HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Ի՞նչ է պետք հաշմանդամության բարձր խմբում ընդգրկվելու համար

Թագուհի Հակոբյան
Մետաքսե Պետրոսյան

ՀՀ սոցապ նախարարության տվյալներով, տարվա ընթացքում շուրջ 560000 մարդ ենթարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, հիմնականում` հաշմանդամության որոշման նպատակով: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում հաշմանդամների թիվը հասնում է 115000-ի, նրանցից ավելի քան 11000-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են: 

Կոտայքի մարզի Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) տվյալներով մարզում հաշվառված է 7000 հաշմանդամ: Այս թիվն, անշուշտ, մարզի հաշմանդամության իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ, ինչպես հանձնաժողովի նախագահ Գայանե Պողոսյանը հայտնեց, իրենք խոսում են միայն նրանց մասին, ովքեր դիմում են հանձնաժողովին: Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ամեն տարի իրենք հաշվառում են առաջնակի հիվանդներին եւ բոլոր նրանց, ում հաշմանդամության ժամկետ են տվել: 

Իրականում ոչ բոլոր հաշմանդամներն են դիմում կարգավիճակ ստանալու համար: Չդիմելու պատճառները բազմաթիվ են՝ սկսած անվճարունակությունից մինչեւ դիմելու անկարողությունը կամ էլ հրաժարվում են կամայականություններին չդիմանալով: Մեր հարցին, թե ինչպես են վարվում այն հաշմանդամների հետ, ովքեր ունակ չեն ինքնուրույն փորձաքննության ներկայանալու, Գ. Պողոսյանը պատասխանեց. «Հիվանդին սպասարկում է նրան բուժող բժիշկը եւ հաշմանդամության կարգ ստանալու համար էլ նրա բժշկական հետազոտության տվյալները ԲՍՓՀ-ին պետք է ներկայացնի նույն բժիշկը»: Աբովյանի վարչատարածքի Զառ գյուղի բնակիչ Սուրեն Միքայելյանը 2003թ.-ի հունվարի 13-ին կաթված է ստացել, իսկ դրանից մեկ տարի առաջ նրան ուռուցք էին ախտորոշել:

Կինը հայտնեց, որ նրան հետազոտման տանելու հնարավորություն չունեն, բավարարվում են գյուղական բժշկի ցուցումներով: Գյուղի բժշկուհին ուղեգիր է տվել այն մասին, որ նա անկողնային հիվանդ է եւ չի կարող ներկայանալ հետազոտման, որպեսզի նաեւ հաշմանդամության թոշակ ստանա: Կինը չնայած դժգոհում էր, որ չքավորության պատճառով դեղորայք չեն կարողանում գնել ամուսնու համար, բայցեւ ուղեգիրը չի ներկայացրել ԲՍՓՀ-ին, հավատ չտածելով, որ հանձնաժողովը կընդառաջի իրենց եւ տեղում կհետազոտի անկողնային հիվանդին: Նրա թերահավատությունը թերեւս անհիմն չէր, որովհետեւ նախ՝ բժշկուհին հանձնաժողովին ինքը չի ներկայացրել իր հիվանդին հետազոտելու առաջարկը, բացի այդ, ինչպես ԲՍՓՀ հանձնաժողովի նախագահ Գայանե Պողոսյանը նշեց՝ իրենք նման պրակտիկա չունեն: 

Միակ դեպքը վերջերս է եղել. æրաբեր գյուղում բնակվող Օսիպյանների թշվառության մասին «Ազգ» թերթում արված մեր հրապարկումից հետո հանձնաժողովի նախագահը ՀՀ առողջապահության նախարարությունից հաշմանդամի տուն այցելելու ցուցում է ստացել: Այցելելով երկրորդ խմբի հաշմանդամ Համեստ Օսիպյանին ու նրա եղբորը, տիկին Պողոսյանը համոզվել է, որ նրանք «ահավոր ծանր պայմաններում են ապրում եւ սոցիալական աջակցության կարիք ունեն»: Եղբորը՝ Ավետ Օսիպյանին 2-րդ կարգի հաշմանդամի կարգավիճակ է տրվել, բայց Համեստ Օսիպյանի հաշմանդամության կարգը չի փոխվել:

Գ. Պողոսյանի հավաստմամբ, հանձնաժողովը հաշմանդամության բարձր խմբերում հիվանդներին ընդգրկում է` ելնելով օրգանիզմի ֆունկցիոնալ խանգարման աստիճանից եւ կանխատեսումից: Ըստ այդմ, եթե հիվանդը կարողանում է քայլել եւ անձամբ այցելել բժշկին, ամենեւին էլ չի նշանակում, որ նրա վիճակն ավելի բարվոք է, քան ինքնասպասարկման ունակությունը կորցրած հաշմանդամինը: Այս դեպքում որոշիչ է դառնում սոցիալական անբավարարության առկայությունը, այսինքն, թե անձը որքանով սոցիալական պաշտպանության կարիք ունի: Հաշմանդամության մի խմբից մյուս` ավելի բարձր խմբի անցումը պայմանավորված է հիվանդի առողջական վիճակում ի հայտ եկած բացասական հակում ունեցող փոփոխություններով: Տվյալ դեպքում, չնայած համագյուղացիերի պնդումներին, որ Համեստ Օսիպյանը լիովին կույր է, այնուամենայնիվ այդ փաստը նրա համար համոզիչ չի եղել: 

Հանձնաժողովի համար նման անհամոզիչ փաստարկների շատ հանդիպեցինք: Աբովյանի վարչատարածքի Զովաշեն գյուղում ամենաանճար տնտեսություն գյուղացիները մատնանշում են Դերենիկ Ավետիսյանի ընտանիքը: Ընտանիքի հայրը պարբերաբար հոգեգարության նոպաներ է ունենում: 23-ամյա տղան` Կարենը, բանակից վերադարձել է ողնաշարի խեղվածքով, 6 ամիս պառկել է Աբովյան քաղաքի հիվանդանոցում, բայց պաշտոնապես հաշմանդամության կարգ չունի: «Քաղաք գնալու, թղթերը «դասավորելու», «մաղարիչի» համար փող է պետք»,-ասում են նրանք: Այդ վիճակում հայրն ու տղան գյուղի նախիրը արոտ են տանում: Պատմում էին, որ հիվանդ տղան խիստ վատացել է դաշտում, ոտքերը հազիվ քարշ տալով տուն վերադարձել, սակայն ոտքի կանգնելուն պես պիտի շարունակի իր աշխատանքը, քանի որ թշվառների տուն թոշակ էլ չի մտնում. ամուսինները դեռ կենսաթոշակային տարիքում չեն: Բնականաբար, նման ընտանիքների համար 3000 դրամն արդեն գումար է, որքան էլ որ հաշմանդամներն ամոթալի համարեն թոշակի չափը: 

ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն դատական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ կարգով բողոքարկել համապատասխան իրավասու պետական մարմնի որոշումը` իրենց հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու, ինչպես նաեւ հաշմանդամության այս կամ այն խումբը սահմանելու վերաբերյալ: Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք հաշմանդամներից եղե՞լ են բողոքներ եւ դատական հայցեր Կոտայքի մարզի ԲՍՓՀ-ի դեմ: Տիկին Պողոսյանը նշեց, որ միայն հինգ բողոք է եղել հաշմանդամության խմբից դժգոհ քաղաքացիներից, սակայն բողոքարկումից հետո ԲՍՓՀ-ի որոշումը մնացել է անփոփոխ: Անհրաժեշտ է նշել, որ բողոքարկումների սակավաթիվ լինելը, ինչպես նաեւ դատական հայցեր չներկայացնելը ոչ թե հանձնաժողովի անթերի գործունեության արդյունքն է, այլ՝ գյուղական բնակչության անտեղյակության եւ անիրազեկության հետեւանք: 

Այնուամենայնիվ Կամարիս գյուղում մեզ հանդիպեց մեկը, որը փորձել էր ընդդիմանալ հանձնաժողովի որոշմանը: 1945թ.-ին ծնված Շավարշ Գասպարյանը կաթված է ստացել, բայց չի կարողացել բուժում ստանալ եւ գամվել է սայլակին: 1999թ.-ին ԲՍՓՀ հանձնաժողովը նրան հաշմանդամության 1-ին կարգ է տվել, իսկ հետո փոխել է 3-րդի: «Վերջույթները թուլացած են, ես մի անգամ նախարարություն գնացի, ասացի, որ նա չի կարողանում քայլել, գոնե մի սայլակ տվեք, բայց մերժեցին: Աբովյանի հանձնաժողովի նախագահն ասաց՝ ուր ուզում ես բողոքի, բայց վեճերի արդյունքում նրա հաշմանդամության 3-րդ կարգը փոխեց 2-րդի: Հիմա էլ բժշկական հանձնաժողովն առաջարկում է ստացիոնար բուժօգնություն իրականացնել, բայց փող չունեմ բուժման տանելու համար: Ուզում եմ մի սայլակ տան: Ուրիշի հին սայլակը բերեցի, բայց անիվները մաշված են, չի շարժվում»,- պատմեց կինը՝ Սվետլանա Խապանդուկը: ԲՍՓՀ-ի նախագահ Գայանե Պողոսյանը հայտնեց, որ 2003թ.-ին հաշմանդամներին հատկացրել են 500 սայլակ եւ 900 լսողական ապարատ եւ այս քանակությունը, նրա ասելով, լիովին բավարարում է, դժգոհություններ չեն եղել: 

Տիկին Պողոսյանի հավաստմամբ, Կոտայքի մարզի ԲՍՓՀ-ում կազմել են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը, որում ներառված են բժշկական վերականգնումը (վերականգնողական թերապիա, մերսում, էլէկտրաբուժում, ճառագայթաբուժում, ավանդական մեթոդներ, պրոթեզաօրթոպեդիկ օգնություն եւ այլն), մասնագիտական վերականգնումը (մասնագիտական կողմնորոշում, մասնագիտական ուսուցում, աշխատանքի տեղավորման աջակցում, մասնագիտական արտադրական հարմարեցում), սոցիալական վերականգնումը (սոցիալական կենցաղային հարմարեցում, սոցիալ-միջավայրային վերականգնում, սոցիալ-հոգեբանական օգնություն), սոցիալական օգնությունը եւ սոցիալական պաշտպանվածությունը (իրավաբանական խորհրդատվություն, տեղեկատվություն իրավունքների եւ երաշխիքների մասին): 

 Սոցիալական ոլորտի պատասխանատուները բազմիցս նշում են հաշմանդամների վերականգնողական ծրագիրը կյանքի կոչելու մասին: ԲՍՓՀ-ի նախագահի ասելով, մի շարք հիվանդություններով (նյարդային համակարգի, սրտանոթային եւ այլն) տառապող հաշմանդամներ առաջնահերթ պետք է ընդգրկվեն վերականգնողական ծրագրում: Իհարկե, սա չափազանց կարեւոր է, հատկապես, երբ նրանց մեծ մասը բուժման կարիք ունի, ոչ թե հաշմանդամության կարգ ստանալու, բայց, քանի որ չունի վերջինը, չի կարող նաեւ բուժում ստանալ: Հիվանդությունը գնալով խորանում է եւ, ի վերջո, դարձնում հաշմանադամ, ինչպես Ակունք գյուղի բնակիչ 42-ամյա Սարգիս Սարգսյանին: Մոր ասելով, արդեն 8 տարի տղան հիվանդ է եւ փող չունի, որ բժշկի գնա: Ս. Սարգսյանը կնոջ ու երեք հասունացած երեխաների հետ ապրում է հողաշեն հատակով նեղլիկ ու մութ մի սենյակում, որ դժվար է բնակարան անվանել: Տարիներ հողե հատակով, անպատուհան, խոնավ սենյակում ապրելով, ինքն էլ խրոնիկական ռեւմատիզմ է վաստակել եւ գրեթե միշտ անկողնային վիճակում է: 

Հաշմանդամների մեկ այլ խմբի համար դժգոհության լուրջ պատճառ է հաշմանդամության ցմահ կարգավիճակ չտրամադրելը, հատկապես այն դեպքերում, երբ առողջանալու դրական տեղաշարժերը բացառվում են: Կամարիս գյուղի բնակիչ Մարինե Խաչատրյանը 13 տարեկանից տառապել է հոգեկան հիվանդությամբ եւ ինչպես քույրը՝ Հասմիկը հայտնեց, արդեն 23 տարի շարունակ ներկայանում են Կոտայքի մարզի Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին՝ Մարինեի հաշմանդամության կարգը վերահաստատելու համար: Ավելի ճիշտ, հիմնականում ինքն է ներկայանում քրոջ փոխարեն:

«Խնդրում ենք ցմահ թոշակ նշանակել, բայց ասում են ժամանակը չի դեռ: Անցյալ տարի հաշվառման ժամանակ քույրս բուժվում էր Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում եւ չկարողացավ ներկայանալ հանձնաժողովին, սակայն այդ ամիսներին` օգոստոսից մինչեւ դեկտեմբերի 18-ը, նրան զրկեցին թոշակից: Բայց նա ուտել է ուզում, անընդհատ պահանջում է մորիցս: Տանը չենք կարողանում պահել, մորս այնքան է ծեծել, որ նա էլ առողջական լուրջ վիճակում է հայտնվել, բացի այդ կծելով կտրել է մորս մատները: Բայց նրան էլ հաշմանդամության կարգ չեն տալիս` ասում են ծերության թոշակ է ստանում»,- պատմում է Հասմիկ Խաչատրյանը:

Իհարկե, հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ, թե տիկին Պողոսյանի աշխատանքային գործունեության ընթացքում քանի նման հոգեկան հիվանդ է առողջացել եւ արդյոք 25 տարին չափազանց երկար ժամանակ չէ՞ ցմահ հաշմանդամության կարգը տալու համար: 

Նրանք, ովքեր առնչվել են այս հաստատության հետ լավ գիտեն, որ հաշմանդամի ցմահ կարգավիճակ ստանալը հեշտ բան չէ: Օրինակ, ինչպես Սարալանջ գյուղի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ Մարջիկ Մելիքյանի մայրը՝ Մանուշակն է ասում՝ իրենք 20 տարի գնալ-գալուց հետո հասկացան: «Այս տարի 15-20 հազար դրամ տվեցինք ցմահ հաշմանդամության կարգ տալու համար»: Տիկին Մանուշակը թեպետ տրտնջում էր իրենց չքավորությունից՝ ուսումնական տարին վերսկսվել էր, իսկ թոռնիկները հագուստ չունեին դպրոց գնալու համար: Այնուամենայնիվ, նա դրանից շատ էլ չէր դժգոհում, քանի որ, նրա ասելով, ոչ մի տարի էլ դատարկաձեռն չի ներկայացել հանձնաժողովին: Դրանով գոնե վերջակետ կդնեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter