HY RU EN

Վահե Սարուխանյան

«Հետքի» հրապարակումից հետո պատգամավոր Շախմուրադյանը դուրս է եկել չեխական ընկերության տնօրենի պաշտոնից

Անցյալ տարվա նոյեմբերին գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Կարեն Շախմուրադյանը Պրահայում ընկերության տնօրեն է, ինչն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ: ՀՅԴ համամասնական ցուցակով 2016-ի մարտին պատգամավոր դարձած գործարարը մինչեւ ԱԺ մտնելը դուրս էր եկել հայաստանյան ընկերությունների գործադիր մարմիններից, քանի որ օրենքով պատգամավորներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Հայտնել էինք, որ Կարեն Շախմուրադյանն ու նրա կրտսեր եղբայր Աշոտը 2014-ին Պրահայի բնակիչ Վլադիմիր Գալուստյանից գնել են «D.M.Sali» ՍՊԸ-ն (ըստ կանոնադրության՝ զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ): 70 տոկոսի փայատեր էր գրանցվել Աշոտը, 30 տոկոսի՝ Կարենը: Եղբայրները դարձել էին նաեւ ընկերության տնօրեններ:

Պատգամավոր Շախմուրադյանը ոչ միայն դուրս չէր եկել չեխական ընկերության տնօրենի պաշտոնից, այլեւ չէր հայտարարագրել ՍՊԸ-ում ունեցած 30 տոկոս բաժնեմասը, որի արժեքը 60.000 կրոն է կամ 1,2 մլն դրամ:

Վերը նշվածի մասին մի քանի հարց էինք ուղղել Կ. Շախմուրադյանին, ինչին նա պատասխանել էր. «Այո, ձեր նշած ընկերությունը եղբորս՝ Աշոտ Շախմուրադյանի հետ գնել ենք 2014 թվականին, եւ ընկերությունում ունեմ 30 տոկոս բաժնեմաս: Ընկերությունը գործել է ըստ կանոնադրության՝ անշարժ գույքի վարձակալությամբ: Բիզնես նպատակներից բացի՝ ընկերությունը գնել ենք այդ երկիր այցելելու եւս մեկ պատճառ ունենալու համար: Քանի որ շատ եմ սիրում չեխական մշակույթն ու ճարտարապետությունը եւ երկիրն ընդհանրապես: Ընկերությունը ներկայումս գործունեություն չի ծավալում: Հայտարարագրումս բաժնետոմսերի չնշելը եւ տնօրենի պաշտոնից չհրաժարվելս եղել է բացթողում բազմաթիվ ընկերություններում ներգրավված լինելու եւ հայտարարագիր լրացնելու անփորձությանս պատճառով, որը շատ շուտով կուղղվի: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ մասնագիտական մոտեցում ցուցաբերելու եւ նախօրոք իմ մոտեցումները եւ բացատրությունները ճշտելու համար»:  

2017-ին պատգամավորները հայտարարագրեր դեռ չեն ներկայացրել, իսկ ահա տնօրենի պաշտոնը Շախմուրադյանը բավականին արագ է լքել: Հոդվածը հրապարակել էինք նոյեմբերի 1-ին: Եվ ահա չեխական ռեգիստրից տեղեկանում ենք, որ արդեն նոյեմբերի 15-ին «D.M.Sali»-ում կատարվել է փոփոխություն՝ պատգամավորն այլեւս գործադիր պաշտոն չի զբաղեցնում այնտեղ: Նրա եղբայր Աշոտ Շախմուրադյանը շարունակում է մնալ տնօրեն եւ 70 տոկոսի սեփականատեր, մնացած 30-ն էլի Կարենինն է: