HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլոբալացումը և բնապահպանությունը

Այն, որ գլոբալացումն աշխարհում ներթափանցում է տարբեր ոլորտներ, այդ թվում նաև բնապահպանական, քայլ առ քայլ դառնում է ակներև: Սակայն, մյուս կողմից, բնապահպանության իմաստով, նման իրավիճակն ասպարեզ է հանում նոր մարտահրավերներ: Հոդվածը նվիրված է կառավարման օրինաչափությունների տեսանկյունից ստեղծված իրողության ախտորոշմանը, մարտահրավերների նկարագրմանը, ինչպես նաև դրանք մեղմելուն ուղղված առաջարկությունների հիմնավորմանը:

Ներածական

Ի՞նչ է բնապահպանությունը լայն իմաստով: Դիտարկենք այն երկու հարթությունում՝

ա/ ապահովել «մարդ-բնություն» համակարգի ներդաշնակ և փոխլրացնող համակեցության պայմաններ.

բ/ նպաստել մարդկության կայուն և համաչափ զարգացմանը՝ հաշվի առնելով բնական օրենքները:

Հետաքրքրականն այն է, որ տարբեր երկրների բնապահպանական շարժումներն անհամեմատ ավելի շատ ուշադրություն են դարձնում «ա» հարթությանը՝ հանիրավի երկրորդ պլան մղելով «բ» հարթությունը: Այնինչ, չլուծելով մարդկության կայուն և համաչափ զարգացման գերխնդիրը՝ «մարդ-բնություն» համակարգի ներդաշնակ և փոխլրացնող համակեցության ապահովումը լավագույն դեպքում կրելու է հատվածային բնույթ:

Նշենք այն մարտահրավերները (թիրախները), որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի համակարգված եղանակով ապահովել «մարդ-բնություն» համակարգի ներդաշնակ և փոխլրացնող համակեցության պայմանները:

Բևեռացում՝ համառոտ ախտորոշում

Աշխարհի պետությունների տնտեսական և սոցիալական անհամաչափ զարգացածության մակարդակը մեծապես նպաստում է բնապահպանական խնդիրների վատթարացմանը: Մասնավորապես, տնտեսապես թերզարգացած պետությունները, որպես կանոն, ընտրում են բնական պաշարների անխնա շահագործման ճանապարհը:

Ավելին, դրան նպաստում է տնտեսապես զարգացած պետությունների վարած արտաքին տնտեսական քաղաքականությունը: Օրինակ, տնտեսապես թերզարգացած պետությունների մասով չի խրախուսվում զարգացած պետությունների ժամանակակից և խնայողական տեխնոլոգիաների արտահանումը: Քայլ առ քայլ այդ պետությունների զգալի մասն էլ ավելի է ձևավորվում որպես տնտեսապես զարգացած պետությունների հումքային կցորդ, այդ թվում՝ հանքահանման ուղղությամբ:

Մյուս կողմից, մրցունակ աշխատուժը սկսում է տեղափոխվել տնտեսապես թերզարգացած պետություններից դեպի զարգացածները, ինչը խորացնում է զարգացած և թերզարգացած պետությունների միջև բևեռացումը: Այսպիսով, ստեղծվում է ծուղակային իրավիճակ նաև բնապահպանության իմաստով:

Նման պարագայում, անգամ եթե ենթադրենք, որ տնտեսապես զարգացած պետություններում 100%-ով լուծվեն բնապահպանական խնդիրները, ապա, հաշվի առնելով Երկիր մոլորակի միասնական համակարգի բնության ներդաշնակցության խախտումը, պարզ է, որ տուժում են բոլորը, այդ թվում և տնտեսապես զարգացած պետությունները:

Համահարթեցում՝ համառոտ ախտորոշում

Կառավարման լեզվով ասած, բնությունը բազմազանության հավասարակշռված համակարգ է, երբ յուրաքանչյուր տեսակ իր առանձնահատկություններով նպաստում է ողջ բնական համակարգի ներդաշնակցությանը: Եթե որևէ տեսակ ինչ-ինչ պատճառով սկսում է գերիշխել, կամ մեկ այլ տեսակ նույնպես ինչ-ինչ պատճառով վերանում է, ապա խախտվում է բնության հավասարակշռությունն իր բոլոր բացասական (ընդհուպ աղետային) հետևանքներով:

Ի՞նչ է կատարվում գլոբալացման ժամանակ: Դիտարկենք այն բացառապես համահարթեցման գործընթացների մասով:

Համահարթեցումը գլոբալացման ամենացայտուն դրսևորումն է, երբ մարդկության կենսագործունեության և համակեցության բոլոր ոլորտները քայլ առ քայլ միօրինականացվում են:

Երբ միօրինականացվում են տեխնիկական, տեխնոլոգիական և որոշ չափով ֆինանսական ու տնտեսական ուղղությունները, դա, անշուշտ, նպաստում է մարդկության զարգացմանը, իսկ երբ միօրինականացումը ներխուժում է մշակույթի կամ ավանդույթների ոլորտներ, ապա խաթարվում է մարդկության բազմազանության հավասարակշռված և ներդաշնակ համակարգը:

Փաստորեն, մարդկությունը բազմազանության համահարթեցման հետևանքով սկսում է զրկվել կայուն զարգացմանը նպաստող կարևորագույն խթանից՝ մրցակցության որակական բաղադրիչից:

Այսպիսով, ակտիվանում է շարունակական միօրինականացման գործընթացը, երբ համահարթեցվում են տարբեր ազգերի առանձնահատկությունները՝ նպաստելով մարդկության՝ որպես հավասարակշռված համակարգի ներդաշնակցության փլուզմանը և դրա հավաքական մրցունակության որակական վատթարացմանը:

Բևեռացում՝ հնարավոր ելք

Կառավարման կարևորագույն օրենքներից մեկը հնչում է հետևյալ կերպ. «որպեսզի համակարգը լինի կառավարելի, նա առնվազն պետք է դառնա տեսանելի»: Այս օրենքը սահմանում է կառավարելիության ապահովման պարտադիր, սակայն ոչ բավարար պայմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բևեռացման երևույթը պահանջում է տևական ուղղորդում՝ առաջարկվում է մշակել և ներդնել Ջինիի գործակցի բնապահպանական տարբերակը բոլոր երկրների համար հաշվարկման պայմանով: Իսկ քանի որ բնապահպանական մոտեցումները պետությունների մակարդակով կրում են իներցիոն բնույթ, կարելի այն կիրառել տարեկան կտրվածքով և ներկայացնել արդյունքները ՄԱԿ-ի տարեկան զեկույցներում:

Ամփոփ իմաստով Ջինիի նման գործակիցն այլ կիրառվող գործիքների հետ միասին հնարավորություն է տալու պատկերել տարբեր պետություններում բնապահպանական լուծումների կամ բացթողումների վիճակը և, ինչն ամենակարևորն է, Երկիր մոլորակի մասշտաբով այն «հեռավորությունը» (բևեռացումը), որը գոյություն ունի բնապահպանական ոլորտում ամենաբարվոք և վատթար պետությունների միջև: Ինչքան Ջինիի նման գործակիցը մեծանա, այնքան դա գալիս է փաստելու, որ բնապահպանական համակարգը մեր մոլորակում ավելի է վտանգված:

Համահարթեցում՝ հնարավոր ելք

Բազմազանությունը ապահովելու և, մյուս կողմից, բնապահպանական խնդիրներն արդյունավետ լուծելու համար Երկիր մոլորակի վրա շփման և փոխազդեցության բարիդրացիական մթնոլորտ ստեղծել համար առաջարկվում է շեշտը դնել այսպես կոչված «թարգմանչական համակարգերի» վրա:

Այստեղ խոսքը ոչ այնքան լեզվական թարգմանիչների մասին է, որքան՝ հիմնականում մշակութային: Սա նշանակում է, մի կողմից, նպաստել տարբեր ազգերի մշակութային և ավանդական տարրերի պահպանմանը և զարգացմանը, իսկ մյուս կողմից՝ ազգերի համար այդ առանձնահատկությունների մատչելի ընկալման ապահովմանը:

Բնական է, որ նման մոտեցումը հնարավոր է իրականացնել համատարած միօրինականացման մի շարք երևույթներ (առաջին հերթին՝ մշակութային ոլորտում) որակապես մեղմելու պայմաններում:

Նման մոտեցումները հնարավորություն են տալու որոշակի մեղմել միջմշակութային սահմանների հետևանքով առաջացած լարվածությունները, ինչպես նաև նպաստել համագործակցության սերմերին, որտեղ դա հնարավոր է: Իսկ համագործակցության ցանկացած բարելավում նպաստելու է բնապահպանական հարցերում միասնական համակարգի ձևավորմանը:

Եզրափակում

Բերված առաջարկությունները նպատակ են հետապնդում ուրվագծել այն մոտեցումները, որոնք, ընդհանուր առմամբ, հնարավորություն են տալու, լայն իմաստով, բնապահպանական խնդիրները մարդկության կողմից լուծել համակարգված ձևով:

Հարություն Մեսրոբյան
տ.գ.թ., կառավարման փորձագետ

ք.Երևան, 28
.11.2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter