HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Վիրավոր զինվորը հարմարավետ պրոթեզի կարիք ունի

Բանակ զորակոչվելուց առաջ Ստեփանակերտից 18-ամյա Նվեր Ավանեսյանը երզանքներ շատ ուներ։ Արդեն հասցրել էր համալսարան ընդունվել, ուսմանը զուգահեռ արհեստ էր սովորում, երազում էր սեփական գործն ունենալու մասին։ Մոտ մի տարի ծառայությունից հետո՝ 2014թ․ ամռանը, մարտական հերթապահության ժամանակ Նվերը պայթել է ականի վրա՝ կորցնելով ձախ ոտքի սրունքը։ Ասում են՝ ականը դեռ նախորդ պատերազմից էր մնացել։

Նվերին առաջին վիրահատությունը արել են Մարտակերտի շրջանային հիվանդանոցում, հետո միայն տեղափոխել են Ստեփանակերտ։ Մայրը՝ Գոհար Ավանեսյանն ասում է, որ երբ իրենք հասան Մարտակերտ, որդու սրուքն արդեն ամպուտացրել էին։

«Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկներն են վիրահատել։ Ասացին սրունքը փրկելու շանս չկար։ Բացի ոտքից լուրջ վնասվածքներ էր ստացել նաև կրծքավանդակի հատվածում։ Շատ արյուն էր կորցրել։ Մի որոշ ժամանակ սակավարյունությամբ էր տառապում», - վերհիշում  է մայրը։

Հետվիրահատական բուժումը Նվերն արդեն Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է ստացել։ Որոշ ժամանակ հետո Ստեփանակերտում պրոթեզավորել են ոտքը։

«Մեր ամենամեծ խնդիրը էսօր Նվերի պրոթեզի հարցն է։ Ներկայիս պրոթեզն անհարմար է, ոտքն աընդհատ վերքեր է դառնում։  Ժամանակակից հարմարավետ պրոթեզները Երևանում, մեր տվյալներով, սկսվում են 400 հազար դրամից»,-ասում է տիկին Գոհարը՝ հավելելով, որ Երևանում պրոթեզավորվելու համար ոչ մեկին չի դիմել։ Մտածում էին սեփական ուժերով կկարողանան պրոթեզավորել Նվերին։

Ավանեսյանների բազմանդամ ընտանիքի (8 երեխա, որոնից մեկն ամուսանցել է, մեկն էլ՝  ծառայում է ) միակ եկամուտը տիկին Գոհարի ու ամուսնու համեստ աշխատավարձն է։  

Վիրավորվելուց հետո Նվերին հաշմանդամության 2-րդ կարգ են տվել։ Ինչպես պարզվում է, հաշմանդամության կարգն էլ դեռ  մշտական չէ։ Տիկին Գոհարի խոսքով՝ ամեն ամիս Նվերը պետք է անցնի համապատասխան  բուժզննումներ, որպեսզի  ամենամյա բուժփորձաքննությունից հետո 2-րդ կարգը պահպանվի։

«Չեմ հասկանում, սրանից հետո որդուս ոտքը աճելո՞ւ է։ Իզուր քաշքշում են։ Ամեն  ստուգման ժամանակ սիրտս թրթռում է, որ 2-րդ կարգից կզրկեն», - ասում է նա։

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բուժսոցիալական փորձաքննության կենտրոնի բուժվիճակագիր Անժելա Էմիրյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ հաշմանդամության մշտական կարգը տրվում է 7 տարվա բուժփորձաքննություններից հետո միայն։

«Մշտական համշանդամություն տրամադրում ենք՝ առաջնորդվելով 2006թ․ նախարարության համար 488 և 283 որոշումներով, ըստ որի՝ մշտական հաշմանդամություն տրամարդվում է բուժփորձաքննության 8-րդ տարում։ Այդ 7 տարիների ընթացքում հետևում ենք հաշմանդամություն ունեցող անձի հիվանդության դինամիկային և ըստ այդմ էլ հատկացվում է հաշմանդամության այս կամ այն կարգը։ Ձեր նշված դեպքում կոնկրետ հնարավոր է՝ օրինակ ժամանակի ընթացքում տղայի ամպուտացված սրունքի հատվածում ավելի լուրջ բարդություններ սկսվեն և բուժփորձաքննության ընթացքում որոշվի նրան տալ 1-ին կարգ»,- ասաց Ա․Էմիրյանը։

Վիրավորվելուց հետո Նվերի պլաններն ու երազանքները փոխվեցին։ Նա թողեց համալսարանը տարեկան 250 հազար ուսման վարձի պատճառով։ Մայրն ասում է, որ չէր ուզում ավելորդ անգամ նեղություն տալ իրենց։ Հաշմանդամության համար Նվերը այսօր 40 հազար դրամ թոշակ է ստանում։

«Քանի որ համալսարանը հեռակա էի սովորում,  զուգահեռ ավտոմեխանիկ էի աշխատում։ Ծնողներս ուզում էին արհեստանոց կառուցել, որպեսզի զորացրվելուց հետո իմ գործն ունենայի։ Հիմա չեմ կարող ավտոմեխանիկություն անել, վիրավոր ոտքս խանգարում է։ Չեմ կարողանում երկար ժամանակ պրոթեզով մնալ»,- ասում է Նվերը։

Մեկնաբանություններ (2)

Ժողովուրդ ջան բա հիմա մեզնից 1000 դրամ չեն պահում?
Ժողովուրդ ջան բա մեզնից 1000 դրամ չեն պահում դեռ???
ՏԻԳՐԱՆ
բյուջեի 5 տոկոսն բավարար է թոշակներն 10 անգամ բարձրացնելու համար բյուջեի 5 տոկոսն բավարար է պետ պատվերով բժշկությունն 100 անգամ ավելացնել բյուջեի 5 տոկոսն բավարար է բանակն պրոֆեսիոնալ դարձնելուն,ամսեկան 1000 դոլար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter