HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն այցելել է Մեղրիի տարածաշրջան

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց ձորի մարզից մեկնել է Սյունիք` այցն սկսելով Մեղրիի տարածաշրջանից: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացել է Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի 86 կմ հատվածում կատարվող աշխատանքներին:

Ճանապարհի անվտանգության ապահովման նպատակով այստեղ իրականացվում են Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքներ, նախատեսվում է վերականգնել 400 մ հատված, որի համար պետբյուջեից հատկացվել է 98 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվել է, որ աշխատանքները ծրագրում են ավարտել մինչեւ մարտ:

Ա. Գեւորգյանն այնուհետեւ ուղեւորվել է Ագարակ համայնք, որտեղ այցելել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված մշակույթի տուն: Կատարվել են 80,5 մլն դրամի աշխատանքներ, որից 10 տոկոսը ներդրել է համայնքը: Ներկայումս մշակույթի տունը գործում է, ունի հանդիսությունների դահլիճ, մարզասրահ, անհրաժեշտ այլ հնարավորություններ:

Փոխվարչապետը ծանոթացել է կատարված աշխատանքներին եւ ստեղծված պայմաններին` ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացված աշխատանքները եւ կարեւորելով համայնքի մասնակցությունը համայնքային նշանակության ծրագրերին:

Մեղրիի տարածաշրջանում աշխատանքներ են կատարվում նաեւ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Առաջին մասով հատկացված 39,5 մլն դրամով վերանորոգվել է Մեղրիի մշակույթի տան տանիքը, Ագարակի ներհամայնքային ճանապարհների նորոգման համար ծրագրի առաջին մասով հատկացվել էր 39,5, երկրորդ մասով` 40 մլն դրամ: Ծրագրի երկրորդ մասով արդեն ավարտվել է Մեղրիի թիվ 1 բնակելի թաղամասի փողոցի ասֆալտապատումը, նույն ծրագրով 49 մլն դրամ է հատկացվել միջպետական մայրուղու վրա գտնվող Մեղրիի կամրջի վերակառուցման եւ ընդլայնման համար:

Ագարակում Ա. Գեւորգյանն այցելել է նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթացել արտադրական գործունեությանը, ներդրումային ծրագրերին:

ՀՀ կառավարությունը 2009թ. հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրել էր 14 մլն դոլարի կայունացման վարկ: Ձեռնարկության ղեկավարությունը փոխվարչապետին տեղեկացրել է, որ ներդրումային ծրագրերը ներառում են արտադրության արդիականացում, աշխատակիցների որակավորման բարձրացում, ձեռնարկության կազմակերպական կառուցվածքի փոփոխում, ինչպես նաեւ հանքավայրի տեխնիկական վերազինում:

Կոմբինատի արդիականացման համար, որը նախատեսվում է ավարտել 2012թ. առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 20 մլն դոլար: Նշվել է, որ նախատեսվում է նաեւ նոր` մոտ 40 աշխատատեղերի ստեղծում:

Փոխվարչապետին տեղեկացվել է, որ ընթացքում է հարստացուցիչ ֆաբրիկայի` նորագույն ֆլոտացիոն մեքենաներով հագեցված նոր մասնաշենքի կառուցումը, որի աշխատանքները կավարտվեն տարեվերջին: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ արտադրության ծավալները ներկայիս 3 մլն տոննայից 2012թ-ին կհասցվեն մինչեւ 3,5 մլն տոննայի: Ա. Գեւորգյանը շրջայց է կատարել նաեւ նոր մասնաշենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վաղը մարզի ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով փոխվարչապետը խորհրդակցություն կանցկացնի Սյունիքի մարզպետարանում: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ Հասարականության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter