Հայաստանի ամենաանապահով քաղաքը Գյումրին է, մարզը՝ Լոռին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեկ կառավարության նիստին ներկայացրեց 2017 թվականին ընտանեկան և սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ մարզերի։
Կառավարություն ներկայացված փաստաթղթերի համաձայն`սոցիալապես ամենաանապահով բնակչությունը Լոռվա մարզում է, քանի որ այս մարզին են հատկացվել ամենամեծ չափով սոցիալական նպաստի գումարները՝ գրեթե 7 միլիարդ դրամի չափով: Այնուհետև Երևանն է, որին պետական բյուջեով նախատեսվել է տրամադրել 5,7 միլիարդ դրամի սոցիալական օգնությունը։ Սակայն այստեղ պետք է նշենք, որ ի տարբերություն Լոռու մարզի, որտեղ, վիճակագրության համաձայն, հաշվառվել է 90 հազար բնակիչ, Երևանում գրանցվել է 1 միլիոնից ավել բնակիչ։
Գծապատկերից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի սոցիալապես ամենաանապահով 5 մարզերն են՝ Լոռին, Երևանը, Գեղարքունիքը, Կոտայքն ու Արարատը, իսկ ամենաքիչ անապահովը՝ Վայոց ձորը, թեև այն նաև ամենաքիչ բնակչություն ունեցող մարզն է։
Իսկ եթե առանձին դիտարկենք հանրապետության քաղաքների տվյալները, կնկատենք, որ ամենաանապահով քաղաքներն են՝ Գյումրին, Մարտունին, Սպիտակը, Ստեփանավանը և Աբովյանը։
Նշենք, որ 2017-ին առավել շատ տրամադրվելու են ընտանեկան, այնուհետ՝ սոցիալական նպաստներ։
Երևանում ամենից շատ օգնություն կհատկացվի Շենգավիթ համայնքին
Երևանին 2017 թվականի ընթացքում կտրամադրվի գրեթե 5,7 միլիարդ դրամի սոցիալական օգնություն։ Ամենամեծ չափով սոցիալական օգնություն կստանա Շենգավիթը՝ 900 միլիոն դրամի չափով, այնուհետ՝ Մալաթիա-Սեբաստիան և Աջափնյակը։
Երևանում սոցիալական նպաստ ամենաքիչ ծավալով կհատկացվի Նորք-Մարաշ վարչական շրջանին, այնուհետ՝ Դավթաշենին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել