
Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի «ՍԱՍ»-ում
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ոչ պարենային ռիսկերի գնահատման նպատակով շուկայում իրականացրել է դիտարկումներ մի շարք ոլորտներում, այդ թվում` օծանելիքակոսմետիկական արտադրանքի: Դիտարկումների արդյունքների հիման վրա օծանելիքակոսմետիկական արտադրանքի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն ընդգրվել են Տեսչական մարմնի կողմից 2017թ. թվականի ստուգումների տարեկան ծրագրում, այդ թվում` «ՍԱՍ-Գրուպ» ՍՊ ընկերությունը: Այս մասին, «Հետք»-ին տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
Հիշեցնենք` «Հետք»-ը հոդված էր հրապարկել «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում վաճառվող, «exclusive» գրառմամբ մակնշված մի քանի ապրանքների վերաբերյալ:
Մասնավորապես, անդրադարձել էինք «exclusive» գրառմամբ շամպուններին, որոնց վրա չկա հայերեն մակնշում, ժամկետների վերաբերյալ որևէ տվյալ: Հոդվածում նշված շամպունը, որը «exclusive» գրառմամբ վաճառվում է «ՍԱՍ»-ում, ապրանքային նշված տեսքով բացակայում է արտադրող ընկերության պաշտոնական կայքէջում ներկայացված ապրանքացանկից:
Ավելացնենք նաև, որ կապվել էինք նշված շամպունն արտադրող ընկերության` տարածաշրջանում պաշտոնական ներկայացուցչի հետ, ով հերքել էր «ՍԱՍ» սուպերմարկետի հետ համագործակցությունը` նշելով, որ Հայաստանում ունի այլ պաշտոնական ներկայացուցիչ:
Ինչ կպարզի նախարարության տեսչական մարմինը, դեռևս դժվար է ասել: Պատասխանի մեջ որոշակի չէ կատարվելիք ստուգումների հստակ ժամկետը:
«Տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից բարձրացված հարցերը հաշվի կառնի «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում ստուգումների իրականացման ընթացքում»,- պատասխանն ամփոփել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը:
Մեկնաբանել