Այսօր հաշմանդամների միջազգային օրն է
Դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամների, իսկ նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է: «Լինենք ուշադիր» նախաձեռնությունն իրականացնում է «Ուշադրության փոքրիկ քայլեր» ծրագիրը, որի նպատակն է ուղղորդել մարդկանց համարժեք վերաբերմունք դրսևորել տեսողական խնդիրներ ունեցող անձանց հանդեպ:
Այսօր՝ հաշմանդամների միջազգային օրը, նախաձեռնության մասնակիցները կշրջեն Երևանի փողոցներով՝ անցորդներին և վարորդներին բաժանելով թռուցիկներ, որոնցում ներկայացված կլինեն առանցքային խորհուրդներ հաշմանդամների (տվյալ դեպքում՝ տեսողական խնդիրներ ունեցողների) հետ վարվելու վերաբերյալ:
Հաճախ է խոսվում այն մասին, թե ինչով են պայմանավորված հասարակության այլ անդամներից հաշմանդամների մեկուսացած լինելը և շփման սահմանափակումները: Դրանք ունեն մի շարք պատճառներ, որոնց թվում են երկու կողմի ունեցած կարծրատիպերը, հաշմանդամների անձի վերաբերյալ տեղեկատվության պակասը կամ աղավաղումը:
Տեսողական խնդիրներ ունեցող մարդը հասարակության լիարժեք անդամ է: Պետք չէ խուսափել նրանից, խղճալ կամ թերագնահատել նրան, վերաբերվել որպես ուրիշ խմբի պատկանող անհատի կամ դրսևորել գերխնամք:
Աշխարհին հայտնի են տեսողական խնդիրներ ունեցող այնպիսի տաղանդավոր մարդիկ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը (երաժիշտ), Ստիվի Ուանդերը (երգիչ, երգահան, հասարակական գործիչ), Անդրեա Բոչելլին (երաժիշտ), Հելեն Քելլերը (գրող, հասարակական գործիչ), Հավասին (Արմենակ Մարկոսյան, երաժիշտ) և այլք:
«Նրանք կատարել են իրենց ներդրումը համաշխարհային արվեստում և պարզապես փորձել են ինչ-որ բան տալ այս աշխարհին»,- ընդգծում է «Լինենք ուշադիր» նախաձեռնությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել