HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ովքեր են 2016-ի ամենախոշոր հարկատուները. ՊԵԿ-ը հրապարակել է տվյալները

2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի 1000  խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 716.2 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է մոտ 19.7 մլրդ դրամով կամ 2.8%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները՝ 1000 խոշոր հարկատուների վերաբերյալ։

Խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալն աճել է ի հաշիվ հարկային մարմինների կողմից  հավաքված հարկերի ավելացման։ Նշված 716.2 մլրդ դրամից 74%-ը հավաքագրել են հարկային մարմինները, իսկ 26%-ը՝ մաքսային մարմինները։ 2015 թվականի համեմատ՝ հարկային մարմինները հավաքագրել են մոտ 34 մլրդ դրամով ավելի շատ հարկ, իսկ մասքային մարմինների հավաքագրած հարկերի ծավալը նվազել է 14.3 մլրդ դրամով։

2016 թվականի տարեկան տվյալներով՝ ՀՀ խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա»-ն, որն ամբողջ տարվա ընթացքում վճարել է մոտ 42.4 մլրդ դրամի հարկ։ Նախորդող տարվա համեմատ՝ փոփոխությունը մեծ չէ (տես ինֆոգրաֆիկան)։

Հանրապետության երկրորդ խորագույն հարկատուն «Գրանդ Տոբակո»-ն է, որի հարկերի թռիչքը հարկատուների ցանկում առաջինն աչքի ընկնող փոփոխություններից մեկն է։ Նախորդ տարի այս ընկերությունը վճարել է մոտ 22.6 մլրդ դրամի հարկ՝ մոտ 8.9 մլրդ դրամով կամ շուրջ 65%-ով ավելին, քան 2015  թվականին։

Իսկ խոշորագույն հարկատուների առաջին եռյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ մոտ 17.3 մլրդ դրամով։ Այս ընկերության հարկերի ծավալը մեկ տարում աճել է 770 մլն դրամով կամ 4.7%-ով։

Հնգյակում են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ն ու «Ալեքս Գրիգ»-ը։ Երկուսի դեպքում էլ հարկերի նվազում է գրանցվել։ «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի հարկերը պակասել են 1.4 մլրդ դրամով կամ 8.4%-ով։ Ավելի զգալի է  «Ալեքս Գրիգ»-ի վճարած հարկերի նվազումը՝ 3.4 մլրդ դրամով կամ 18.6%-ով։

Առաջին տասնյակում են նաև «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը, «Թեղուտ»-ը, «Ղ-Տելեկոմ»-ը, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն ու «Ֆլեշ»-ը։ Ուշագրավ է, որ նրանցից միայն «Թեղուտ»-ն է ավելացրել հարկերը, իսկ մնացած չորսի մասով նվազում է գրանցվել։ «Թեղուտ»-ի հարկերն ավելացել են 2.8 անգամ։

Եթե համեմատում ենք խոշոր հարկատուների 2015 և 2016 թվականների առաջին 10 հորիզոնականում գտնվող ընկերությունների ցուցանիշներն, ապա ակնառու է «Գրանդ Տոբակո»-ի ու «Թեղուտ»-ի թռիչքը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (ԶՊՄԿ) վայրէջքը։ 2015-ի տարեկան տվյալներով ԶՊՄԿ-ն հանրապետության երկրորդ խոշորագույն հարկատուն էր։ 2016-ին, սակայն, ԶՊՄԿ-ի վճարած  հարկերը պակասել են 3 անգամ ու 9.1 մլրդ դրամով, ինչի արդյունքում ընկերությունը հայտնվել է 16-րդ հորիզոնականում։

2016-ի 10 խոշորագույն հարկատուների ցուցանիշները մեկտեղել ենք ինֆոգրաֆիկայում, որի երկրորդ էջում կարող եք տեսնել նաև տարբերությունը 2015  թվականի նկատմամբ։

ՀՀ 10 խոշորագույն հարկատուները 2016թ. (հարկերի ծավալը՝ մլրդ ՀՀ դրամով)
Create column charts

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում ընդհանուր առմամբ հավաքագրվել է մոտ 1.08 տրլն դրամի հարկեր ու տուրքեր։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ ՀՀ 1000  խոշոր հարկատուները 2016 թվականին ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 66%-ը։

2016 թվականի խոշոր հարկատուների երկրորդ տասնյակում են «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը (հարկերի ծավալը՝ մոտ 10.9 մլրդ դրամ), «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը (9.4 մլրդ դրամ), «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը (մոտ 9.4 մլրդ դրամ), «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն (9.3  մլրդ դրամ), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն (9.3  մլրդ դրամ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (9.1 մլրդ դրամ), «Արմենիա միջազգային օդանավակայաններ» (9.1 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ»-ը (5.1 մլրդ դրամ), «Ավերս»-ը (5 մլրդ դրամ) և 20-յակը եզրափակում է «Գրանդ Քենդի»-ն (5 մլրդ դրամ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter