Սամվել Սահակյան. « ԿԲ ղեկավարությունը կա՛մ թաքցնում է նկար տրամադրողին, կա՛մ արդարացնում»
Տարեվերջին «Հետքը» հրապարակեց մի նյութ, որում քաղաքացի Սամվել Սահակյանը ԿԲ-ին մեղադրում էր իրեն առնչվող անձնական բնույթի տեղեկությունները երրորդ անձին տրամադրելու մեջ: ԿԲ-ն չընդունեց քաղաքացու մեղադրանքները, բայց երրորդ կողմ հանդիսացող «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպությունը հայցեց ԿԲ-ի ներողամտությունը բանկի տեսանկարահանման սարքերով ձեռք բերված եւ իրեն տրամադրված տեղեկությունները Սամվել Սահակյանին ուղարկելու համար:
Սամվել Սահակյանը «Հետքի» խմբագրություն է ուղարկել ԿԲ վերջին հայտարարության առնչությամբ իր դիտարկումները, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Կարդացի ԿԲ-ի պարզաբանումը եւ ցանկանում եմ հետևյալ դիտարկումներն անել.
1. ԿԲ-ի պարզաբանման մեջ անընդհատ մեջբերվում է, որ այն օրենքի համաձայն է գործել: Լավ կլիներ կոնկրետ նշել՝ ո՞ր օրենքի հիման վրա է նա գործել, եթե, իհարկե, կա այդպիսի օրենք, որը թույլ է տալիս տարածել ԿԲ-ի տեսանկարահանումը:
2. Իր առաջին պարզաբանման մեջԿԲ-ն գրել էր, թե «Նախաքննության արդյունավետությանը չխոչընդոտելու նպատակով այլ մանրամասներ չի ուզում տրամադրել»: Գործը դեռ գտնվում է քննչականում, և տեղաշարժ չկա: Ինչու՞ հանկարծ ԿԲ-ն սկսեց մանրամասնել: Մի՞թե նրանք ներքին կարգով արդեն գիտեն քննության արդյունքները:
3. «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ-ի գրության մեջ նշված էր, որ ԿԲ է ներկայացել Հրայր Հակոբյանը՝ ընտրված խորհրդի անդամը (Հրանուշ Հակոբյանի եղբոր տղան), սակայն «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ-ի կայքում չկա նման խորհրդի անդամ: Արդյո՞ք ԿԲ-ն տեղյակ է, որ չգրանցված անձ է եկել և ներկայացել որպես ընտրված խորհրդի անդամ:
4. ԿԲ-ն և «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ-ն անընդհատ շեշտում են, որ ես ինչ-որ թաքուն բաներ եմ ցանկանում: Սույնով հայտնում եմ, որ ես ԿԲ-ից՝ որպես կառույց, պահանջում եմ միայն ներողություն, միաժամանակ ցավում եմ, որ ԿԲ-ում երկար տարիներ աշխատած բարձր պրոֆեսիոնալները ստիպված ներքաշվեցին այս տհաճ պատմության մեջ: Իսկ ԿԲ-ի ղեկավարությունը կա՛մ թաքցնում է նկար տրամադրողին, կա՛մ արդարացնում: Մոտ ժամանակներս հանրությունը կծանոթանա նոր փաստերի, որոնցով և կապացուցվի, որ երբ «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ-ի և նրա հիմնադիրների շուրջ 4-5 կասկածելի դրվագ անտեսվում է, ապա դա պատահականություն չէ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել