HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես համազգային բանակին անդամագրվելու քայլ արեցին նաև ծպտյալ հայերը

Ապրիլի 3-ի երեկոն էր: Մեկ ամբողջ օր պատերազմը շարունակվում էր սահմանին, թշնամին որոշ տեղերում հասել էր հարաբերական հաջողությունների, մենք զոհեր ունեինք:

Գործընկերներիս հետ Արցախի սահմանային բնակավայրերից մեկում էի, երբ ռուս մի քանի լրագրողների հետ վիճաբանություն սկսվեց իրավիճակը  հանրությանը ներկայացնելու հարցի շուրջ: Ռուսները փորձում էին հնարավորինս խուճապային, մութ գույներով ցույց տալ ամեն ինչ, Հադրութում նույնիսկ հարցազրույց էին վերցնում մի վախեցած տատիկից ու համոզում կրկնել իրենց ասածը, իբր մենք նահանջում ենք, քաղաքի բնակչությունը փախչում է:

Այսպիսի դեպքերում մի կողմ ես թողնում լրագրողական չեզոքության կամ անկողմնակալության դասերը և արթնացնում հայ լինելու սկզբունքները: Օտարազգի լրագրողները փորձում էին արդարանալ, թե իրենք հանձնարարություն են կատարում և ընդհանրապես նպատակ չունեն վնասել մեր շահերին, իրենց լրատվամիջոցի գույնն է այդպես պահանջում՝ դեղին մամուլ: Հետո օտար լրագրողները նաև փորձեցին համոզել, թե իրոք մենք վատ վիճակում ենք, ունենք մեծ թվով կորուստներ, տարածքներ են գրավել ադրբեջանցիները, իսկ հայկական բանակը որևէ հաջողություն չի արձանագրել, չկան համալրումներ, ռեսուրսները շատ արագ կսպառվեն:

Ռուս գործընկերները հավանաբար չէին կարող գիտակցել, թե ինչ ներուժ ունի հայ ժողովուրդը, թե ինչպես կարող է ճգնաժամային պայմաններում համախմբվել, մոռանալ ներքին պառակտումները և մեկ մարդու պես սահման գնալ, կանգնել զինվորի կողքին: Զինվորը, սակայն, սահմանին ամենևին թուլացած չէր:

Արցախի կենտրոնական հատվածում որպես հրետանավոր ծառայող Վահե անունով մի սերժանտ աննկարագրելի սիրով էր վերաբերվում իր «Հաուբից»-ին, ասում էր. «էսօր գազանս քանի անգամ նշանակետին կպավ...»։

Հարավում դաժան էին մարտերը, բայց շարքային Մհերի բառերը չեմ կարող մոռանալ.«ծառայում ենք էլի, սրանցից վախենալ չկա, մի օր շատ կկրակեն, էլի կստանան պատասխանը, կամ հետ կգնան, կամ կմնան, կփտեն էս դիմացի դաշտում...»:

Առաջնագիծն ամեն օր կամավորներով էր համալրվում, գալիս էին ամենատարբեր վայրերից, հեռավոր Սփյուռքից: Բոլորի աչքերի մեջ կռվելու կրակ կար:

Ապրիլի 4-ի երեկոյան զանգ ստացա Թուրքիայից: Ավելի կոնկրետ՝ Արևմտյան Հայաստանի մեր հայրենակից, Ֆիքրեթ անունով մի երիտասարդ տղա էր զանգում: Ողջույնի ու առաջին մեկ-երկու բառ փոխանակելուց հետո հարցրեց. «Մենք այստեղ 10 հոգի ենք: Իրանով ավելի մոտ կլինի՞, թե՞ Վրաստանով...»:

Հայկական բանակի շարքերը համալրելու ցանկություն ու կամք ունեին նույնիսկ Արևմտյան Հայաստանի երբեմնի ծպտյալ սասունցի ու մշեցի հայերը, և դա էր համազգային բանակ դառնալու փաստը:

Նաիրի Հոխիկյան

Լուսանկարը՝ Անահիտ Հայարպետյանի

Մեկնաբանություններ (1)

Նաիրի Հոխիկյան
Հրակ անունով ընթերցողի մեկնաբանություն-կոչը կարդալով՝ ջայլամի հայտնի պատմությունն եմ հիշում: Գլուխը թաղել ավազների մեջ և այդկերպ կրավորական կյանքով ապրել: Իհարկե, հարգելի Հրակ, կարող են վտանգներ սպառնալ նաև երբեմնի ծպտյալ հայերին, բայց ինչպես Դուք եք ասում՝ ռոմանտիկ զգացականությունը հատուկ է հենց Ձեր տողերին: Ձեր կարծիքով ի՞նչ են լինելու ժամանակակից Թուրքիայում ապրող մեր հայրենակիցները, եթե շարունակեն թաքցնել ազգային ինքնությունը: Նրանց մեծ մասն արդեն վերջնական կորցրել է այն և դարձել թուրք կամ քուրդ (ինչպես որ բազմահազար սփյուռքահայեր հիմա ամերիկացի, եվրոպացի կամ ռուս են՝ զուրկ ամեն տեսակ հայկականությունից): Ձեր նշած զգուշավորությունը ընդամենը վախ է, ուրիշ ոչինչ, իսկ այն, ինչ գրված է իմ հեղինակած հրապարակման մեջ, ոչ միայն ամբողջական իրականություն է, այլև գործընթաց, որը շարունակական է: Մարդիկ վերադառնում են ազգային ինքնության՝ առանց վախենալու թուրքական հնարավոր սպառնալիքներից: Թող վախենան նրանք, որոնք հեռվում համակարգիչների առաջ նստած մեծ հայրենասիրությունից են խոսում, առանց կոնկրետ գործի, իսկ այս մարդիկ գործ են անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter