HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիոն ռիսկերը կադաստրում կնվազե՞ն

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն անդրադարձել են Կադաստրի բարեփոխումներին:

Տիգրան Սարգսյան: Պայմանավորվածության համաձայն մենք շարունակում ենք պետական ծառայությունների մոնիտորինգը։ Անցյալ նիստին ես նշեցի, որ քննարկելու ենք նաև կադաստրի կողմից մատուցվող ծառայությունները։ Կադաստրի ղեկավարի մասնակցությամբ մեզ մոտ եղել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկել ենք վերջին տարվա ձեռքբերումները, ինչպես նաև մեր անելիքները։

Կադաստրն այն պետական մարմիններից է, որի հետ առնչվում են հարյուր հազարավոր մարդիկ։ Տարեկան առնվազն 300.000 հոգի առնչվում է անշարժ գույքի գործարքների և կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների հետ։ Մենք պարոն Զախարյանի (ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ) հետ մանրակրկիտ դիտարկել ենք բոլոր ծառայությունները, որոնք մատուցվում են կադաստրի կողմից, ընդ որում' արձանագրել ենք, որ նաև կան տարբերություններ ըստ մարզերի, ըստ ծառայությունների. կան շրջաններ, որտեղ ծառայությունները բավական պատշաճ մակարդակի վրա են գտնվում, և բարեփոխումների ընթացքը ճիշտ են ընկալել և արագ ներդրել են նոր մոտեցումները։

Բայց կան դեռևս տարածքներ, որտեղ այդ ծառայությունների որակը մեզ չի բավարարում։ Այսօր իրավիճակը հետևյալն է. մենք անդրադարձել ենք 4 տիպի գործառույթների, մասնավորապես' առք ու վաճառքի գործառույթների գրանցմանը, միասնական տեղեկանքի տրամադրմանը, չափագրումներին, որոնք իրականացվում են կադաստրի կողմից, ընդ որում' այս չափագրումները 2 գործառույթի ներքո են իրականացվում. առաջինը' երբ միասնական տեղեկանք է տրվում, հասկանալի է, որ դա անհրաժեշտ է, բայց երբ առք ու վաճառքի երկրորդային, երրորդային գործարքներ են իրականացվում, օրենսդրությունը չի նախատեսում, որ այդ գործարքը պարտադիր է, և պարոն Զախարյանն այսօր մեզ կներկայացնի, թե ինչ գործողություններ են պլանավորել, որպեսզի կադաստրի կողմից մատուցվող ծառայություններում մենք կարողանանք կարճ ժամկետում ավելորդ գործառույթները վերացնել, և արդյունքում մեր քաղաքացիները կզգան թեթևացում։ Համեցեք պարոն Զախարյան։

Երվանդ Զախարյան: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, իրոք, կադաստրի մարմիններում որոշակի բացթողումներ կան, և կա քաղաքացիների արդարացի դժգոհությունը։ Ուսումնասիրությունների արդյունքում, ինչպես գիտեք, նախապատրաստվել է կառավարության որոշում, որն ընդունվել է դեռևս 2010 թվականին և նախատեսում է ընդհանրապես կադաստրի մարմինների աշխատանքի ընդհանուր փոփոխություններ, ընդհուպ մինչև կառավարման համակարգի փոփոխություն։ Այդտեղ բավական առաջարկություններ կան և օրենքի նախագիծ է նախապատրաստվել, որը հավանաբար մոտ օրերս կներկայացվի կառավարություն հաստատման, որից հետո' Ազգային ժողով։ Բարեփոխումներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2011 թվականին, և 2012թ. հունվարից արդեն աշխատել բոլորովին նոր ռեժիմով։ Սակայն մինչև 2012 թվականը որպեսզի կոռուպցիոն ռիսկերը ավելի նվազեցվեն և բնակիչների, քաղաքացիների հետ շփումները լինեն ավելի արդյունավետ, պարզ և թափանցիկ, քննարկումներից հետո մենք առաջարկություն ենք ներկայացրել կառավարություն, և հավանաբար այդ առաջարկությունն այսօր նախարարների կոմիտեում կքննակվի։ Ընդհանուր էությունը հետևյալն է. այն չափագրումները, որոնք կատարվում են կադաստրի պետական մարմինների կողմից պետք է հնարավորինս կրճատվեն։

Այսօր չափագրումների իրականացումից և՛ սկզբնային, առաջնային գրանցման ընթացքում, և՛ դրանից հետո, երբ ահրաժեշտ է լինում ցանկացած տեղեկանք, երբ դիմում են քաղաքացիները կադաստրի պետական մարմիններին ստանալու, և այդ տեղեկանքները տրամադրելու նպատակով, կատարվում են լրացուցիչ տեղազննություն և չափագրումներ։ Կադաստրի պետական կոմիտեի առաջարկությունը հետևյալն է. թողնել միայն առաջնային գրանցման ժամանակ չափագրումները և տեղազննությունը։ Մնացած բոլոր դեպքերում չափագրությունները հանվեն օրակարգից, և քաղաքացիներին հնարավորություն տրվի տեղեկանքներն ստանալ կադաստրի պետական մարմիններից միայն գրանցված գույքի շրջանակներում և վկայականների հիման վրա, առանց լրացուցիչ այցելելու տարածքներ, օբյեկտներ և լրացուցիչ չափագրումների։ Սա հնարավորություն կտա աշխատել ավելի թափանցիկ, ազատ և այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք այսօր, իրոք, կան համակարգում վերացնել և ավելի դյուրին դարձնել քաղաքացիների համար աշխատանքը կադաստրի մարմինների հետ։

Տիգրան Սարգսյան - Շատ լավ, այսօր նախարարական կոմիտեում կքննարկվի ձեր առաջարկը և կառավարության հաջորդ նիստում արդեն կընդունվի համապատասխան որոշում։ Մենք պետք է դիտարկենք նաև հետևյալ հարցն արդարադատության նախարարության հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առքուվաճառքի գործարքների առումով բովանդակային պատասխանատվություն կրում է և՛ կադաստրը, և՛ նոտարը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխարհում այդպիսի պրակտիկա չկա։ Կամ մեկը պետք է լինի, կամ մյուսը, իսկ մեզ մոտ երկու մարմիններին էլ օրենքով իրավասություն է տրված բովանդակության համար պատասխանատվություն կրել, ինչն իրականում բարձրացնում է գործընթացի ծախսատարությունը մեր քաղաքացիների համար։ Այս հարցը նույնպես պետք է դարձնենք քննարկման առարկա և նախարարական կոմիտեում պետք է լսենք արդարադատության նախարարության տեսակետը, թե ինչպես պետք է շտկենք այս իրավիճակը, որպեսզի մեր քաղաքացիների բեռը թեթևանա։ Մենք շարունակելու ենք այս մոնիտորինգը, հարգելի գործընկերներ, բոլոր 18 տեսչական մարմինների ղեկավարները պետք է պատրաստեն նմանատիպ առաջարկություններ, ինչպիսիք ներկայացրեց պարոն Զախարյանը, որպեսզի մենք կարողանանք ծառայությունների որակը բարձրացնել։ Խնդրում եմ ձեզ, որ դուք չսպասեք, որպեսզի մոնիտորինգի խումբը բացահայտի ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր։ Դուք ինքներդ նախաձեռնեք, ինքներդ տվեք առաջարկություններ' ինչպես կարող ենք իրավիճակը շտկել։

Մեկնաբանություններ (1)

Gevorg
Xexch u anmex Ervand Zaxaryan.Nra entakaner@ vonc en hamardzakvum cankacac gorcarqum qashqshukner stexcel,kasharqner vercnel u iren bazhin chhasnel?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter