HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անգլիական ուրվականները» «Նուբարաշեն» բանտում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ասես անգլիական դղյակների հազարամյա ուրվականներից վախենում, սարսափում են, երբ լսում են «Նուբարաշեն» բանտի 5-րդ հարկի`ցմահների բաժնի մասին:

... Վերջերս մեր հարկում անսովոր շարժ է նկատվում`ձայներ, գոռոցներ, ինչ-որ ընդունելություններ: Հեռուստացույցով տեսա, որ մի քանի կալանավորներ, ովքեր պահվում էին  առաջին հարկում, ինքնավնասումներ են արել`երակներ բացել, նույնիսկ կոկորդ կտրել: Այս մարդկանց տեղափոխել էին «Էրեբունի» հիվանդանոց:

Ի՞նչն էր պատճառը: Առաջին հարկը, բոլորն էլ գիտեն՝ զարհուրելի վիճակում է: Ահավոր խոնավ է, գարշահոտ, հավանաբար այն պատճառով, որ կիսով չափ խրված է ճահճահողի մեջ: Այս մասին բարձրաձայնել են նաև մի շարք իրավապաշտպան մարմիններ: Եվ ահա վերջապես որոշվել է այդ հարկը փակել: Իմացա, որ առաջին հարկի «բնակիչների» դժգոհությունը ցմահների բաժին`«Նուբարաշենի» վերին բնակելի հարկ`«լյուքս» հատված տեղափոխելն էր:

Հսկիչներից մեկը, երբ գնում էի աշխատասենյակ`դասերս անելու ու այս նամակը գրելու, ասաց.

-Մհե՛ր, ցմահների բաժինը բանտում ամենահանգիստն ա. հազվադեպ ա դժգոհություն, աղմուկ լինում:

-Ամեն դեպքում, կալանավորները խուսափում են 5-րդ հարկից, մարդիկ իրենք իրենց վնասել են, որ վերև չբարձրանան-ասացի ես:

Դեռ սովետական ժամանակներից այս հարկը ասոցիացվել է մահվան հետ: Իսկ պատերը հիշողություն ունեն:

Նախորդ դարի 90-ականներին մահապարտժի դատապարտվածների խցերն այստեղ ընդամենը հինգն էին, մնացած 15 խցերում այլ բանտարկյալներ էին: 90-ականների սկզբին, մի խցում նույնիսկ կին կալանավորներ էին պահվում, որոնց հետո «Աբովյան» գաղութ էին տեղափոխում: Հնաբնակները պատմում են, որ այդ ժամանակ երկու «մահապարտ» կարողացել են դուրս գալ խցից, մոտեցել են կանանց խցին, երկար զրուցել նրանց հետ, հետո հետ են մտել իրենց խուց, հսկիչին խնդրել են ամրացնել դռան վրայի պոկած մասը`«ռոբոտ» կոչվածը, քանի որ փախուստի ելք չեն տեսել: Այդ երկու մահապարտժի դատապարտվածներին տարել են Վրաստան, գնդակահարել:

Մինչև Եվրոպայի Խորհրդին անդամակցելը այս հարկից հաճախ ամբողջ բանտով մեկ տարածվում էին բանտապահների կողմից դաժանաբար ծեծվողների ձայները: Հին նստողները լավ են հիշում, թե ինչպես էին, հիմա արդեն 26-րդ տարին գլորող մի բանտարկյալի հանել միջանցք, գցել գետնին և մոտ 15 հոգով, բանտի պետի աչքի առաջ… շան-սատակ արել: Սա դեռ մեղմ եմ ասում: Խցերից գոռում էինք, որ դադարեցնեն: Բայց կանգ չէին առնում, ստիպված փակել էինք ականջներս. այնուամենայնիվ, դեռ երկար տարիներ նախկին «մահապարտների» ուղեղներում լսվում են մահակների, ոտքերի ու ձեռքերի բութ հարվածների, ցավի ոռնոցի ձայները:

Այո, «Նուբարաշեն» բանտում կան ուրվականներ, նաև այնպիսինները, որոնց հոգիները փակված են մնացել նկուղային հարկում՝ այն ժամանակ գործող պատժախցերում: Այդ հարկը հիմա ամբողջությամբ փակված է: Երբ ԵԽ պատվիրակության անդամները տեսել էին այնտեղի պատժախցերը`հողի տակ, առանց զուգարանի, առնետներով ու գարշահոտով լցված, ցուրտ ու խոնավ, ապշել էին, որ դեռ գոյություն ունեն պատժելու այդպիսի մեթոդներ:

Բնականաբար, Եվրոպայում ամեն ինչ կատարյալ չէ, բայց Հայաստանում քրեակատարողական համակարգում տեղի ունեցած դրական փոփոխությունները`ակնհայտ կերպով նվազած ծեծն ու ջարդը, որոշ չափով բարելավված պայմանները, համոզված եմ`100%-ով Եվրոպայի պահանջների շնորհիվ է:

Կարծում եմ`մի օր մարդկությունն առհասարակ կհրաժարվի «բանտ» հասկացությունից, ինչպես քաղաքակիրթ աշխարհն հրաժարվեց խարույկի վրա մարդկանց վառելուց: Քրեական իրավունքի աքսեոմ է`պատժի խստությամբ հանցագործությունները չեն նվազում, պատժի անխուսափելիությունն է կարևոր, որը և բերում է կանխարգելմանը: Բանտերում շարունակում են մնալ, որպես կանոն, աղքատները, «մեջք» չունեցողները, իսկ բարձրաստիճան հովանավորողներ, կամ մեծ գումարներ ունեցողները կամ առհասարակ խուսափում են պատժից, կամ շատ շուտ նորից վերադառնում են ազատություն:

Հ.Գ. «Զգացմունքների պետություն» գիրքը արդեն վաճառքում է: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են ունենալ պատմվածքների ու վավերապատումների իմ ժողովածուն, կարող են մտնել «Բուկինիստ» ու «Նոյյան տապան» գրախանութներ, նաև հարցնել Կամերային տան դիմացի գրքի կրպակներում:

Մեկնաբանություններ (1)

laura
Մհեր ջան շուտով կազատվես այդ դժոխքից,Աստված քեզ Պահապան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter