Երևանի քաղաքապետարանը ներկայացրեց 2016թ. աշխատանքների հաշվետվությունը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրեց 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու անդրադարձավ 2017 թվականին նախատեսված ծրագրերին։ Քննարկվեցին հատկապես մշակութային և կրթական ոլորտներում իրականացված միջոցառումներն ու տարվա ընթացքում գրանցված հաջողությունները։
Մասնավորապես նշվեց, որ 2016 թվականին Երևան քաղաքում տեղի են ունեցել շուրջ 100-ից ավել միջոցառումներ՝ մեծ մասամբ բացօթյա։ Հետամուտ լինելով մայրաքաղաքի համաչափ զարգացման ծրագրերին՝ քաղաքապետարանն այս անգամ միջոռացումները կազմակերպել է ոչ միայն Կենտրոն, այլ նաև մյուս բոլոր վարչական շրջաններում։ Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ չնայած «ապրիլյան» դեպքերով պայմանավորված բյուջետային կրճատումներին, որոնք կազմել են շուրջ 85,000,000 դրամ, այնուամենայնիվ, պլանավորված մշակութային բոլոր միջոցառումները որակական և քանակական տեսանկյունից չեն տուժել՝ կրճատվել են միայն մասշտաբները։
Ըստ Արամ Սուքիասյանի՝ 2016 թվականին մեծ ակտիվություն է գրանցվել նաև միջազգային մշակութային համագործակցության ոլորտում՝ բազմաթիվ քույր քաղաքների հետ համատեղ միջոցառումների ու փոխադարձ այցելությունների, ինչպես նաև դեսպանատների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ։
Տեղակալն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարաններին և գրադարաններին։ Մասնավորապես նշվեց, որ 2016 թվականին քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարաններում այցելուների թվի մեծ աճ է գրանցվել՝ մոտ 56,000։ Արամ Սուքիասյանի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ հիմնական գործունեությունից բացի թանգարանները կազմակերպել են տարատեսակ հոբելյանական և թեմատիկ միջոցառումներ ու ցուցահանդեսներ, որոնց թիվը 2016 թվականին հասել է 51-ի։ Բացի այդ, նախորդ տարի թանգարանները համալրվել են 777 նոր ցուցանմուշներով և նորագույն տեխնոլոգիաներով, ինչը նույնպես նոր այցելուների հոսք է ապահովել։
Գրադարանների այցելությունների վիճակագրական տվյալները նույնպես հուսադրող են և արտահայտվում են ոչ միայն ընթերցասերների քանակի, այլև այցելությունների պարբերականության բարձր ցուցանիշներով։ Ներկայացված տվյալների համաձայն՝ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող թվով 19 գրադարաններում գրանցված այցելուների թիվը 2016 թվականին հատել է 650,000-ի շեմը։ Ընդ որում՝ 2016 թվականին գրադարան այցելած ընթերցողների թիվը կազմել է 85,926 մարդ (2015 թկավանին այդ թիվը կազմում էր 70,817)։
Երեք տարի շարունակ իրականացվող գրքերի նվիրատվության ծրագրի շրջանակներում այս տարի ևս գրադարանային ֆոնդը համալրվել է 16,202 կտոր գրքով։ Ստացել են ինչպես գեղարվեստական, օտարալեզու, այնպես էլ մասնագիտական գրականություն, ինչի շնորհիվ հատկապես մեծացել է գրադարաններ այցելող ուսանողների թիվը։
«Հարկ է նշել նաև, որ հրաշալի մի ծառայություն է արդեն գործում մեր գրադարաններից մեկում, ըստ որի՝ աշխատակիցները հնարավորություն ունեն տնայց կատարելով՝ գրքեր տանել թոշակառուներին, հաշմանդամ մարդկանց և տասնհինգօրյա ժամկետի ավարտից հետո հետ վեցնել։ Սա նոր ձևավորված երևույթ է և, կարծում եմ, շահեկան»,-ընդգծեց Արամ Սուքիասյանը։
Երաժշտական ու արվեստի դպրոցների գործունեության շրջանակներում ևս բազմաթիվ փոփոխություններ են գրանցվել։ Քաղաքապետարանի կողմից 234,000,000 ՀՀ դրամի ֆինանսական աջակցության շնորհիվ 2016 թվականին հիմնանորոգվել է 7 արվեստի դպրոց, ընդ որում՝ առաջին անգամ երաժշտական դպրոցներին 18 տեսակի 154 կտոր երաժշտական գործիք է նվիրաբերվել։
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաև Երևանի կենդանաբանական այգին, որի զարգացումը քառամյա ծրագրի մաս է կազմում։ Այս պահին մոտ 140 տեսակի թռչուններով և կենդանիներով համալրված կենդանաբանական այգին քաղաքապետարանը նպատակ ունի դարձնել տարածաշրջանում լավագույնը։ Նախորդ տարիներին սկսված վերանորոգման աշխատանքները, որոնց համար 2016 թվականին ներդրվել է 286,000 000 ՀՀ դրամ, պլանավորվում է ավարտին հասցնել 2017 թվականին։
Կրթության ոլորտում առկա ամենամտահոգիչ խնդիրներից քաղաքապետի տեղակալը հատկապես առանձնացրեց կրթական հաստատություններում ջեռուցման և հիմնանորոգման հարցերը։
Նրա խոսքեր՝ արվել է հնարավորը՝ բոլոր դպրոցներն անխափան ջեռուցման համակարգով ապահովելու համար։ Սակայն, որոշ դպրոցնորում, որոնց համակարգը չի համապատասխանում անհրաժեշտ պայամններին, հարկ է լինում կիրառել էլեկտրական սալիկներ։ Ըստ նրա՝ այս խնդիրը կապված է հանրակրթական ոլորտում առկա մեկ այլ խնդրի՝ կրթական հաստատությունների շենքերի հիմնանորոգման անհրաժեշտության հետ։
«Սա մեր հանրակրթական ոլորտի թերևս ամենախոցելի խնդիրներից մեկն է։ Հարցը քննարկվել է կառավարության համապատասխան վարչություններում, և հուսով եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք իրականացնել մի շարք դպրոցների վերանորոգումը»,-ընդգծեց Արամ Սուքիասյանը։
Խոսելով 2017 թվականի նախագծերի մասին՝ քաղաքապետի տեղակալը նշեց, որ արդեն իսկ պլանավորված աշխատանքներ են տարվում մի շարք ինչպես ավանդական դարձած, այնպես էլ նոր մշակութային միջոցառումների իրականացման ուղղությամբ, որոնք դուր կգան ոչ միայն երևանցիներին, այլև քաղաքի հյուրերին։ Մշակութային միջոցառումների համար նախատեսված տարեկան բյուջեն այս տարվա համար կազմում է 320 մլն դրամ։
Քրիստինա Պողոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել