Տաք թեյ և կերակուր՝ անօթևաններին
Երկու օր առաջ անօթևաններին օգնել ցանկացող «Մի բաժակ ջերմություն» նախաձեռնության անդամները շրջել են երևանյան մի քանի փողոցներով՝ փնտրելով անտուն մնացած մարդկանց՝ տաք թեյ և կերակուր փոխանցելու համար։
Նման նախաձեռնության գաղափարը գերմանաբնակ Արփի Աթաբեկյանին է։ Ասում է՝ Բեռլինում՝ Սուրբ ծննդյան օրը, մի տղա ինքնուրույն կերակուր էր պատրաստել՝ անօթևաններին բաժանելու համար և ինքը, ինչպես նաև` մի քանի հոգի, նրան օգնել են՝ այն բաժանելով մետրոների մուտքի մոտ գտնվող մարդկանց, անտուններին։
«Երբ Հայաստանում՝ հունվար ամսին, ցրտահարությունից մահացածության դեպքեր եղան, իմ մոտ ծագեց մարդկանց գոնե մի փոքր օգնելու, մի բաժակ թեյ կամ սուրճ տալու միտքը։ Իհարկե, շատ փոքր է, բայց գոնե ժամանակավոր մի բան է։ Որոշեցինք փոքր քայլերից սկսել, ու Երևանի հիանալի ընկերների պատրաստակամության շնորհիվ ստացվեց։ Առաջին քայլն արվեց», - ասում է նա։
Նախաձեռնության մյուս անդամներից Սիրանուշ Հովակիմյանը «Մի բաժակ ջերմության»-ը միացել է Արփիի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով: Այնուհետ նրանց միջոցով ստեղծվել է խումբ, որտեղ ծրագրվել են անօթևաններին օգնելու քայլերը: Իսկ արդեն երկու օր առաջ նախաձեռնության անդամները կատարել են իրենց առաջին այցը անօթևանների հասցեներով:
«Ամսի 26-ին ֆեյսբուքյան իվենթում ու մեզ մոտ եղած հասցեներով այցելեցինք նրանց, բաժանեցինք տաք թեյ, քաղցրավենիքներ, հաց, բրդուճներ և հետաքրքրվեցինք, թե ինչի կարիք ունեն այդ մարդիկ, որպեսզի հաջորդ այցերի ժամանակ փորձենք ապահովել նաև այդ պարագաներով», - ասում է նա։
Այդ օրը նախաձեռնության անդամները այցելել են չորս անօթևանի, Սիրանուշի խոսքով՝ առաջին անօթևանը երիտասարդների այցին և օգնությանը արձագանքել է կտրուկ կերպով, սակայն րոպեներ անց, ինչպես մյուս անօթևանները, այնպես էլ նա, բարեհամբույր վերաբերմունք է ցուցաբերել՝ հասկանալով նրանց այցի նպատակը:
Ժամեր առաջ ևս նախաձեռնության մյուս անդամներ Սեգն ու Մայրանուշը թերմոսներով տաք թեյ, մրգեր, մեղր, ընկույզ, չամիչ են բաժանել Կոմիտաս և Բարեկամություն փողոցների շրջակայքում բնակվող 5 անօթևաններին։
«Հաջորդ այցերի ընթացքում քաղաքի նոր կետեր ենք այցելելու, բայց սա ավելի շատ հնարավորություն է՝ մարդկանց ուշադրությունը խնդրի վրա սևեռելու, որպես օրինակ ասելու, որ ցանկացած մարդ, եթե տեսնում է կարիքավոր մարդու, կարող է անձամբ էլ օգնել, սննդով կամ այլ ձևով», - ասում է նա։
Նախաձեռնությանը միացել է նաև մի սրճարան, թեյի և սուրճի մասնագիտացված խանութներից մեկը՝ անվճար թեյ տրամադրելով, իսկ անօթևաններին տրամադրվող մնացած օգնությունը ձեռք է բերվում նախաձեռնության անդամների դրամական միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ գրել էինք, որ պետական ոչ մի կառույց տեղյակ չէ, թե քանի անօթևան կա երկրում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել