HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակում շաուրմայից թունավորվել է 11 մարդ. տուժածների մեջ երեխաներ կան

Գայանե Սարգսյան

Հունվարի 27-ից 30-նն ընկած ժամանակահատվածում ստաֆիլակոկային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 11 քաղաքացի: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանի խոսքով՝ առաջին ահազանգն ստացվել է հունվարի 27-ին ժամը 14:00-ի սահմաններում: Հիվանդանոց է ընդունվել երկու քաղաքացի: Երկու ժամ անց՝ 16:00-ի սահմաններում, հիվանդանոց է ընդունվել ևս վեց հիվանդ՝ նույն ախտորոշմամբ: Ավելի ուշ հոսպիտալացվել է ևս 3 քաղաքացի:

Երկու տարեկան Ալվարդն ու վեցամյա Արմենը հիվանդանոց են տեղափոխվել անգիտակից վիճակում: Որոշ ժամանակ բժշկական կենտրոնում մնալուց հետո կեսգիշերին երեխաների վիճակը վատթարացել է ու նրանց մայրիկների հետ տեղափոխել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, սննդամթերքի անվտանգության ու առողջապահության նախարարության պետական տեսչության աշխատակիցներից կազմված խումբը մեկնել է Սպիտակ, եղել «Թեժ կրակ» կոչվող վաճառքի կետում, կատարել համապատասխան նմուշառումներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրվել  է  նշված ընկերության արտադրանքի իրացումը կասեցնելու մասին  կարգադրագիր. տնտեսավորող սուբյեկտի գործունեությունը դադարեցվել է:

«Հավի մսի, կետչուպի ու մայոնեզի նմուշառումները փորձաքննության է ուղարկվել լաբորատորիա, սպասում ենք արդյունքներին»,- նշում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային  կենտրոնի պետ Կամո Սողոյանը` հավելելով, որ փորձաքննության արդյունքներին սպասում են մինչև շաբաթվա վերջ:

«ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ-ին պատկանող «Թեժ կրակում» սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի աշխատակիցների կողմից առաջիկա օրերին կանցկացնեն ստուգումներ: Այն, ի դեպ, ընդգրկված էր 2017թ.-ին ստուգումների տարեկան ծրագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter