HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական մեծ պատ Հայաստանի սահմանի՞ն, թե՞ 2 մլրդ դոլար յուրացնելու հնարավորություն

Նաիրի Հոխիկյան

2016թ. հունվարի սկզբին թուրքական լրատվամիջոցները տարածեցին այդ երկրի նախագահի որոշումը՝ Սիրիայի հետ սահմանային պատի կառուցումից հետո բետոնե պատ կառուցել նաև Իրանի և Հայաստանի ամբողջ սահմանին:

Թուրքական իշխանության այս մտադրությունը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, հիմնված է ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարելու վրա: Երեք մետր բարձրությամբ պատը կազմված է լինելու հսկա բետոնե բլոկներից, որոնց վրա կանցկացվի փշալար և բարձր լարման, սպանող էլեկտրական հոսանք: Այսպիսով, Թուրքիան փորձում է այդկերպ ոչ միայն իրագործել իր պաշտոնական հողարդագրությունը, այլև գոնե Հայաստանի բնակչության վրա հոգեբանական ազդեցություն թողնել՝ պատմական հայրենիքի և ապագայի տեսլականների առումով:

Թուրք և միջազգային փորձագետները Անկարայի այս մտադրությունը համարում են Թուրքիան ցանկապատելու, աշխարհից մեկուսացնելու ծրագիր, որով փորձում է պաշտպանվել մասնատվելու վտանգից, մանավանդ երբ կոնկրետ գործընթաց կա քրդական անջատողականության հետ կապված:

Սա մի տեսանկյունից, սակայն կան ներկուլիսային գործընթացներ, որոնց մասին, բնականաբար, թուրքական լրատվամիջոցները չեն կարող խոսել, դրա համար նրանց կարող են բանտ նստեցնել կամ ընդհանրապես արգելել թերթի կամ հեռուստաընկերության գործունեությունը:

Բետոնե պատերի և ընդհանրապես, պետական պատվերով շինարարությունը Թուրքիայում իրականացնում է Զանգվածային բնակարանաշինության պետական գրասենյակը՝ TOKİ-ն: Այդ կազմակերպությունն է կառուցում պետական նշանակության ճանապարհները, պետպատվերով բազմաբնակարան շենքեր, բանակի պահակադիտանոցները, որոնք տեղակայված են հատկապես Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում:

Մեկ այլ փաստ՝ այս կազմակերպությունը արդեն ավելի քան մեկ տարի կառուցում է Սիրիայի հետ սահմանային պատը, սակայն, ըստ թուրքական Haberturk թերթի տեղեկության, հասցրել է պետբյուջեից դուրս հանել 1 մլրդ դոլար՝ ավարտին հասցնելով ընդամենը պատի 70 տոկոսի աշխատանքը: Այնինչ, կրկին ըստ թուրք վերլուծաբանների, թուրք-սիրիական 822 կմ ձգվող սահմանին այդպիսի պատի կառուցումը պետք է արժենար շատ ավելի էժան, մոտ 800 մլն դոլար, մինչդեռ, ամենայն հավանականությամբ, այն վերջնական տեսքի գալուց հետո Թուրքիայի բյուջեից կխլի գրեթե 1.4 մլրդ դոլար:

Այս տրամաբանությամբ, եթե կառուցվի նույնպիսի պատ Իրանի և Հայաստանի սահմանին, ապա թուրք-իրանական 499կմ երկարությամբ սահմանին և թուրք-հայկական 268կմ սահմանին կառուցվող պատի ընդհանուր երկարությունը պետք է կազմի առնվազն 767 կմ: Նույն հաշվարկով՝ այդ պատի կառուցման համար պետք է ծախսվի մոտ 1.3 մլրդ դոլար, սակայն հետաքրքիր է, որ TOKI ընկերության պահանջած գումարը էականորեն տարբերվում է հաշվարկից: Պետական ընկերության հաշվարկով, երկու հարևանների սահմանին կառուցվելիք պատի վրա կծախսվի 2 մլրդ դոլար, ինչը դեռևս նախնական հաշվարկ է:

Ոչ պակաս կարևոր է անդրադառնալ TOKI ընկերության մութ անկյուններին: Միլիարդավոր գումարների տիրապետող այդ ընկերության գործադիր տնօրենն է Էրգյուն Թուրանը, որը նախագահ Ռեջեփ Էրդողանի մոտ ազգականն է:

Նույն ընկերությունը 2017թ. հունվարի 17-ին համաձայնագիր կնքեց Համաշխարհային բանկի հետ, ըստ որի՝ մինչև 2023 թվականը այդ երկրի արևելյան շրջաններում պետք է կառուցվեն մեծ քանակությամբ բազմաբնակարան շենքեր և առանձնատներ՝ 5.5 մլն աղքատ բնակչությանը ապահովելու կացարանով: Թե ինչքան փող է դրա համար հատկացնելու Համաշխարհային բանկը, դեռևս գաղտնի է պահվում, սակայն հաշվի առնելով արևելյան շրջանների քուրդ բնակչության նկատմամբ Թուրքիայի կողմից տարվող քաղաքականությունը, հազիվ թե գումարը նպատակային ծախսվի. փորձն է դա ցույց տալիս:

Թուրքիայի ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության գործիչները օրերս հանդես եկան հայտարարությամբ, թե Հայաստանի ու Իրանի սահմանին կառուցվելիք պատը հերթական առիթն է՝ պետական բյուջեից մեծ քանակությամբ փող հանելու և յուրացնելու: Այդ երկրում այլևս չեն թաքցնում, որ Էրգյուն Թուրանը նախագահ Ռեջեփ Էրդողանի և կոռուպցիոն սկանդալների գագաթին կանգնած նրա որդու՝ Բիլալ Էրդողանի հետ նույն ֆինանսական մեքենայությունների մեջ է, ասել է, թե՝ Էրդողանը հենց Էրգյուն Թուրանի և նրա ղեկավարած շինարարական կազմակերպության ձեռքով է պետբյուջեից հանում միլիարդավոր դոլարների հասնող փողերը:

Թե երբ և ինչպես կկառուցվի սահմանային երեքմետրանոց պատը, առայժմ դժվարանում են ասել նաև թուրքերը, ամենայն հավանականությամբ, այն անորոշ ժամանակով կձգձգվի, մինչև հանրությունը մոռանա բյուջեից հանված փողերի մասին:

Մեկնաբանություններ (1)

Անահիտ Ղազանչյան
Մեզ պետք չի պատ Թուրքիայի սահմանում, մենք սահմաններին չենք համաձայնվել... Դեռ գործ կա անելու...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter