HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի լրատվական դաշտի պերճանքն ու թշվառությունը

Արցախում այլընտրանքային մամուլ գրեթե չկա: Անկախացումից հետո արցախյան մամուլում նման լուսավոր կետերն են եղել 1999 թ. լույս տեսնող «10-րդ նահանգը», 2004-2008 թթ. հրատարակվող «Դեմո» շաբաթաթերթը և 2005-2008 թթ. գործող Karabakh Open էլեկտրոնային թերթը: Այս պարբերականներից առաջինը փակվել է ԼՂՀ նախկին նախագահի ճնշումների պատճառով, իսկ երկրորդը և երրորդը, ըստ այդ լրատվամիջոցների խմբագիրների, «հետաքրքրության պակասի» պատճառով:

Ազնվության համար նշենք, որ «Դեմո» շաբաթաթերթի փակվելուց հետո Արցախի լրատվական դաշտում որոշակի վակուում է առաջացել: Այդ վակուումը որոշակի չափով լրացնում են «Դեմո»-ի ստեղծագործական խմբի ջանքերով ստեղծված «Անալիտիկոն» վերլուծական ամսագիրն ու 2009 թվականից հրատարակվող «Նոր էջ» ամսաթերթը: Ասում եմ «որոշակի», որովհետև այս պարբերականները տպագրվում են ամիսը մեկ անգամ։

«Նոր էջի» խմբագիր Վարդգես Օվյանին ոչ այնքան «հետաքրքրության պակասն» է հուզում, որքան շարքային արցախցու հավատի կորուստը, որն այլևս ոչ մի բանի չի հավատում, առաջին հերթին' իշխանություններին: «Մեծ անջրպետ է առաջացել ժողովրդի և իշխանական բուրգի միջև։ Իմ նպատակն է, որքան հնարավոր է, վերականգնել մարդու հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Նա ոչ թե պետք է թքի ու հեռանա իր հայրենիքից, այլ սեփական երկրում ապրի ու պայքարի իր իրավունքների համար։ «Նոր էջ»-ում պարբերաբար հնչող քննադատական խոսքը նպատակ ունի ոչ միայն ցուցանելու «թագավորների մերկությունը», այլև ընթերցողի մեջ աստիճանաբար սպանելու ստրուկին, ստրկամտությունը»,- ասում է Վարդգես Օվյանը։ Սակայն ֆինանսական խնդիրերի պատճառով «Նոր էջ»-ը ամիսը մեկ անգամ է լույս տեսնում, երբեմն էլ ուշացումներով:

Արցախի լրատվական դաշտի չկայացվածության մասին շատ ու շատերն են խոսում: Բայց այդպես էլ սայլը տեղից չի սարժվում: Այստեղ գործում է միակ հեռուստատեսությունը' Արցախի «Հանրային» հեռուստատեսությունը, որը հիմնականում առաջնորդվում է խորհրդային ժամանակների «հին ու բարի» ավանդույթներով։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր լուծել հեռուստատեսության խնդիրները: Այդ օրերին Արցախի «Հանրային» հեռուստատեսության տնօրենի տեղակալ Նորեկ Գասպարյանը, չգիտես ինչու, որոշեց բոլորին հայտարարել, որ նախագահն իր դասընկերն է: Դրանից հետո Նորեկ Գասպարյանը նախարար դարձավ, իսկ նախարարի պաշտոնը թողնելուց հետո դարձավ «Հանրայինի» տնօրենը: Արցախում կոռուպցիայի առումով ամենացավալի երևույթը միջնորդություններն են: Այստեղ այնքան շատ են սիրում իրենց խնամի-ծանոթ-բարեկամներին, որ երբեմն նրանց համար նոր հաստիք են հնարում: Եթե բարձրագույն ղեկավարների մեջ ծանոթ ու բարեկամ չունես կամ, այլ կերպ ասած, նրանց յուրայինը չես, ինչպես ասում են, առաջ գնալու ոչ մի շանս չունես: Արցախում երևի թե չկա այնպիսի բարձրաստիճան պաշտոնյա, որ «իրենց կրուգից» չլինի:

Անցան տարիներ, սակայն հեռուստատեսության հարցն այդպես էլ չլուծվեց։ Դեռ ավելին, 2011 թ. ապրիլի 11-ին ԼՂ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը հեռուստածրագրերի հեռարձակման մրցույթում արտոնագիր չտրամադրեց «Մաքս Մեդիա» և «S TV» մասնավոր հեռուստաընկերություններին՝ պատճառաբանելով, թե նրանք չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Եվ զարմանալի չէ, որ Արցախում այլախոհության խիստ «դեֆիցիտ» կա: Երևի թե բացառությամբ դաշնակների՝ բոլոր կուսակցությունները լոկ անուններով են իրարից տարբերվում: Արցախում քաղաքական դաշտը հիշեցնում է բրեժնևյան լճացման ժամանակները: Այսօր շատ բան է հիշեցնում 70-ականները: Իսկ Արցախի «Հանրային» հեռուստատեսությունն այդ ժամանակների դրոշակակիրն է:

Նոստալգիան Արցախի «Հանրայինին» ստիպում է հաճախակի անդրադառնալ ու ձոներգեր հնչեցնել՝ ի պատիվ նախկին սովխոզի ու կոլխոզի նախագահների: Ընդհանապես Արցախի «Հանրայինն» ունի իր մշտական հաճախորդները, որոնց հաճախակի հրավիրում է իր մոտ և ձանձրալի հարցազրույցներ անցկացնում նրանց հետ։ Այստեղ, ինչպես «Ազատ Արցախ» պաշտոնաթերթում, քննադատության չես հանդիպի, իսկ եթե ինչ-որ բան փորձում են մատուցել որպես քննադատություն, ապա խնամքով «կոկիկ» կտրում են խորդուբորդ տեղերը, որպեսզի հանկարծ չվնասեն մեկին։

Իսկ այժմ՝ լրագրության «դարբնոցի» մասին: Արցախի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի վերջին կուրսում ուղիղ մի կիսամյակ, շաբաթական երեք անգամ մի առարկա են սովորում, որը կոչվում է «Արցախի ԶԼՄ-ներ»: Դեռ հասկանալի է, որ մինչև խորհրդային տարիները Շուշիում, ցարական գրաքննության ճնշման ժամանակ, ստեղծվում էին բավականին հետաքրքիր պարբերականներ («Գործ», «Հայոց աշխարհ» և այլն), բայց երբ ուսանողի գլուխը լցնում են «Красная звезда», «Աշխատավոր» և նման այլ պարբերականների մասին թելադրություններով, թվում է, թե այստեղ ժամանակը վաղուց կանգ է առել… Հետո էլ տետրում ստիպում են ընդգծված տառերով գրել՝ «Արցախի կուսակցական թերթերն» ու սկսում թելադրել նախորդի պես անհետաքրքիր ու ոչ մի արժեք չունեցող պատմությունները:

Իհարկե, մարդիկ թող իմանան իրենց պատմությունը, բայց երբ ապագա լրագրողն այդ ամենի մասին լսում է շաբաթական երեք անգամ, վերջում էլ քննություն հանձնում, դա հիշեցնում է ավագ տարիքի մարդկանց դպրոցական տարիները, երբ ստիպված սովորում էին «Հասարակագիտություն», «Խորհրդային իրավունք» ու նման առարկաներ: Չմոռանամ ասել, որ այսօր Արցախի բուհերում հիմնականում լրագրություն են դասավանդում մարդիկ, ովքեր կյանքում մի «ինֆորմացիա» գրած չկան։

Հայկ Ղազարյան
Ստեփանակերտ

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիքում էլ այսօր ոչ միայն ստամոքսի քաղց է,այլ նաև անկախ լրատվության քաղց:Կապանում (Սյունիքում) այսօր գործում է տեղական հանքարդյունաբերությունից ԼՐԻՎՈՒԹՅԱՄԲ ԿԱԽՎԱԾ ու պրոպագանդիստական 2 TV («Խուստուփ TV» և «Սոսի TV»): Ու հազիվ մոտ 10 օրը մեկ լույս տեսնող (քիչ թե շատ անկախ) «Սյունյաց Երկիր» թերթը: ՀՀԿ-ն ԿԵՐԵԼ է նաև Սյունիքը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ղարաբաղն էլ կամաց-կամաց Հայաստանի ջանին դառնում է քաղցկեղի չարորակ ուռուցք-ԶԳՈՒՇԱՑԵՔ: «Անկախ» Արցախի Հայաստանի անձնագրով ճանապարհորդող ու Ամերիկաներում սեզոնին (պատվերով) ՓՈՂ ՈՐՍՈՂ ,բայց տարվա մնացած սեզոնին ԴԵՌ ԴԱՏԱՐԿ ազատագրված տարածքներում ՔՆԱԾ ՁԵՎԱՑԱԾ ու ՊԱՏԱՆԴ ԽԱՂԱՑՈՂ «իշխանությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter