HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ԵԱՀԿ-ն զրկվեց անվտանգությունից եւ համագործակցությունից

Օկսանա Մուսայելյան

Ադրբեջանը վետո է դրել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի վրա: Հայաստանն, իր հերթին, «արգելք է դրել» Տաջիկստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում ԵԱՀԿ գրասենյակների գործունեության վրա: Այս մասին հայտնեց «Հետքի»՝ միջազգային դիվանագիտական շրջանակներում անանուն աղբյուրը:

Համաձայն նախնական տեղեկատվության՝ Բաքվի գործողությունների առիթը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի բյուջեում Հայաստանի վարչական տարածքում մարդասիրական ականազերծման ծրագրի ներառումն էր, որն իբրեւ թե «չի համապատասխանում» կազմակերպության մանդատին: Այս մասին ասվում է նաեւ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ կանոնադրության համաձայն՝ ազգային գրասենյակների մանդատը երկարացվում է ամեն տարի ԵԱՀԿ մասնակից-երկրների կոնսենսուսի հիման վրա, եւ Բաքուն օգտվեց նման իրադրությունից՝ բոլորովին չմտահոգվելով իր մոտեցումների կառուցողականության մասին: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը, ուսումնասիրելով իրավիճակը, եկել է այն եզրահանգման, որ տվյալ ծրագիրը «ԵԱՀԿ մանդատի շրջանակում է»: Այդուհանդերձ, ԵԱՀԿ նախագահությունը, համաձայնելով զիջել Բաքվին, կոչ արեց երեւանյան գրասենյակին ձեռնպահ մնալ ծրագրի իրականացումից:

«Բանակցություններից հետո, որոնք դրական արդյունքի չհանգեցրին, Հայաստանի տարածքների ականազերծման ծրագիրը հանվեց բյուջեից»,- հայտնեց մեր աղբյուրը: Սակայն Բաքուն, ոգեշնչված իր ունեցած ազդեցությունից, համառորեն հրաժարվում է հանել վետոն, ինչը կարող է հանգեցնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը:

Ակնհայտ է, որ Բաքուն իր գործողությունների համար առիթի կարիք չուներ, իսկ դա նշանակում է, որ այն բացեիբաց մարտահրավեր է նետել ԵԱՀԿ-ին եւ ամբողջ միջազգային հանրությանը՝ ցուցադրելով աբսուրդային ամենաթողություն եւ ՀՀ-ի ու իր քաղաքացիների իրավունքների ակնհայտ ոտնահարում:

Ինչո՞ւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, որը 1999 թվականից ակտիվորեն զբաղվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ եւ քաղաքացիական հասարակության ամրապնդմամբ՝ մասնակցություն ունենալով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ օրեսդրական բարեփոխումներ, կոռուպցիայի եւ թրաֆիկինգի դեմ պայքար, մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանություն, մամուլի ազատություն, այդպես սկսեց խանգարել Բաքվին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում փակվել է 2015-ին: Փակման պատճառ դարձավ նրա ղեկավարի՝ ադրբեջանական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսիս Շախտախտինսկու ազատումը: Ավելի վաղ մամուլը հրապարակել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեկնաբանությունն այն մասին, որ Շախտախտինսկին զբաղեցրած պաշտոնից ազատվել է այն բանի համար, որ իր կաբինետում «պահել է մեր համատեղ լուսանկարը»:

Արդյունքում Շախտախտինսկին հեռացվեց Ֆրանսիայի ԱԳՆ-ից: Այսպիսով, նշելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում մեծ հարգանքով են վերաբերվում Շախտախտինսկու ընտանիքին, Ալիեւը 2016-ի սեպտեմբերին տված մեկնաբանության մեջ վերջինիս վերադարձն ու դիվանագիտական կարիերայի վերականգնումը առաջադրել է որպես Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի վերաբացման պայման: 

Չխորանալով տարբեր պատճառների մեջ, որոնք կարող են թաքնված լինել Բաքվի մտադրության ետեւում, այդ թվում եւ եվրոպացիների մշտական քննադատությունը Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ, եւ մի կողմ դնելով դավադրությունների տեսությունը՝ ակնհայտ է դառնում, որ Բաքուն իր վրեժը լուծում է՝ գործելով «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» սկզբունքով: 

Այս համատեքստում թերագնահատվում է նաեւ 2016թ. մարտին երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում ծագումով հայ ռուս դիվանագետ Արգո Ավակովի նշանակման հնարավոր ազդեցությունը, եւ դեռ պետք է պարզել, թե այս փաստը ինչ մասնաբաժին ունի ԵԱՀԿ-ի հանդեպ Ալիեւի վրդովմունքի մեջ:

Հայաստանի ԱԳՆ-ի՝ միջինասիական տախտակի վրա «ձիով քայլը», ցավոք, ունակ չէ համապատասխան արձագանք գտնել ԵԱՀԿ-ի առաջատար անդամ-երկրների շրջանում, եւ իրական քաղաքական արդյունքի հասնելու համար արժեր մտածել ոչ թե ձեւով, այլ բովանդակությամբ համարժեք պատասխան քայլերի մասին: Օրինակ՝ վետո դնել Ավստրիայի կամ Գերմանիայի մանդատի վրա, այնպես, որ անմիջապես սրությամբ դրվի իր անվան մեջ «անվտանգություն» բառն ունեցող եւ դրանից օգտվելու կարողություն չունեցող այդ կառույցի կենսունակության եւ առաքելության նպատակահարմարության հարցը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter