HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան. «Մենք ունենալու ենք տեղական հեղինակությունների և ֆինանսական օլիգարխների խորհրդարան»

Արաքս Մամուլյան

«Հետքի» զրուցակիցն է քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը:

- Պարո՛ն Դանիելյան, եթե համեմատենք այս տարվա և սրան նախորդած խորհրդարանական մյուս ընտրությունները, ապա հասարակական տրամադրությունների և քաղաքական դաշտում տիրող իրավիճակի միջև էական տարբերություններ տեսնո՞ւմ եք:

- Դժվար է նման հարցերին պատասխանելը, քանի որ սուբյեկտիվ ընկալումների խնդիր կա: Քանի որ արժանահավատ սոցհարցումներ չեն արվում, իրականին մոտ պատկեր չենք կարող ունենալ: Ապագա և նախորդ ընտրությունների խնդիրները տարբեր են: Նախորդ ընտրությունների ժամանակ դրված էր ՀՀԿ-ի վերարտադրման խնդիրը: Հիմա խնդիրն այլ է: Սերժ Սարգսյանը ցանկանում է այլ կարգավիճակով վերահսկել իշխանությունը, և հասկանալի չէ, թե որքանով դա նրան կհաջողվի: ՀՀԿ-ից մի քանի կարկառուն դեմքերի հեռանալը ցույց է տալիս, որ ընտրություններից հետո, առավել ևս` 2018-ից հետո, կարող են անկառավարելի գործընթացներ սկսվել: Անկառավարելի` Սերժ Սարգսյանի համար, նաև՝ ընդհանրապես: Նոր սահմանադրության և նոր ընտրական օրենսգրքի պայմաններում «աղքատ» կուսակցությունները հաջողության հասնելու շանս չունեն: Մյուս կողմից էլ ռեյտինգային ցուցակների առկայությունը կհանգեցնի նրան, որ խորհրդարանում տեղական հեղինակությունների և տնտեսության ոլորտում մոնոպոլիստների քանակն ու ազդեցությունը նույնպես ավելի մեծ կլինի:

- ՀՀԿ-ից այդ մի քանի կարկառուն դեմքերի հեռանալը, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն արդեն իսկ չե՞ն խոսում այն մասին, որ այդ անկառավարելի գործընթացները սկսված են: Ինչո՞ւ եք ընտրություններից հետո անկառավարելի գործընթացներ սկսվելու նախադրյալներ տեսնում:

- Գործող համակարգը և մասնավորապես՝ ՀՀԿ-ն, հիմնված են մեկ անձի վրա, ով կայացնում է կարևոր որոշումները, նաև` ամենակենսականը: Բնականաբար, չեն գործում կառավարման հակակշիռները և բացակայում են որոշումների կայացման քաղաքակիրթ մեխանիզմները: Դա արդեն իսկ անկառավարելի գործընթացների նախադրյալ է: Նաև ինչպես ասեցի, հասկանալի չէ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերահսկելու խորհրդարանը: Հասկանալի չէ ոչ միայն մեզ համար, այլև հենց գործող համակարգի համար: Ծառուկյանը, Աբրահամյանը, վստահ եմ, որ իրենք էլ չգիտեն իրենց հետագա անելիքները: Ամեն ինչ կախված է բազմաթիվ հանգամանքներից:

- Կառավարման Խորհրդարանական համակարգին անցում կատարելու իշխանության հիմնավորումներից մեկը քաղաքական ավելի հասուն համակարգ ստեղծելն էր: Այսօր Հայաստանը խորհրդարանական ընտրությունների շեմին է: Դուք տեսնո՞ւմ եք որոշակի չափով ավելի հասուն քաղաքական դաշտ, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսել:

- Բնականաբար վաղ է և, բնականաբար, դրա հիմքերն էլ չկան: Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, որ ընտրությունները ընթանալու են փողի կարողության և տեղերում մարդկանց վրա ունեցած ստվերային լծակների միջոցով: Ռեյտինգային ընտրացուցակների ներմուծումը գուցե ավելի բացասական դեր կատարի, քան կոպիտ ընտրակեղծիքները: Դա մեծ հարված է հասցնելու պետականության հասկացությանը: Մենք ունենալու ենք տեղական հեղինակությունների և ֆինանսական օլիգարխների խորհրդարան, հետևաբար` նաև նրանց կողմից վերահսկվող խորհրդարան: Հանրության մնացած շերտերը, որոնք կազմում են 99 տոկոսը, կորցնում են պետության վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը: Նույնիսկ «Մարտի 1»-ը նման հարված չէր պետականության հասկացության վրա, քան նման մեխանիզմի ներմուծումը: Մոտ օրերս կտեսնենք այդ ռեյտինգայում ցուցակներում ներգրավված անձանց անունները և կապրենք հերթական շոկը և անհուսության զգացումը:

- Դուք խոսեցիք այն մասին, որ հանրության 99 տոկոսը կորցնում է պետության վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը: Այսինքն՝ նման պայմաններում նաև հետքա՞յլ ենք կատարում ժողովրդավարությունից:

- Մեր այսօրվա խնդիրը ժողովրդավարությունը չի այնքան, որքան ուղղակի պետության խնդիրը: Ժողովրդարությունն ճոխ խնդիր է թվում, երբ պարզ չէ մոտ 10 տարվա կտրվածքում առհասարակ պետության գոյության հեռանկարը և՛ անվտանգության ապահովման առումով, և՛ տնտեսության առումով, և՛ դեմոգրաֆիական առումով: Ցուցակը կարելի է երկար շարունակել, սակայն այդ խնդիրներից ոչ մեկին համար գործող համակարգը որևէ հեռանկար ցույց չի տալիս: Ճիշտ հակառակը, բոլոր ոլորտներում հետընթաց է:

- Հասարակությունը կարո՞ղ է  ստեղծված պայմաններում իրավիճակ փոխել:

- Կարծում եմ, որ Հայաստանում հասարակություն, որպես այդպիսին, չկա: Կա մարդկանց զանգված: Հասարակությունը մարդկանց միավորում է, որոնք ունեն ընդհանուր արժեքային համակարգ, ընդհանրական շահեր և նպատակներ, հարաբերությունների սոցիալական մոդել, համակեցության կանոններ, ինքնակազմակերպման ձևեր, ընդհանրական կամք և այլն: Կարևոր է նաև աշխատանքի բաժանման մոդելները: Ծնկի իջած մարդկանց զանգվածը չի կարող հասարակություն կոչվել, առավել ևս, որ մեծ մասի հիմնական խնդիրը զուտ գոյատևման հարցն է: Մեր ամենակենսունակ շերտը պարզ կրիմինալն է, և հարաբերության մոդելը նույնպես կրիմինալ է: Նույնիսկ պատգամավորները՝ ԱԺ ամբիոնից, իսկ քաղաքական գործիչները՝ հրապարակային խոսքում, հաճախ այդ բառապաշարով ու հասկացություններով են ելույթ ունենում, ինչը հասկանալի է հասարակության մեծ մասի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter