HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը Նոր Խաչակապում «չի նկատել» ավագանու թույլ տված խախտումը

Գայանե Սարգսյան

2016թ.-ի չորրորդ եռամսյակում Լոռու մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը ստուգումներ է իրականացրել Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքում: Հսկողության արդյունքում հանձնաժողովը ավագանու գործառույթների իրականացման մասով ընդամենը մեկ-երկու թերություն է արձանագրել:

Ավագանու լիազորությունների պահպանում-չպահպանումն արձանագրվել է 33 կետից բաղկացած հարցաշարով: Հարցաշարի 31-րդ կետի դիմաց (համայնքի ավագանու անդամի իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների՝ ծնող, քույր, եղբայր, երեխա, շահերին առնչվող որոշումների քվեարկությանը մասնակցության բացառում), հանձնաժողովը նշում է կատարել «Պահպանված է» սյունակում, այսպիսով հավաստելով, որ այս մասով ստուգման ենթակա ժամանակահատվածում, այն է՝ վերջին 3 տարիներին, Նոր Խաչակապում  որևէ ավագանու անդամ կողմ չի քվեարկել իր հարազատին ֆինանսապես աջակցելու հարցին:

Համայնքի ավագանու որոշումները, սակայն, այլ բան են ասում:

Մասնավորապես, 2016թ.-ի ապրիլի 5-ի թիվ 8 որոշմամբ ավագանու անդամ Վարդան Բաղյանը կողմ է քվեարկել որդուն՝ Գևորգ Բաղյանին 50 000 դրամի չափով աջակեցելու հացրին:

 2016թ.-ի մայիսի 10-ին կայացած ավագանու նիստում թիվ 9 որոշմամբ ավագանու 5 անգամները միաձայն կողմ են քվեարկել համայնքի անապահով ընտանիքներին՝ այդ թվում նաև իրենց հարազատներին սոցիալական օգնություն տրամադրելու հարցին:

15 000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրվել համայնքի թվով 6 բնակչի: Նախորդ գումարման՝ 2012-2016թթ. ավագանու անդամ Անդրանիկ Աբգարյանի հայրը՝ Ալկիդա Աբգարյանը ցուցակում առաջինն է: Ավագանու անդամը մասնակցել է քվերակությանը և կողմ  քվեարկել:

Հաջորդ ավագանու անդամը՝ Արամ  Միրզախանյանը գործընկերոջից հետ չի մնացել. նա էլ կողմ է քվեարկել հորը՝ Ռաֆիկ Միրզախանյանին ֆինանսապես աջակցելուն:

Վերը նշվածի հետ կապված դիմեցինք 1996թ.-ից մինչ օրս Նոր Խաչակապի համայնքապետի պաշտոնն զբաղեցնող Սուրիկ Տռուզյանին:

«Չենք իմացել ճիշտն ասած, բայց հիմա արդեն կուրսի ենք, որ իրենք պիտի չստորագրեին: Այսինքն, էդ սխալը արել ենք, բայց շտկում ենք, էլի: Թյուրիմացաբար ենք արել, ոչ թե միտումնավոր»,- նշեց նա:

Հարցիս, մինչ իմ հեռախոսազանգը գիտեի՞ք խախտման մասին, համայնաքապետը պարզաբանում է՝ խախտման մասին ստուգումների ժամանակ տեղեկացրել է մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող մարմինը:

«Զգուշացրել էին, որ  սենց ա կարգը: Ասեցինք՝  չենք իմացել, խնդրում ենք ներեք, մյուս անգամ չի կրկնվի: Իրանք ասել են, ստուգումների ժամանակ զգուշացրել են, որ նման բաներ չի կարելի»,- նշում է համայնքապետն ու հավելում՝ ապրիլի 5-ին կայացած ավագանու նիստում Գևորգ Բաղյանին ու ևս երկու համագյուղացու անունով   50 000-ական դրամի չափով հատկացումները ձևական բնույթ են կրել. ապրիլյան պատերազմի օրերին այդ 150 000 դրամն ուղարկել է Ղարաբաղ:

 2016թ.-ի դեկտեմբերին կայացած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսի ժամանակ «Հետքը» բարձրացրել էր ավագանու անադմների կողմից իրենց հարազատներին աջակցելու ու տարբեր արտոնություններ կիրառելու հարցը, ինչին մարզպետը արձագանքել էր այսպես. «Ցանկացած ավագանու որոշում իրավաբանական բաժնով անցնում է, և եթե կան նման դեպքեր, անմիջապես հետ ենք ուղարկում, որպեսզի որոշումը վերանայեն: Նախկինում իհարկե եղել են նման դեպքեր, երբ ավագանու անդամներն, օրինակ,  իրենք իրենց գույքահարկից ազատում էին: Հիմա ես ձեզ վստահեցնում եմ, որ նման դեպքեր չկան, և վարչական հսկողության ժամանակ նման դեպքեր չենք էլ արձանագրում»:

Փաստերն այլ բան են վկայում, մարզպետի խոսքերը՝ մեկ այլ բան։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter