Ծաղկաձորում բնակարանները ավելի թանկ են, քան Երևանի 10 վարչական շրջաներում
Համաձայն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տեղեկության՝ 2016թ. դեկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17 657 գործարք։
Դրանց 38%-ը գրանցվել է մայրաքաղաք Երևանում, իսկ 11 %-ը` Կոտայքի մարզում։ Հանրապետության մյուս մարզերում այդ ցուցանիշը տատանվել է 3-7%-ի միջև:
Դեկտեմբեր ամսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներում գերակշռել են «այլ պետական գրանցումները», որին հաջորդել են օտարման գործարքները։ Իսկ ամենաքիչ գործարքները, ըստ պաշտոնական տվյալների, եղել են վարձակալությունների համար։
Անդրադառնալով Երևանի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներին՝ նշենք, որ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից 11-ում բնակարանների 1 քառ. մետր մակերեսի գները թանկացել են, իսկ նույն արժեքին են մնացել միայն Նուբարաշենի բնակարանները։ Բնակարանների առքուվաճառքի համար «ամենաթանկ» վարչական շրջանները այդ ամիս ևս շարունակել են մնալ Կենտրոնն ու Արաբկիրը։
Նույն վարչական շրջաններում թանկացել են նաև բնակելի տների գները: Հիշեցնենք, որ միաժամանակ նկատվել էր բնակելի տների առքուվաճառքի ծավալների կրճատում։
Այլ քաղաքների բնակարանների շուկայական միջին գներին ծանոթանալիս պարզ է դառնում, որ հանրապետությունում ամենաթանկ բազմաբնակարանները ձեռք են բերվում Ծաղկաձորում, ապա` Աբովյանում և Վաղարշապատում։
Մարզային քաղաքների բնակարանների առանձնացված տվյալները դիտարկելիս՝ հետաքրքիր մի փաստ է արձանագրվում. 2016-ի դեկտեմբերին մարզային ամենաթանկ քաղաք Ծաղկաձորում բնակարանի 1 քառ. մետր մակերեսի գինը գերազանցում է անգամ Երևանի տասը վարչական շրջանների բնակարանների գներին և «զիջում է» միայն մայրաքաղաքի ամենաթանկ վարչական շրջաններին՝ Կենտրոնին և Արաբկիրին։
Լուսանկարը՝ rimatravel.info
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել