HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ»-ի թղթակիցները տեղեկատվություն ստանալու խնդիրների մասին

Արմինե Օհանյան

«Հայկական ժամանակ» օրաթերթը իր գոյության հինգ տարիների ընթացքում մշակել է ինֆորմացիա հայթայթելու, ճշտելու եւ հրապարակելու բավական արդյունավետ մեխանիզմ: Այլեւս առաջին տարվա տեղեկատվական խայծերը կուլ տալու, չճշտված ինֆորմացիաներ տպագրելու, ինչ-ինչ իրադարձություններին անմասն մնալու անփորձությունը չկա: Գործում են տեղեկատվություն ստանալու, դրանք մի քանի աղբյուրից ճշտելու, որպես հետեւանք՝ ծագող դատական պրոցեսներից ապահովագրվելու հստակ մեխանիզմներ: Յուրաքանչյուր լրագրող ունի տեղեկատվության իր վստահելի, ժամանակի ընթացքում փորձություն անցած աղբյուրները: 

Ձեւավորվել է տեղեկատվություն տրամադրող անձանց շրջանակ, որոնք ոչ միայն օգնում են ստացված ինֆորմացիան ճշտել, այլեւ անձամբ են տեղեկացնում կատարվածի կամ կատարվելիքի մասին: Սակայն, անշուշտ, սա չի նշանակում, որ ընդդիմադիր համարվող, անկախ թերթի համար հեշտ է պետական կառույցներից անհրաժեշտ ինֆորմացիա ստանալը, մշտապես սեփական աշխատանքը կորցնելու վախ ունեցող տարբեր չինովնիկներից տեղեկատվություն կորզելը: «ՀԺ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ չկա ինֆորմացիա ստանալու դժվարություն, կա իր գործը վատ կատարող լրագրող, որը չգիտի ինչպես աշխատել եւ ինչպես ստիպել, որ չինովնիկը տրամադրի իրեն անհրաժեշտ ինֆորմացիան: Այս կարծիքը կիսում են նաեւ թերթի լրագրողներ Հայկ Գեւորգյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ավետիս Բաբաջանյանը, որոնք չկարողացան մտաբերել դեպքեր, երբ իրենց անհրաժեշտ ինֆորմացիան տվյալ պետական պաշտոնյան կամ պետական մարմինը հրաժարվել է տրամադրել: Ա. Բաբաջանյանը նշեց, որ անգամ եթե խուսափում են ինֆորմացիա տրամադրել, ապա ոչ թե կտրականապես ասում են՝ ոչ, այլ պարզապես «գլխառադ» են անում՝ ակնհայտորեն չբավարարող պատասխան տալով: Այս դեպքում է, որ գործի է դրվում լրագրողի ողջ հնարամտությունը, պետական օղակը շրջանցելու, ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ գտնելու շնորհքը: Պետական չինովնիկների անբարեհաճությանն ամենից շատ «ՀԺ»-ի խմբագրությունում բախվել է լրագրող Վահագն Հովակիմյանը:

Գուցե դա բացատրվում է նրանով, որ Վահագնը կոնկրետ ոլորտով չի զբաղվում, նա մի տեսակ «շտապ օգնության» դեր է խաղում՝ որսալով օրվա իրադարձությունները, զբաղվելով «չեպեներով» ու զանազան չնախատեսված-չպլանավորված խնդիրներով: Վերջին շրջանում նա մի քանի շաբաթ էր ծախսել Մաքսային կոմիտեից ցորենի ներկրման հետ կապված տեղեկատվություն ստանալու վրա: Մաքսային կոմիտեում հրաժարվել էին ինֆորմացիա տրամադրել՝ չնայած Մաքսայինի լրատվության պատասխանատու Նելլի Մանուչարյանը նախապես խոստացել էր տալ պահանջվող ինֆորմացիան, ապա ճշտելով իր պետի՝ Արմեն Ավետիսյանի կարծիքը, մեր թղթակցից ներողություն խնդրելով բացատրել էր, թե՝ «շեֆն արգելել է»: Ընդհանրապես Վ. Հովակիմյանի կարծիքով նման սուր իրավիճակներում պետական պաշտոնյաները ոչ այնքան մերժում են, որքան տվյալներ տրամադրելու գործընթացն ձգձգում այնքան ՝ մինչեւ խնդիրը լուծվում է կամ հնանում եւ ըստ այդմ կորցնում իր հրատապությունը: Վ. Հովակիմյանի կարծիքով տեղեկատվություն չտրամադրող մյուս «բաստիոնը» Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, որն այդ հարցում ֆանտաստիկ «հաջողությունների» է հասել: Անգամ շենքն այնպես է վերակառուցվել եւ ներքին ծառայություններն այնպես են կազմակերպվել, որ լրագրողների մուտքը հնարավորինս արգելեն, իսկ աշխատանքը հնարավորինս արգելակեն: Թվում է՝ նախագահության թեկնածուների կենսագրությունը չի կարող համարվել գաղտնի ինֆորմացիա եւ չտրամադրվել լրագրողներին:

Սակայն ԿԸՀ-ն նախագահության թեկնածուների կենսագրությունները տպագրելով «Հայաստանի հանրապետություն» պաշտոնաթերթում, որի հետ ԿԸՀ-ն համապատասխան պայամանագիր էր կնքել, հրաժարվել է մյուս լրատվամիջոցներին տրամադրել` պատճառաբանելով, թե երբ «ՀՀ»-ում հրապարակենք կենսագրությունները, այն ժամանակ էլ կծանոթանաք: Սակայն բնական է, որ մրցակցության պայմաններում օրաթերթը չի կարող սպասել եւ ինֆորմացիա տպագրելու առաջնահերթությունը չի կարող զիջել մեկ այլ լրատվամիջոցի: «ՀԺ»-ի թղթակից Վ.Հովակիմյանը ստիպված դիմել է բոլոր թեկանծուների շտաբներին եւ այնտեղից ստացել անհրաժեշտ տեղեկատվությունը: Այսինքն ոչ միայն ավելորդ չարչարանք, այլեւ նյարդեր ու ժամանակ է ծախսվել եւ միաժամանակ հասկանալի է դաձել, որ կան արտոնյալ լրատվամիջոցներ, որոնք ինֆորմացիա ստանալիս շատ ավելի պակաս աշխատանք են թափում, քան ասենք, անկախ լրատվամիջոցի աշխատակիցները: 

Նախագահական ընտրությունների առաջին փուլի ժամանակ մոտ 10 ժամ ԿԸՀ-ից ոչ մի տեղեկատվություն չէր տրամադրվում, լրագրողներին առանձնացնելով ԿԸՀ շենքի առաջին հարկի համապատասխան հատվածում եւ նրանց թույլ չտալով բարձրանալ վերեւ, ԿԸՀ անդամներն իրենց պաշտպանված էին զգում ոստիկանների պատվարով: Լրագրողների ցանկացած փորձ՝ ճեղքել այդ պատը, անհաջողության էր մատնվում: 10 ժամ սպասելով որեւէ տեղեկատվության եւ չստանալով այն, բնականաբար լրագրողները հարկադրված էին ենթադրություններ ու գուշակություններ անել, ինչը միշտ հղի է սխալվելու հավանականությամբ: Բացի այդ, սա նաեւ օրենքի կոպիտ խախտում էր, քանի որ ըստ «Ընտրական օրենսգրքի» ԿԸՀ-ն պարտավոր է երեք ժամը մեկ ինֆորմացիա տրամադրել հանրությանը: Ժամանակին տեղեկատվություն չտրամադրելու հանգամանքը չէր վրիպել նաեւ միջազգային դիտորդների ուշադրությունից, որոնք իրենց զեկույցների մեջ էական տեղ էին հատկացրել ժամանակին եւ ճշգրիտ ինֆորմացիա հաղորդելու անհրաժեշտությանը եւ խորհուրդ տվել այդ բացը լրացնել մյուս ընտրությունների ժամանակ: 

Տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հաջորդ պատմությունը Վահագն Հովակիմյանի աշխատանքային կենսագրության մեջ կապված է «Հայկական երկաթուղու» հետ: Նրա բոլոր փորձերը՝ պարզել, թե ինչ վիճակում է հայկական երկաթուղին, ինչ ժառանգություն ունենք, ինչ է հարկավոր նրա լիարժեք աշխատանքի համար՝ հանդիպել են երկաթուղու պաշտոնյաների արգելապատին: Հետաքրքիրն այն է, որ սույն պաշտոնյաները ոչ թե չեն տրամադրել ինֆորմացիան, այլ խուսափել են «ՀԺ»-ի թղթակցի հետ անգամ հանդիպելուց:

Օրեր շարունակ ժամադրվելով եւ խախտելով ժամադրությունները այդ պաշտոնյաները լրագրողին հասկացրել են, որ չեն ուզում իրենց մասին գրվի: Երկաթուղու փոխտնօրեն Վահագն Ղարագյոզյանի քարտուղարուհին պատասխանել է՝ տեղում չէ եւ «ՀԺ»-ի թղթակիցը ստիպված է եղել զանգահարել Կապի նախարարին, որն ուղիղ հեռախոսով կապվել է փոխտնօրենի հետ ու կապավորի դեր կատարել լրագրողի եւ իր ենթակայի միջեւ: Ընդհանրապես Վահագն Հովակիմյանի կարծիքով շատ ավելի հեշտ է ինֆորմացիա ստանալ առաջին դեմքերից, քան նրանց ենթակա միջին կարգի չինովնիկներից: 

Հաջորդ փակ օղակը, ըստ Վ.Հովակիմյանի օդանավակայանն է, որտեղից ինֆորմացիա ստանալու համար պետք է գործի դնես լրագրողական ողջ հմտությունդ: Այստեղ ցանկացած պաշտոնյա մի նշանաբան ունի՝ «լրագրողների հետ չշփվել», առավել մարդամոտներն արդարանում են՝ «եթե քեզ ինֆորմացիա տամ, կթռնեմ ստեղից»: Կամ էլ ծայրահեղ դեպքում տեղեկատվությունը տրամադրում են մի պայմանով, որ հանկարծ որեւէ մեկը չիմանա այդ մասին, նաեւ հանկարծ հոդվածից չերեւա, որ հրապարակման աղբյուրն ինքն է: 

Տեղեկատվության հետ կապված իր խնդիրներն ունի նաեւ «ՀԺ»-ի մշակույթի, կրթության, սոցիալական հարցերով զբաղվող Լուսինե Բարսեղյանը: Ասենք, կրթության նախարարությունից նրան չի հաջողվել ստանալ այս տարվա բուհ ընդունվածների անվանացանկը, որը թվում է բաց է եւ արդեն հրապարակվել է՝ փակցվել է բուհերի պատերին: Նախարարությունում հասկանալով, որ այս ցանկից հնարավոր կլինի ճշտել, թե բարձրաստիճան պետական պաշտոնյաների զավակները որ բուհերն են ընդունվել եւ ինչ կարգով (վճարովի, թե անվճար), հրաժարվել են տրամադրել այն: Երբեմն տեղեկատվություն ստանալու դժվարություն է ծագում այնպիսի պարզունակ խնդիրների հետ կապված, ինչպես օրինակ Հայաստանում թատրոնների քանակն է: Մշակույթի նախարարության բեմարվեստի վարչությունը հրաժարվել է Լուսինե Բարսեղյանին տրամադրել այդ թիվը: 

Մեր մյուս դժգոհությունը դատախազությունից է: Ցանկացած հարցով դիմելիս դատախազության մամուլի պատասխանատու Գուրգեն Ամբարյանը պատասխանում է՝ «Տեղյակ չեմ, մենք չենք քննում, նման ինֆորմացիա չունենք»: Այս պատասխանն է հնչում անգամ շատ ակնհայտ դեպքերում: Ասենք, ձերբակալվել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) քրոջ որդին՝ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (ծաղիկ Ռուբո) եղբոր որդիների հետ կապված ընդհարման առիթով, Գ.Ամբարյանը միանշանակ ժխտում է այդ լուրը: Իսկ երբ խմբագրությունից կապվում ենք գլխավոր դատախազի օգնականի հետ եւ բողոքում նրանց լրատվականի աշխատանքից, կարճ ժամանակ անց գլխավոր դատախազի հրահանգով Ամբարյանն անձամբ է զանգահարում խմբագրություն եւ հաստատում մեր նշած տեղեկատվությունը: Դատախազության լրատվականը բոլոր հարցերի համար մեկ պատասխան ունի՝ չգիտեմ, նման բան չկա: Սակայն այս լրատվականը ոչ բոլոր լրատվամիջոցների նկատմամբ է այսպես չկամ, կան թերթեր ու հեռուստաընկերություններ, որոնք ոչ միայն անհրաժեշտ ինֆորմացիա են ստանում, այլեւ ակտիվորեն համագործակցում իրավապահ մարմինների, մասնավորապես դատախազության հետ:

Կան տեղեկություններ, որոնք հնարավոր չէ ճշտել ոչ մի համակարգից: Այսպես օրինակ, ոչ արդարադատության նախարարությունում, ոչ դատախազությունում, ոչ վճռաբեկ դատարանում մեզ չկարողացան տրամադրել ընտրություններին առնչվող դատական գործերի մասին տեղեկատվություն՝ ոչ գործերի բնույթի, ոչ դատավճիռների հետ կապված, ոչ էլ դատապարտյալների տվյալները: Պարզվեց, նման տեղեկատվություն կարելի է ստանալ միայն հատ-հատ բոլոր դատարաններով շրջելու դեպքում, ինչը ոչ միայն ֆիզիկապես, այլեւ գործնականում անհնարին է, քանի որ դատարաններից դատավճիռներ կամ որեւէ տեղեկատվություն ստանալը բավական բարդ գործընթաց է: Ընդհանրապես գրեթե անհնարին է քննվող գործերի մեղադրական եզրակացությունները կամ դատական որոշումները ստանալը: Լրագրողները դրանք սովորաբար վերցնում են ամբաստանվողի հարազատներից, պաշտպաններից, սակայն երբեք ոչ մեղադրողից կամ դատավորից:

Ասենք, Հովիկ Մանուկյանի սպանության մեջ մեղադրվող Միշա Քալանթարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը մեզ հրաժարվեց տրամադրել դատախազության լրատվության պատասխանատուն, իսկ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը հրաժարվեց տրամադրել նաեւ այս գործով իր կայացրած դատավճիռը՝ մեզ ուղարկելով Էրեբունի դատարան, որտեղ ուղարկվել է գործը՝ լրացուցիչ քննության:

Եթե Երեւանում աշխատող լրագրողներն բազմազան ու բազմաբնույթ դժվարություններ ունեն՝ կապված ինֆորմացիայի հայթայթման հետ, ապա մարզերում աշխատող լրագրողների աշխատանքը այդ իմաստով քառապատիկ բարդ է: Գյումրիում «ՀԺ»-ի սեփական թղթակից Արման Գալոյանը հատկապես դժվար է հարաբերվում Գյումրիի քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետի հետ: Քաղաքապետարանում նրան որպես կանոն մերժում են ցանկացած տեղեկություն տրամադրել: Այս վիճակն առաջացել է դեռ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտրվելու նախօրյակին, երբ մեր թղթակցի ջանքերով պարզվեց, որ վերջինս ժամանակին չի ծառայել բանակում, այսպես կոչված՝ գժի թուղթ ունենալու պատճառով: «ՀԺ»-ն տպագրեց այդ «թղթի» բնօրինակը: Արդյունքում խիստ բարդացավ Արման Գալոյանի աշխատանքը: Նա այժմ շատ ավելի հեշտ տեղեկություն է ստանում Շիրակի մարզպետարանից, դատախազությունից, այլեւայլ կառույցներից, քան քաղաքապետարանից: 

Սյունիքում «ՀԺ»-ի թղթակից Արմեն Մկրտչյանը գտնում է, որ մարզերում ավելի ցավոտ են վերաբերվում քննադատությանը եւ դա է նաեւ լրագրողների նկատմամբ առավել անհանդուրժող լինելու պատճառը: Նա մտաբերեց ամենաթարմ դեպքը, երբ Սյունիքի մարզի սանիտարական բժշկին էր դիմել Մեղրիում ծագած համաճարակի կապակցությամբ, իսկ վերջինս տվյալներ տրամադրելու փոխարեն, ասել էր՝ «ես քո ոչ մի հարցին չեմ պատասխանի»: Անշուշտ ցավալի է, որ նման պատասխան տվող չինովնիկը մնում է անպատիժ, սակայն սա է մեր իրականությունը: Իսկ այն հեռու է իդեալական, իսկ դա նույնն է, որ բաց, թափանցիկ ու դեմոկրատական լինելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter