Ջրի մեջ կորած, ջրի կարոտ
Կարինե Դանիելյան
Կոտայքի մարզը Հայաստանի ամենամեծ ջրահավաքն է Ախուրյանից հետո: Նախալեռնային այս շրջանում ջուրն այնքան առատ է, որ լիուլի սնում է նաեւ Արարատյան դաշտավայրը: Սակայն տարածաշրջանի Սոլակ, Քաղսի, Զորավան, Սեւաբերդ, Գառնի, Ջրաբեր գյուղերում ոռոգման խնդիրը թերեւս ամենացավոտն է: Անցած տարի Գողթում պտղատու այգիների տնկարկներ հիմնվեցին, բայց ոռոգման ջրի անբավարարության պատճառով տնկարկների մի մասը չորացավ: Գյուղն ու գյուղացին ծայրահեղ զրկանքների գնով են կարողանում հողից ինչ որ բան պոկել իրենց օրավուր ապրուստը հոգալու համար: Տեղի բնակչությունն ավանդաբար զբաղվել է հիմնականում պտղաբուծությամբ, գյուղատնտեսական կուլտուրաների լայնածավալ մշակություն երբեք չի եղել: Կենսապայմանների վատթարացման հետ մարդիկ գրեթե բացառապես սկսեցին ապավինել սեփականաշնորհված հողերին, եւ տարածաշրջանի հողերը ներքաշվեցին գյուղատնտեսական շրջանառության ակտիվ հորձանքի մեջ:
Ոռոգման ջրով գյուղին ու գյուղացուն ապահովելն ամենաուղղակի իմաստով նաեւ ռազմավարական արժեք ունի, աղքատությունը հաղթահարելու արժեք, ինչն իբր իրեն սոցիալական հռչակած մեր պետության գերակա խնդիրը պիտի լինի: Մարզի գյուղերից շատերում մենք հաջորդաբար հանդիպում էինք միայնակ կենսաթոշակառուների, որոնց զավակները լքել էին գյուղը` հեռուներում ապրուստի միջոց գտնելու հույսով: Բազմաթիվ տնտեսություններում նույն պատճառով բացակա էր ընտանիքի հայրը: Ներքին միգրացիան քայքայում է նաեւ այս մարզի գյուղերը: Հայաստանի անկախացումից հետո նոր իրավիճակն անլուծելի խնդիրների մի ամբողջ փունջ հրամցրեց Կոտայքին: Տասնամյակներ շարունակ ոռոգումն այստեղ իրականացվել է մեխանիկական եղանակով, այսինքն էլեկտրաէներգիայի ծախսով: Եւ 1990-92թթ. սկսած, հոսանքի գումարի 70 տոկոսը կիսավճարունակ գյուղացին պարտք է մնացել պետությանը:
Այս պահին Կոտայքի մարզում հողն ինքնահոս եղանակով ոռոգելու հնարավորություն չկա: Թերեւս փրկօղակ կարող էր դառնալ Մարմարիկի ջրամբարը, որի շինարարությունն սկսվեց 1981-82թթ., բայց այն այդպես էլ կիսակառույց մնաց: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ռուդիկ Ղուկասյանի հավաստմամբ, անգլիացի փորձագետների մասնակցությամբ մանրամասն հետազոտվել է կիսակառույց ջրամբարը, մշակվել է դրա վերականգնման ծրագիրը, ներկայացվել Համաշխարհային բանկին, եւ հույս կա, որ եկող տարվանից շինարարությանն ընթացք կտրվի: Ըստ հաշվարկների ջրամբարի վերակենդանացումից հետո, տարեկան տեղումներն էլ ներառած, հնարավորություն կստեղծվի 36 մլն խ/մ ավել ջուր ապահովել մարզին:
Ի դեպ, Մարմարիկի ջրամբարի կառուցումը հրատապ է նաեւ անվտանգության տեսանկյունից: Ջրամբարի շրջակայքում 7 բնակավայր կա, իսկ կիսավարտ սելավատարներն ու պատվարները ամեն պահ վթարի վտանգ են բովանդակում: Հաշվարկվել է, որ միայն անվտանգության խնդիրը լուծելու համար 2,5 մլն դոլար է պետք, ջրամբարն ամբողջովին կառուցելու համար` 5 մլն 200հզ դոլար: Ռուդիկ Ղուկասյանը ավելացնում է, որ այժմ աշխատանքներ են գնում նաեւ Սոլակի ինքնահոս ոռոգման ցանցը կառուցելու համար, որը 4500 հա ոռոգելի կդարձնի: Մեկ այլ ծրագրով (դարձյալ ներկայացվել է Համաշխարհային բանկին) 1,5 մլն դոլարի ներդրմամբ Գառնին, Գեղարդը եւ Կոտայքի եւս 5 գյուղեր իրենց օրվա կարգավորիչ ջրամբարները կունենան, կապահովվեն եւ խմելու, եւ ոռոգման ջրով: Սակայն այս բոլոր ծրագրերից ու նախագծերից անդին գյուղացին շարունակում է իր միայնակ, հուսակտուր կռիվը հողի հետ: Ջրի մեջ կորած, սակայն պապակ հողերով գյուղերը ոռոգելու անհնարինությունը թե տնտեսական, թե զուտ մարդկային գործոնի թերակատարության արդյունք են:
Ծայրագույն ծանր վիճակում են հայտնվել ոռոգման միջհամայնքային ցանցերը: Դրանց ճակատագիրը հանձնվել է համայնքների տնօրինությանը, որոնք նման ծանրակշիռ «վստահությունն» արդարացնելու ոչ ֆինանս, ոչ էլ հնարավորություն ունեն: Խորհրդային միության փլուզումից հետո ավելի քան 15 տարի այս ոլորտում ներդրումներ չեն եղել: Երկար տարիներ շահագործվելով ու երբեւէ չնորոգվելով, դրանք ի վերջո, քայքայման եզրին են հասել: Եվ բնականաբար, ջրի մշտական կորուստները նաեւ այս պատճառով են: Աչքաթող արված, կիսախարխուլ վիճակի հասած ոլորտը պետությունը նոր-նոր փորձում է ուշքի բերելու փորձեր անել: Երկարատեւ, անթույլատրելի անգործությունից հետո այս տարվա մարտի 13-ին կառավարությունը վերջապես որոշում ընդունեց ոռոգման համակարգի կառավարումը ֆերմերներին, մասնավորապես Ջրօգտագործողների ընկերակցությանը (ՋՕԸ) հանձնելու մասին: Նախատեսվում է 2004-2005թթ. ոռոգման ցանցն ամբողջությամբ փոխանցել այս կառույցներին: Ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը` 9,2 մլն վարկային գումարով: 900 հզ դոլար հատկացվել է մեր կառավարության կողմից: Ընդհանուր ծախսերի 30 տոկոսը հոգալու են իրենք` ֆերմերները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է 13 մլն դոլար: Ամբողջությամբ այս կառույցների վրա է լինելու լոկալ տեղանքների երկարատեւ շահագործումը, իրենք են որոշելու առաջնահերթ պրոբլեմները, իրենք են քաշելու վերանորոգումների ծանր հոգսը: Այսօրինակ կառույցներ արդեն հիմնվել են մարզի ողջ տարածքում:
Կոտայքի մարզի Գառնի գյուղը ոչ միայն ոռոգման, նույնիսկ խմելու ջուր էլ չունի: Հատուկենտ աղբյուրներից գյուղացիները ջուրը բեդոններով են բերում, այն էլ միայն նրանք, ովքեր մեքենա կամ դրա հնարավորությունն ունեն: Այն դեպքում, երբ Գառնու ջրամբարը սպասարկում է ողջ Արտաշատ քաղաքին ու Էրեբունի համայնքին` Երեւանում: Ջրարտադրության համակարգն ամբողջովին բարձիթողի վիճակում է: Գառնիի 7 աղբյուրների ջրերը կեսճանապարհին ճահիճ են դառնում` անհետ կորչելով հողի հազար ծակուծուկերում: Ջրանցքի` տարիներ չմաքրված հատակում ժամանակի ընթացքում ավելանում է խոտածածկը, ջրի ծավալը կրկնակի, եռակի պակասում է, եւ պապակ հողերն այդպես էլ չեն հագենում:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի վկայությամբ ոռոգման ջրի քաղցը միայն տնտեսական գործոնով չէ պայմանավորվում: Ցանցի թերակատար, թույլ վերահսկողության պատճառով տեղական իշխանավորներից շատերը գործում են ինքնագլուխ, անթույլատրելի սկզբունքներով, սեփական շահույթին հետամուտ: Գառնի գյուղը դրա ակնհայտ արտահայտությունն է: Եթե համայնքային ցանցը հանձնվում է «Հայջրմուղկոյուղու» սպասարկմանը, ապա ըստ գործող մեխանիզմի, պոմպակայանը սնող հոսանքի սուբսիդավորումը (80 տոկոսով) կատարում է պետությունը: Այդ գումարը համայնքն այլ նպատակներով օգտագործել չի կարող, այն ուղիղ գծով անցնում է էլցանցերի տնօրինությանը: Մնացած 20 տոկոսի հոգսը հոգալու է համայնքը: Բայց եթե ոռոգման համայնքային ցանցն իբրեւ սեփականություն, գյուղի իշխանավորը պահում է իր մոտ, ծախսերի վճարումն ամբողջությամբ ընկնում է տեղական բյուջեի վրա: Գյուղապետերի առերեւույթ տարօրինակ այս գործելաոճը միանգամայն բացատրելի դրդապատճառներ ունի. եթե ջուրն իրենց ձեռքում է, ապա իր փոքրիկ տնտեսությունում իրեն իշխանավայել զգալու լծակներն էլ շատ են: Գյուղացիներին խոստանում են, թե ձրի ջուր կտան նրանց:
Ընտրությունների ժամանակ էլ այս գործոնն անվրեպ աշխատում է: Եվ բացի այդ, ոչ ոքի գաղտնիք չէ, որ գյուղապետերի մեծամասնությունը, այսպես ասած` պահեստային, չձեւակերպված, պատկառելի ծավալի հողատարածքներ ունեն, որոնք սովորաբար տեղական կամ մարզային մյուս իշխանավորներին են նվիրաբերել: Այդ հողերը ոռոգվում են նույն այդ ջրով, անվճար: Իսկ գյուղացիներին ջուրը տրվում է, իհարկե, ոչ թե ձրի, այլ նրանց վճարունակության հնարավոր սահմանը նկատի առնելով: Պետությունը 1 խ/մ ոռոգման ջրի սակագինը սահմանել է 4 դրամ 20 լումա: 1 հա-ի համար գյուղացին պիտի վճարի ասենք, 6 հազար դրամ, սովորաբար պահանջվում է 2000-2500: Ի դեպ, գյուղացիները գաղափար անգամ չունեն, թե իրականում ինչքան պիտի վճարեն: Սակագնային այս արատավոր տեխնոլոգիայով է առաջնորդվում գյուղերի մեծամասնությունը: Եւ պետական պարտքերի բեռը ողջ հանրապետության կտրվածքով ոչ ավել, ոչ պակաս 280 մլն դրամ է:
Այսինքն, հույս չկա, թե ջրօգտագործող ընկերություններ ստեղծելու ռեֆորմը կյանքի կոչելով, համակարգում հնարավոր է կարգ ու կանոն հաստատել: Այնուամենայնիվ, ենթադրաբար կանխատեսելով, թե այդ ընկերություններն ի վերջո, կայանալու են եւ կառավարման ասպարեզի` անցյալում թույլ տված իր վրիպումներն ու սխալները սրբագրելու ակնկալիքով, առաջիկայում կառավարությունը մտադիր է այդ 4,20 լուման հասցնել 5,20-ի, որպեսզի մինչեւ 2008թ.-ը համակարգը կարողանա անցնել ինքնածախսածածկման: Նախատեսվում է, որ եկող տարվանից, պետական սուբսիդիան 80 տոկոսից կնվազեցվի 50-ի: Այսինքն, պետությունն աստիճանաբար փորձում է այս ասպարեզի իր մենաշնորհը հանձնել գյուղացուն (թող գլուխ հանեն ստեղծված իրավիճակից, ինչպես ուզում են) հանձնարարելով նրան ներքին սակագներ մշակել ու վերանորոգումների ծանր հոգսը քաշել: Ըստ այդ մեխանիզմի, գանձումները կիրականացնեն ջրօգտագործող ընկերությունները: Իր խնդիրը մնալու է միայն վերահսկողի դերը` թե արդյոք նոր տերերը կարողանու՞մ են ճիշտ շահագործել ջրանցքներն ու ջրամբարները:
Ոլորտի իրավասուների եւ մասնագետներից շատերի հետ մեր զրույցների ընթացքում վերջիններս անընդհատ շեշտում էին այն հանգամանքը, որ առայսօր համակարգի կառավարումն ընթացել է սխալ հունով: Կառավարման այս նոր տարբերակի ընտրությունն ակամա հիշեցնում է այն մարտավարությունը, որ մեր կառավարությունը ոչ վաղ անցյալում կիրառեց բնակֆոնդի հանդեպ` ձեռքերը լվանալով ու դրա պահպանման ու նորոգումների հոգսը գցելով նորաստեղծ համատիրությունների նկուն ուսերին: Կարո՞ղ են արդյոք ջրօգտագործող ընկերությունները լուծել օրհասի հասած համակարգի հիմնախնդիրները, դժվար է հուսալ: Թե այս ոլորտին էլ սպասվում է բնակֆոնդի ճակատագիրը, որը մատնվել է դանդաղ, աստիճանական փլուզման, թեւ դրա վերականգնումը, ինչպես ոռոգման համակարգի պարագայում, մեր պետության ուժերից վեր է: Ի դեպ, մասնավորապես Կոտայքի մարզի առումով, մի անթույլատրելի սխալ էլ է գործվում:
Կոտայքի մարզը ոռոգման ջրով ապահովելու խնդիրը բազմաշերտ ծալքեր ունի, որի ամբողջությամբ իրականացումը հաճախ անհնարին է` անկախ ամեն ինչից: Հայաստանի բնական պայմաններն այնպիսին են, որ ոչ բոլոր հողատարածքներն են պիտանի մշակության համար, եւ գյուղացին ոչ բոլոր տեղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու իրավունք ունի: Կոտայքի տարածքի շատ հատվածներ, իսկ Եղվարդի տարածաշրջանն ամբողջությամբ, պատված է սողանքային գոտիներով, տեղի բնակիչների ասած` հարամիներով: Այս տեսանկյունից անհուսալի է հատկապես Սեւաբերդի վիճակը:
Ջուրը գնում, կորչում է հողի հազարավոր ճեղքերում: Տեղեր կան, որ կորուստները 82 տոկոսի են հասնում: Հաշվված է, որ Եղվարդի տարածաշրջանում, օրինակ, տարեկան 610 մլն խ/մ ջրի կորուստ է լինում: Եւ եթե 1 հա ոռոգելու համար պիտի ծախսվի ասենք 6600 խ/մ ջուր, այստեղ այն կազմում է 22 հազար խ/մ: Մի կողմ թողնենք այն իրողությունը, որ գյուղացին, եթե ցանկանա էլ, չի կարողանա վճարել դրա դիմաց, քանի որ ոչ թե շահույթ, այլ միայն վնաս է կրելու: Եւ այս դեպքում նրանից օրինապահություն պահանջելն անիմաստ է:
Ոռոգման որեւէ ծրագիր իրականացնելուց առաջ դեռ սողանքագետներն ու երկրաբանները պիտի ուսումնասիրեն, թե գյուղատնտեսական այս կամ այն կուլտուրայի մշակության համար 1 հա-ն ինչքան ջուր է կլանելու, եւ որ հատվածներում է աննպատակահարմար ոռոգումը: Այլապես իմաստազրկվում են նաեւ մարզը ոռոգման ջրով ամբողջապես բավարարելու միջազգային ու տեղական բոլոր ծրագրերը: Խորհրդային շրջանում այս տարածքները նախատեսվել են ամառանոցներ կառուցելու համար, ուր լավագույն դեպքում պտղատու այգիներ ու բանջարանոցներ պիտի գցվեին: Դրանց ոռոգումը հանձնարարվում է միանգամայն այլ` կաթիլային կամ ցնցուղային տարբերակով, եւ սողանքով վարակված հողը շատ չի տուժում:
Հիմա ջուրը հորձանքով հայտնվելով սեւահողի ու կավահողի արանքում, անվերահսկելի արագացնում է սողանքի շարժը` աստիճանաբար նոր տեղանքներ կլանելով ու ընդլայնելով սահմանները: Եւ հնարավոր փորձանքի հավանականությունը մեծ է ու կանխատեսելի: Ողջաբերդի օրինակն արդեն մեր աչքի առաջ ունենք: Ընդգրկված ե՞ն սողանքագետներն այդ բոլոր ծրագրերում եւ փլուզումների ենթակա հին ու նոր հատվածների քարտեզագրում իրականացվու՞մ է արդյոք, թե այս դեպքում էլ գյուղի ու գյուղացու բախտը հանձնվել է նախախնամության կասկածելի բարեհաճությանը: Այս մասին մեր հարցմանը ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի գէոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, անվանի սողանքագետ Ռուբեն Յադոյանը բացասական պատասխան տվեց: Նույն պատմությունն է կրկնվում, ինչ Լինսի հիմնադրամով արդեն իրականացված ճանապարհաշինական ծրագրում:
Մեկնաբանել