվել են «Ամասիա» ՍՊԸ-ից, մեկը՝ «Մուլտի Ագրո ԳԱԿ» ՍՊԸ-ից, իսկ մյուսը՝ ԱՁ Կարեն Հայրյանից։

Ինչպես նախորդ երկու տարիներին, 2015-ին ևս պատվաստանյութերի ձեռքբերման բյուջեն կազմել է 594 միլիոն դրամ, դրա 90%-ը՝ 536 միլիոն դրամը հատկացվել է «Ամասիա» ՍՊԸ-ին, 6,4 միլիոնը՝ «Մուլտի Ագրո ԳԱԿ» ՍՊԸ-ին, իսկ 10 միլիոնը՝ ԱՁ Կարեն Հայրյանին։

2016-ի կանխարգելիչ միջոցառումների համար նախարարությունը գնել է 9 անուն պատվաստանյութ։ Այս տարի գնումների գործընթացում ընկերությունների փոփոխություն է տեղի ունեցել: Մասնավորապես՝ պատվաստանյութեր են ձեռք բերվել ռուսական երկու ընկերություններից, որոնց էլ հատկացվել է պատվաստանյութերի ձեռքբերման ամենամեծ բյուջեն.

«Կենդանիների առողջապահության պահպանման կենտրոն» ՖՊԲԿ-ին վճարվել է 252 միլիոն դրամ, «Շչոլկովսկի Բիոկոմբինատ ԴՊՈՒՁ»-ին` 177 միլիոն, «Ագրոխիմպրոմ» ՍՊԸ-ին՝ 54 միլիոն, Ա/Ձ Կարեն Հայրյանին 22 միլիոն, «Ամասիա» ՍՊԸ-ին 1,9 միլիոն դրամ:

Պատվաստանյութերի ձեռքբերման բյուջեի ամենամեծ բաժինը հատկացվում է դաբաղի պատվաստանյութին։ Նախարարությունը մեր հարցմանը ի պատասխան` նաև հայտնել է, որ անցկացված մրցույթների արդյունքում հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունները:

Նշենք, որ օրինակ, «Ամասիա» ՍՊԸ-ից նույն պատվաստանյութը երեք տարի շարունակ չի գնվել նույն գնային արժեքով, մշտապես գնային տատանում է եղել, մասնավորապես՝ խոշոր եղջերավոր կենդանիների և գոմեշների պաստերելյոզ պատվաստանյութի ձեռքբերման համար 2013-ին, մեկ դոզայի համար, վճարվել է 109 դրամ, 2014-ին՝ 135, իսկ 2015-ին՝ 129 դրամ։ Իսկ չորս տարի ձեռք բերվող որոշ պատվաստանյութերի ամենացածր գնային արժեքը արձանագրվել է 2016-ին՝ հիմնականում «Ագրոխիմպրոմ» ՍՊԸ-ից ձեռքբերվող պատվաստանյութերի հաշվին։

Ընկերությունների մասին

2013, 2015 թվականներին մրցույթներում հաղթած «Մուլտի Ագրո ԳԱԿ» ՍՊԸ-ն պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին, որի հիմնադիրն է պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ի տնօրենն ու հիմնադիրը Տիգրան Սահակյանն է։ Ի դեպ, այս ընկերությունը վերահսկիչ պալատի «թիրախում» հայտնվել է մի քանի անգամ, որին կանդրադառնանք ստորև։

«Ամասիա» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը այժմ պատկանում են Գոհար Գալոյանին, սակայն այս ընկերության սեփականատերերն են եղել ռուստատաբնակ գործարարներ, գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող Արմեն և Գոռ Խեչոյան եղբայրները: Ի դեպ, այս տարվա հոկտեմբերի 4-ին ընկերության՝ սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ դիմումն ընդունվել է վարույթ։ 2016 թ․ նոյեմբերի 3-ի տվյալներով` ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 70 միլիոն դրամ։

Իսկ 2016 թվականից ցածր գնով պատվաստանյութեր մատակարարած «Ագրոխիմպրոմ» ՍՊԸ-ն գրանցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Ընկերության տնօրենն ու հիմնադիրը Գագիկ Գասպարյանն է։

Կենդանիների պատվաստանյութերի և լաբորատոր նյութերի ձեռքբերման ոլորտում չարաշահումներ և խախատումներ են հայտնաբերվել

Վերահսկիչ պալատը 2015 թ-ին ուսումնասիրել է Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը և այս ոլորտում բացահայտել չարաշահումներ և խախտումներ։ Վերահսկիչ պալատից մեր հարցմանը պատասխանել էին, որ իրականացված վերահսկողության արդյունքները ՀՀ գլխավոր դատախազության պահանջով ուղարկվել են նրանց։

Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Վերահսկիչ պալատի կողմից 2015թ. իրականացված վերահսկության արդյունքում արձանագրված փաստերի վերաբերյալ ուսումնասիրությունը կատարվել է դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ՝ 2016թ.-ին: Արդեն իսկ ստացված փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել Գյուղատնտեսության նախարարությունից պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր: Այս պահին ևս ուսումնասիրությունները շարունակվում են:

Անդրադառնալով «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրի ուսումնասիրությանը՝ նշենք, որ պալատը բացահայտել է դեպքեր, երբ համայնքների կողմից հաշվարկված անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանել տվյալ համայնքում փաստացի առկա անասնագլխաքանակի մասին տվյալներին:

Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության վարչությունից վերահսկողության ընթացքում պահանջվել են հակահամաճարակային միջոցառումների իրականացման և անհրաժեշտ պատվաստանյութերի ձեռք բերման հաշվարկների վերաբերյալ հիմնավորումներ: Սակայն 2014-2015թթ.-ի համար ներկայացվել են իրարամերժ տեղեկություններ: Դաբաղ հիվանդության նկատմամբ մանր եղջերավոր կենդանիներն ամբողջությամբ չեն պատվաստվում. առկա են եղել համայնքներ, որտեղ մանր եղջերավոր կենդանիների մի մասը պատվաստվում են, իսկ մյուս մասը՝ ոչ։ Վերահսկիչ պալատը եզրակացրել է` այստեղ բացակայում է որևէ տրամաբանություն:

«2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ պահեստում առկա են եղել 35 միլիոն դրամից ավելի և 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 27 միլիոնից ավելի պատվաստանյութեր, ախտորոշիչ և լաբորատոր նյութեր, սակայն դրանք հաշվի չեն առնվել հաջորդ տարվա ծրագրի բյուջեն կազմելու ընթացքում»,- նշվել է ուսումնասիրությունում։

Պատվաստանյութերի ձեռքբերման գնային «քաղաքականությունը»

Գյուղատնտեսության նախարարությունը 2014-2015թթ. ընթացքում ձեռք են բերել 1 միլիարդ 145 միլիոն դրամի պատվաստանյութեր և լաբորատոր նյութեր:

2014թ-ին ձեռք բերված պատվաստանյութերի և լաբորատոր նյութերի 80%-ը բաժին է ընկել «Բիո ՈՒնիվերսալ» ՍՊԸ-ին, 17%-ը՝ «Ամասիա» ՍՊԸ-ին։ Բացի այդ, 2015թ-ին ձեռք բերված պատվաստանյութերի և լաբորատոր նյութերի 95%-ը գնվել է «Ամասիա» ՍՊԸ-ից։

Պալատի ուսումնասիրությունը նաև պարզել է, որ 2014թ-ին դաբաղի պատվաստանյութի մեկ դոզան ձեռք է բերվել 216.5 դրամով, 2015թ-ին՝ 214.4 դրամ, իսկ 2016թ. «Ագրոխիմպրոմ» ՍՊԸ-ն հաղթել է 147.9 դրամով, այսինքն՝ անհամեմատ ավելի ցածր գնով: Սակայն կառավարության որոշման համաձայն հայտարարված գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած` գնման պահանջի դադարման հիմքով: Այնուհետև բանակցային ընթացակարգի միջոցով իրականացվել է գնում՝ դաբաղի պատվաստանյութի մեկ դոզայի համար վճարելով 154.03 դրամ: (Հավելենք, որ այն ձեռք է բերվել «Կենդանիների առողջապահության պահպանման կենտրոն» ՖՊԲԿ-ից)։

Որոշ համայնքներում պատվաստանյութերը պահպանվում են նկուղներում

2014-2015թթ. ընթացքում Գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռք բերված պատվաստանյութերի որակի ստուգում չի կատարվել (Հայաստանում բացակայում են որակի ստուգման համապատասխան լաբորատորիաները): Ըստ վերահսկիչ պալատի՝ նշված փաստը մտահոգիչ է և իր մեջ պարունակում է ռիսկեր:

Գյուղատնտեսության նախարարությունը 2014-2015թթ.-ին ձեռք բերված պատվաստանյութերը (բացառությամբ 2014թ-ին ձեռք բերված դաբաղի պատվաստանյութի) պահպանել է «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի սառնարաններում, իսկ 2014թ.-ին ձեռք բերված դաբաղի պատվաստանյութը պահպանել է Արարատի մարզի Բերքանուշ համայնքի բնակչին պատկանող սառնարանում:

Համայնքներում կատարվել է ուսումնասիրություն, արդյունքում պարզվել է, որ 10 մարզերի համայնքներին տրամադրված սառնարաններից միայն 560-ը և թերմոճամպրուկներից 59-ն են աշխատող, այն դեպքում, երբ Հայաստանում առկա են 1022 անասնաբուժական տեղամասեր, որոնք սպասարկվում են միջինը 603 անասնաբույժի կողմից: Ուստի, միջին հաշվով 462 անասնաբուժական տեղամասեր (1022-560) ապահովված չեն աշխատող սառնարաններով և 43 անասնաբույժներ (603-560) ընդհանրապես ապահովված չեն սառնարաններով:

Կատարված ուսումնասիրություններով նաև պարզվել է, որ որոշ համայնքներում պատվաստանյութերը պահպանվում են նկուղներում, օրինակ՝ Շիրակի մարզի Արևիկ և Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքներում:

Որոշ համայնքներում սառնարաններ չունենալու պատճառով պատվաստանյութերը պահպանվել են անձնական օգտագործման՝ սննդամթերքների պահպանության համար նախատեսված սառնարաններում, ինչի արդյունքում վտանգվում են պատվաստանյութի որակական հատկանիշները:  

2014-ին 460 միլիոն դրամի գործարք կնքած «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ն վերահսկիչ պալատի չարաշահումներ արձանագրած ընկերությունների ցանկում է հայտնվել նաև 2008-2009-ին։ Մասնավորապես՝ 2007թ-ին կնքել է գնման պայմանագիր, որով 2008-2009թթ. հանրապետություն է ներկրել դաբաղի շուրջ 1,2 մլրդ դրամի պատվաստանյութ, որի մեկ դոզայի ձեռք բերման գինը կազմել է շուրջ 45 ԱՄՆ ցենտ, այն դեպքում երբ ՄԱԿ-ի համապատասխան կազմակերպության կողմից մեկ դոզայի ձեռք բերման գինը կազմել է 35 ԱՄՆ ցենտ։

Բացի այդ, պալատը նաև պարզել էր, որ 2008-2010 թվականներին «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ն պատվաստանյութը նախարարությանը վաճառել է ձեռք բերման գնի մոտ կրկնակի արժեքով։

Պետական բյուջեի սղության պայմաններում հիշյալ պատվաստանյութի ձեռք բերման համար 2010թ. հատկացվել է 370,5 մլն դրամ (2008թ.- 542,0 մլն դրամ, 2009թ.- 669,4 մլն դրամ), սակայն մրցութային հանձնաժողովի կողմից գների հսկողության գործում ցուցաբերած թողտվության արդյունքում, պատվաստանյութի 1 դոզայի արժեքի ոչ հիմնավոր բարձրացման պատճառով, նախատեսվել է ձեռք բերել ավելի քիչ քանակի պատվաստանյութ։

Վերահսկիչ պալատի կողմից  Գյուղատնտեսության նախարարությունում կատարված ստուգումներով արձանագրվել է, որ եթե պատվաստանյութը ձեռք բերվեր միջազգային շուկայական գներով, ապա 2008թ. կտնտեսվեր 1 միլիոն, իսկ 2009թ.` 827 հազար դոլարից ավելի գումար։

Այս ուսումնասիրությունից հետո վարչապետի վերահսկողական ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի` հակադաբաղային պատվաստանյութի ձեռք բերման ամբողջ գործընթացի ժամանակ Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու անձանցից կազմավորված հանձնաժողովների կողմից ոչ միայն չեն վերանայվել ձեռք բերվող ապրանքի իրական ինքնարժեքը և ձեռք բերման գինը, այլև արհեստական պայմաններ են ստեղծվել` մրցույթի անցկացման հայտում լրացուցիչ սահմանափակումներ մտցնելով։ Բացի այդ, մրցույթի իրականացումից հետո Գյուղատնտեսության նախարարության ոչ մի պաշտոնատար և պատասխանատու անձ չի կանխել պետական միջոցների անարդյունավետ օգտագործումը, դեռ ավելին` թույլ է տրվել, որ հաղթող կազմակերպության հետ կնքվի գնման գլխավոր պայմանագիր։ Վարչությունը անընդունելի է համարել նախարարության ղեկավարության և պաշտոնատար անձանց կողմից պետական միջոցների ծախսի նկատմամբ նման մոտեցումը։

Թե 2008 թվականի վերահսկիչ պալատի այս ուսումնասիրությունը ինչ արդյունք և հետևանք է ունեցել, մեկ ամսից ավելի է` մեզ չի հաջողվում պարզել, քանի որ գլխավոր դատախազությունը մեր գրավոր հարցումներին պատասխանեց, որ քննված գործը արխիվացվել և ուղարկվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, որտեղից էլ հայտնեցին, որ գործը դատախազության արխիվում է։

լուսանկարը` huffingtonpost.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter