HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Ալեքս-Գրիգ»-ի և առգրավված թռչնամսի կապերը․ ո՞վ է թռչնամիսը ներկրող քաղաքացին

Պետական եկամուտների կոմիտեն այսօր տեղեկացրեց, որ որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը:

Հաղորդագրությունը մասնավորապես այն մասին էր, որ ՀՀ քաղաքացին Ռուսաստանի Դաշնության Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել է 22,5 տոննա պաստառ։ Բեռը եղել էր սառնարանային բեռնատարի մեջ։ Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ-ի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները, «Rapiskan» ռենտգեն համակարգով զննելով բեռը, բացահայտել են, որ քաղաքացին իրականում շինարարական պաստառի փոխարեն փորձել է սառեցված թռչնամիս ներկրել։

Պետական եկամուտների կոմիտեն հաղորագրության հետ միասին ուղարկել էր նաև լուսանկար: Ուշադրություն դարձնելով վերջինիս՝ նկատելի է, որ սառեցված թռչնամսի տուփերի վրա նշված է․ «Product of USA» (թարգմանաբար՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների արտադրանք»)։ Տուփերի վրա նշված է նաև վեբկայքի հասցե՝ www.mountaire.com, որը թռչնամսի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ամերիկյան «Mountaire farms» ընկերության պաշտոնական կայքն է։

«Mountaire farms»-ի գործունեության հասցեն, ըստ կայքում հրապարակված տվյալների, ԱՄՆ-ի Դելավեր նահանգում է, սակայն ապրանքի արտադրությունն ու արտահանումը չի սահամանափակվում Միացյալ Նահանգներով:

«Բարի գալուստ «Mountaire farms»։ «Mountaire farms»-ը հավի արտադրության մեջ իր մեծությամբ յոթերորդն է՝ ծառայելով տարբեր շուկաների՝ Արիզոնայից մինչև Ասիա, Մայամիից մինչև Մոսկվա»,- նշված է ընկերության պաշտոնական կայքում։

ՀՀ դեռևս անհայտ քաղաքացու չհայտարարագրած և ՊԵԿ-ի կողմից բացահայտած թռչնամիսը ենթադրաբար ներկրվել է ռուսական շուկայից:

Համաձայն տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի հրապարակած տվյալների՝ «Mountaire farms Inc.» ընկերությունը 2015թ․ օգոստոսի 25-ից ստացել է համապատասխանության սերտիֆիկատ։ Երկու առանձին սերտիֆիկատներ են տրվել ընկերության «Հավի սառեցված քառորդ»-ի և «Հավի սառեցված քարաճիկ» ապրանքատեսակների համար։ Համապատասխանության սերտիֆիկատները, ըստ «Հավատարմագրման ազգային մարմնի», գործում են, թեև գործողությա ժամկետի ավարտ է նշված 2016թ․-ը։ Ավելի կարևոր է սակայն սերտիֆիկատի հայտատուն, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին առնչվող «Ալեքս- Գրիգ» ՍՊԸ-ն է:

Առայժմ, ըստ ՀԱՄ-ի պաշտոնական կայքի, որևէ այլ ընկերություն չի դիմել «Mountaire farms Inc.» արտադրանքի սերտիֆիկատ ստանալու համար։ Արդյոք «Ալեքս- Գրիգ»-ի համար էր ՀՀ դեռևս անհայտ քաղաքացին փորձում առանց հայտարարագրելու ներկրել շուրջ 22 տոննա սառեցված թռչնամիսը, պետք է պարզի Պետական եկամուտների կոմիտեն։

լուսանկարները՝ ՊԵԿ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter