HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Շիրխանյան. «Վերադասից ինձ մոտ ուղարկված բոլոր բժիշկները կատարել են ինձ առողջ հայտարարելու պատվերը»

Արաքս Մամուլյան

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով դատական նիստին  ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը դարձյալ չէր մասնակցում, սակայն կալանավորն  իր փաստաբան Հայկ Ալումյանի միջոցով նամակ- հայտարարություն էր ուղարկել դատարան:

«Չորրորդ անգամ հայտնում եմ, որ մեկուսարանում ձեռք բերված բազմաթիվ ծանր հիվանդությունների բուժման համար 17 տեսակի 4000-ից ավելի հաբեր խմելուց հետո զրկվել եմ տեղաշարժվելու, ուղիղ նստելու կարողությունից: Ստացել եմ թոքերի ինֆարկտ, ուզում եմ մասնակցել դատական նիստին, քանզի անխուսափելիորեն պարզվելու է, որ ինձ ներկայացված մեղադրանքները շինծու են ու պատվերով, սակայն ՔԿՀ-ն մերժում է ինձ պատգարակով, սայլակով տեղափոխել՝ միտումնավոր ձախողելով նիստերին ներկայանալս:

Միտումնավոր մերժվել են նաև ինձ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջները, միջնորդությունները՝ վախենալով, որ հանկարծ կբացահայտվեն առողջ մարդուն հաշմանդամ դարձելու միտումնավոր գործողությունները: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ ես կարող եմ մասնակցել դատական նիստին, սակայն միայն պառկած կամ կիսապառկած վիճակում... հունվարի 25-ից  դադարել եմ  ընդունել բոլոր դեղերը, այդ թվում՝ հակաթրոմբային, քանի որ վերադասից ինձ  մոտ ուղարկված բոլոր բժիշկները կատարել են ինձ  առողջ հայտարարելու պատվերը»,- Շիրխանյանի հայտարարությունն ընթերցեց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող  Վ․Շիրխանյանն արդեն տևական ժամանակ է, պնդում է, որ առողջական խնդիրների պատճառով առանց պատգարակի չի կարող ներկայանալ դատարան, իսկ «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկը, որտեղ նա պահվում է , շարունակ դատարան է ուղարկում նույնաբովանդակ գրություններ այն մասին, որ Շիրխանյանի առողջական վիճակը  նրան թույլ է տալիս ՔՀԿ-ից առանց պատգարակի դատարան ներկայանալ, սակայն վերջինս հրաժարվում է դուրս գալ խցից:

Դատավոր Բեկթաշյանը

Մի քանի դատական նիստ Շիրխանյանի բացակայության հիմքով հետաձգելուց հետո զինված խմբի գործով դատավոր Արմեն Բեկթաշյանը նախորդ նիստին որոշում էր կայացրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից պահանջել Վ․ Շիրխանյանի բժշկական բոլոր փաստաթղթերը:

Այսօրվա նիստին, սակայն, փաստաթղթերն ամբողջությամբ չէին ներկայացվել: ՔԿՀ-ն դատարանին գրությամբ հայտնել էր, որ Վահան Շիրխանյանի ամբուլատոր քարտը բաղկացած է 179 էջից, և հնարավոր չէ սեղմ ժամկետում դրանից քաղվածքներ կատարել, ուստի դատարան է ուղարվում միայն  33 էջ փաստաթուղթ:

Գրության մեջ ՔԿՀ-ն նշել էր շուրջ տասնյակի հասնող հիվանդություններ, որոնց դեմ Շիրխանյանը դեղորայքային բուժում է ստանում ու ընդգծել, որ մինչև այս պահը որևէ բժիշկ կալանավորի համար անկողնային ռեժիմ չի սահմանել՝ չնայած նրա պաշպան Հայկ Ալումյանը հակառակն  է պնդում:

Այս գրությունը մեղադրող դատախազին հերթական անգամ առիթ տվեց պնդելու, թե Շիրխանյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ:

«Փաստաթղթերից երևում է, որ ապահովվել է Վահան Շիրխանյանի՝ առողջության պահպանման իրավունքը, նա գտնվում է բավարար վիճակում՝ նիստին մասնակցելու համար: Նկատի ունենալով, որ արդեն չորրորդ դատական նիստն է՝ Շիրխանյանը չի ներկայանում դատարան, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք  է դրսևորում,  միջնորդում եմ  քննարկել նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը»,- դատարանին դիմելով ասաց դատախազ Գևորգ Սարգսյանը:

Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հակադարձեց. ըստ  պաշտպանի՝  դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում ոչ թե Վահան Շիրխանյանը, այլ քրեակատարողական հիմնարկը:

«Դատարանը որոշում է կայացրել ՔԿՀ-ից պահանջել Շիրխանյանի  բոլոր բժշկական  փաստաթղթերի պատճենները, սակայն Քրեակատարողական հիմնարկն  իրեն իրավունք է  վերապահել վերախմբագրել պահանջը, և ուղարկել ոչ թե անկետաների պատճեններն, այլ այդ անկետաներից քաղվածքներ, ըստ որում՝ դա ևս այս պահին անել չի կարող, դրա համար ևս ժամանակ է պահանջում»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է նաև հերթական անգամ սուտ տեղեկություններ պարունակող գրություն ուղարկելը:

Փաստաբանը դատարանին հանձնեց Շիրխանյանին հետազոտած նյարդաբան Բաբաջանյանի տված եզրակացությունը, որում Բաբաջանյանը ցուցում  է տալիս Շիրխանյանի առողջական վիճակի բացասական դինամիկան հաշվի առնելով՝ նրա բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում:

«Սա գրված է ՔԿՀ այն անկետայի  մեջ, որն իրենք հանդգնում են ձեզ չտալ»,- դատարանին  դիմելով ասաց Հայկ Ալումյանը և պահանջեց  հետևողական լինել, ՔԿՀ-ից պահանջել բոլոր փաստաթղթերն, այլ ոչ թե դրանց վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և բանտապետի մեկնաբանությունները:

Դատարանը դատական նիստը դարձյալ հետաձգեց և նշանակեց 2017-ի փետրվարի 17-ին, որից հետո դատարանում լարված մթնոլորտ ստեղծվեց:

«Հիմա դուք հետաձգում եք նիստը, որ հաջորդ նիստին ի՞նչ անենք: Դատախազը խոսեց Շիրխանյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին, իսկ ես խոսում եմ ձեր կողմից մեր բոլորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին»,- դատարանին դիմելով՝ ասաց գործում ներգրավված փաստաբան Հովիկ Արսենյանը: Վերջինս նշեց, որ դատավորն ի վերջո պետք է քայլեր ձեռնարկի՝ դատական նիստերի բնականոն ընթացքն ապահովելու համար:

«Այս ամենի նպատակը միայն վախի մթնոլորտ ստեղծելն է, որ հասկանանք, որ բոլորին են դատում Հայաստանում՝ մանուկից բռնած՝ մինչև ծեր, հիվանդ»,- դատական նիստի դահլիճում սկսեց  բղավել այդ գործով որպես ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը:

Դատավորը նշեց, որ ինքը չունի կալանավայրում գտնվող անձին բերման ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք:

Գլխավոր լուսանկարում Արթուր Վարդանյանն է

Մեկնաբանություններ (1)

Ա․
Ինչպես ինքն է ժամանակին մարդկային ճակատագրերի հետ խաղացել, այնպես էլ իր հետ են վարվում։ Բոլորի հերթն էլ մի օր կհասնի, չի ուշանա։ P. S.Վերաբերվում է բոլորիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter