«Օֆշորի գործով» ցուցմունք տվեց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը
Ամալյա Մարգարյան
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «օֆշորի գործով» դատավարությունը: Վկայությամբ հանդես եկավ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանը նշեց, որ բանկը գույքի բռնագանձման մասին վարկառուին և գրավատուին չի զգուշացրել, չի ծանուցել, գույքն օտարվել և բռանագանձվել է առանց կողմերի իմացության: «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, հակադարձելով փաստաբանի խոսքերին, ասաց. «Ես համոզված եմ, որ Փայլակ Հայրապետյանը տեղեկացված է եղել բռնագանձման և գույքի օտարման մասին»։ Ապա պատասխանելով դատավորի այն հարցին, թե ի՞նչ կարգ է սահմանվում բռնագանձման ժամանակ, ավելացրեց, որ որևէ կարգ չկա: «Ամերիաբանկի» վարչաիրավական և դատական ծառայության ղեկավար Արման Մարտիրոսյանը, որը փաստաթղթերում կազմված իրավական դրույթները պարզաբանելու համար վկայի հետ ներկայացել էր դատարան, հավելեց. «Բանկը երկու ամիս առաջ պետք է բռնագանձման մասին ծանուցի, ինչից հետո սեփականության իրավունքի փոխանցումը ակտուալ է դառնում, այսինքն` գրավադրված գույքը դառնում է բանկի սեփականությունը»:
Լուսինե Աղլամազյանը ներկայացրեց, որ վարկառուն վճարել է 1 մլն 300 հազար դոլար գումար, բայց բանկի ղեկավարի և աշխատակիցների համար պարզ չէր գումարի չափի մասին ինֆորմացիայի աղբյուրը, ուստի հետաքրքրվեցին` արդյոք կա՞ քաղվածք կամ մուտքի օրդեր: Լ․ Աղլամազյանը նշեց, որ այդ գումարի չափի մասին անգամ գրված է Աշոտ Սուքիասյանի մեղադրական եզրակացության մեջ:
Պարզաբանելուց հետո բանկի աշխատակիցները և ղեկավարը նշեցին, որ ներկայացված գումարի չափը ներառում է նաև տոկոսադրույքը, որը վարկը տրամադրելու համար ծառայության արժեքն է:
Լ․ Աղլամազյանի այն հարցին` ինչու՞ են գրավադրած գույքը օտարել լիկվիդացիոն գներով, ոչ թե շուկայական արժեքով` Ա․ Հանեսյանը պատասխանեց. «12 մլն դոլար է եղել վարկի նախնական չափը, գրավադրվել են բոլոր անշարժ գույքերը, քանի որ վարկը ռիսկային է եղել: Մեր կողմից ամբողջ գումարը տրամադրելու պարտավորություն չի եղել, դա գրված է պայմանագրում, նույն պայմանագրով նշած է, որ եթե ամբողջությամբ չի տրամադրվում վարկը, բանկը կարող է չազատել գույքերը գրավադրումից»:
Բանկի աշխատակիցները նշեցին նաև, որ «Ձորագյուղ» ԱԿ-ի սնանկ ճանաչվելուց հետո դադարեցվել է տույժ-տուգանքների հաշվարկը: Ըստ նրանց` անշարժ գույքը գնահատվել է անկախ գնահատող կազմակերպության կողմից, աճուրդն էլ իրականացրել է համապատասխան մարմինը:
Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը հետաքրքրվեց` ինչու՞ է տրամադրված վարկի տոկոսադրույքը 12 տոկոսից հասել 15-ի, և «ի՞նչ մեղք է գործել», որ նախատեսած 12 մլն-ից 1 մլն 300 հազար դոլար վարկը չեն տրամադրել, եթե ինքը եղել է պատշաճ վարկառու և մեկ տարվա մեջ ունեցել 25 մլն դոլարի շրջանառություն:
«Եթե պայմանագրով սահմանված ժամկետում կա ժամկետանց գումար, ապա վարկառուն պատշաճ չի համարվում: Վարկը ժամկետանց է եղել, այդ պատճառով լրացուցիչ գումար չի տրամադրվել»,- պարզաբանեց Ա. Հանեսյանը:
Աշոտ Սուքիասյանն էլ հայտնեց, որ 1 մլն 300 հազար դոլար գումարը չտրամադրելուց հետո է սկսել վարկը չմարել, քանի որ այդ գումարն իրեն հարկավոր է եղել սարքավորումներ ձեռք բերելու, բիզնես կենտրոններ բացելու, աշխատատեղեր ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ը «Ամերիաբանկ»-ից մաս-մաս ստացել է 10 մլն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ` տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանից ստացած լիազորագրերի հիման վրա ու Փայլակ Հայրապետյանին ու իր ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գրավադրելով:
«Հետքի» հետ զրույցում Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Լ. Աղլամազյանը մեկնաբանեց, որ բանկի տրամադրած փաստաթղթերում թյուրիմացություններ են առաջացել. «Բանկի կողմից տրամադրված գրության մեջ պարատավորությունները կազմում են 2 մլն 562 հազար դոլար, որը պետք է վճարեր «Ձորագյուղ» ԱԿ-ը, մեկ այլ գրության մեջ նշված է, որ վաճառվել է 2 մլրդ 88 մլն 500 հազար դրամ արժեքով գույք, որը թյուրիմացաբար կարծիք է առաջացրել, որ պարտավորություններն ամբողջությամբ մարված պետք է լինեին: Բացի այդ, նշվել է նաև, որ վարկառուն մարել է 1.3 մլն դոլարի չափով գումար, այսինքն` որպես պարտավորություն մնացել է 520 հազար դոլար, բայց, ինչպես նկատեցինք, բանկի համար դա զարմանալի թիվ էր, բանկի ղեկավարը չպատասխանեց նաև, թե ինչպես է 12 տոկոսը դարձել 15 տոկոս և ինչքան է կազմել գույքերի բռնագանձման չափը»:
Լ․ Աղլամազյանը նշեց նաև, որ բանկը չի հայտնել, թե բռնագանձված գումարն ինչպես է բաշխվել:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար:
Լուսանկարում` աջից Աշոտ Սուքիասյանն է
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել