Սոցիալական ծառայությունների անմատչելիության հետեւանքները
Մետաքսե Պետրոսյան
Հետաքննող լրագրողների ընկերակցությունը «Հասարակությունից մեկուսացածները» ծրագրի շրջանակում ուսումնասիրություն է կատարել Կոտայքի մարզի 12 գյուղերում` հասարակությունից մեկուսացած անձանց կամ ընտանիքներին հայտնաբերելու, նրանց մեկուսացվածության պատճառները պարզելու համար: Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ գյուղաբնակները, հիմնականում, դուրս են մնացել պետության աջակցությունից ու ուշադրությունից, որ տեղաբնակների հավաստմամբ իսկ՝ ամենաաղքատները զրկված են Աղքատության ընտանեկան նպաստից, ճիշտ չեն գործում դրանց բաշխման չափորոշիչները, հաշմանդամները զրկված են հաշմանդամության կարգից: Տնային ծնունդների դեպքում (ինչը առկա էր գրեթե բոլոր գյուղերում), նյութական միջոցների բացակայությունը կանանց ստիպում է խուսափել ծննդատուն գնալուց, հետագայում էլ դեմ առնելով շրջանի ծննդատան ու ՔԿԱԳ մարմինների թղթատարական ու իրականությանը չհամապատասխանող գրանցման համար պահանջվող գումարային շորթումներին: Ահա այս խնդիրների քննարկմանն էր նվիրված հոկտեմբերի 21-ին Ժուռնալիստների միությունում Առողջապահության, Արդարադատության ու Սոցապ նախարարությունների հետ համատեղ հրավիրված կլոր սեղանը:
Առողջապահության նախարարության փորձագետ Ա. Հովհաննիսյանը համաձայնեց, որ բարձրացված հարցերը հապշտապ լուծում են պահանջում եւ առողջապահության, արդարադատության նախարարությունները նույնպես վիճակագրական վարչության հետ օրերս քննարկել են այդ հարցերը: Քննարկումներն ընթացել են երկու ուղղությամբ. ինչ անել ծնունդների գրանցումը բարելավելու եւ մանկական մահացածության դեպքերի գրանցումը կարգավորելու համար, քանզի միայն դրանց կարգավորման դեպքում է, որ Առողջապահության նախարարությունը կարող է ունենալ ճիշտ վիճակագրություն եւ մշակել համապատասխան ռազմավարություն ուղղված եւ հիվանդությունների, եւ մահացածության նվազեցմանը:
Կիսելով հանդերձ առաջ քաշված խնդիրների վերաբերյալ եղած մտահոգությունները տիկին Հովհաննիսյանը արձանագրեց, որ միայն տնային ծնունդների գրանցումը չէ, որ դժվարացել է այսօր, այլեւ` ծննդատանը ծնվածներինը, եթե ծնողները դեռեւս հին անձնագրերով են: Ուստիեւ, համատեղ քննարկման ժամանակ որոշվել է առաջարկել կառավարությանը ծնունդների գրանցումը թույլատրել նաեւ հին անձնագրերով: Հաջորդ եւ ոչ պակաս կարեւոր խնդիր նա համարեց տեղեկատվության պակասը կամ բացակայությունը, թե գյուղաբնակների, եւ թե բուժաշխատողների շրջանում, այս առումով, կարեւորելով յուրաքանչյուր կնոջ գիտակցական մոտեցումը հիվանդանոցում ծննդաբերելու անհրաժեշտության վերաբերյալ, միաժամանակ մատնանշելով, որ անցյալ տարի տնային ծննդաբերությունից գրանցվել է մայրական մահացածություն:
Գրանցման խնդրի կարգավորմամբ պայմանավորված նա տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունը եւս առաջ է քաշել ծնունդների ու մահերի գրանցումը գյուղական խորհուրդներին վերադարձնելու հարցը, որպեսզի իրական պատկերն առավել ճիշտ լինի, քանի որ շատ դեպքերում դրանց կատարմանը խանգարում են նաեւ գյուղերի հեռավորությունն ու կտրվածությունը շրջկենտրոնից:
Նա տեղեկացրեց, որ Առողջ. նախ. հանձնարարել է Կոտայքի մարզի առողջապահության բաժնին եւ նույնիսկ Գեղաշենի ամբուլատորիայի վարիչին, որ տնային ծնունդները, մեծ երեխաները կարող են գրանցվել հարեւանների, ծննդին մասնակիցների, առնվազն երեք հոգու, վկայությամբ եւ գյուղական ամբուլատորիայի` կենդանության ու մահացածության մասին տեղեկանքով: Ըստ նրա` արդարացի կլիներ, որ ինչպես՝ մեծահասակի մահվան դեպքում է տրվում նպաստ, այնպես էլ՝ մանկական մահացածության դեպքում տրվի, ինչը, գուցեւ, ծնողին կշահագրգռի կատարել մահվան գրանցումը, իսկ նախարարությունն էլ կունենա առավել ճիշտ վիճակագրություն:
Հղիների հետազոտման վերաբերյալ Առողջ. նախ. աշխատակիցը պնդում էր հղիների պարտադիր հետազոտումը շրջանային կոնսուլտացիաներում առնվազն երկու անգամ եւ լաբորատոր, եւ մյուս հետազոտություններով, իսկ ընթացքում գտնվի տեղամասային մանկաբարձուհու հսկողության տակ: Անհրաժեշտ է նաեւ բարձրացնել վերջիններիս գիտելիքների մակարդակը, որպեսզի տնային ծնունդների դեպքում նրանք կարողանան առավել լավ օգնել ծննդաբերության ժամանակ:
Նա խոստացավ քննարկման ժամանակ առաջ քաշված հարցերը գրավոր բարձրացնել կառավարության առջեւ ու որոշումով դրանց լուծում տալ: «Բնակչությունը պետք է իրազեկ լինի, որ հղիների բուժսպասարկումը, ծննդօգնությունը պետության կողմից երաշխավորված բուժօգնություն է եւ ինքը պետք է կարողանա պաշտպանել իր շահերը», -եզրափակեց Ա. Հովհաննիսյանը:
Միանգամայն այլ էր Արդարադատության նախ. աշխատակիցների վերաբերմունքը իրենց ենթակայության Քաղաքացիական կացության ակտերի (ՔԿԱԳ) մարմինների աշխատանքի, այդ համակարգում եղած թերությունների ճշտման, նոր մեխանիզմների մշակման եւ կամ որոշ գործընթացներ գյուղական խորհուրդներին վերադարձնելու վերաբերյալ բարձրացված հարցերին: Արդ. նախ. ՔԿԱԳ գործակալության պետ Սամվել Թադեւոսյանը կտրուկ դեմ արտահայտվեց ծնունդների գրանցումը գյուղապետարաններին վերադարձնելու առաջարկին, պատճառաբանելով, որ իրենք տարեկան հարյուրավոր ուղղման գործեր են ստանում քաղաքացիների ծննդյան ակտի սխալ կատարման հետ կապված: Գործակալության պետը դա համարեց իրավաբանական աշխատանք, որը պետք է անպայմանորեն կատարվի մասնագետի կողմից: Նրա համոզմամբ ճանապարհի, տրանսպորտի վրա անտեղի գումարներ վատնելը, տասնյակ անգամներ գնալ գալը ոչինչ են ճիշտ փաստաթուղթ ունենալու համեմատությամբ:
Քաղաքացու` անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկացվածության հարցադրմանը եւս նա պատասխանեց նույն կտրուկությամբ, որ դրա համար կան ՔԿԱԳ մարմիններ, աշխատողներն էլ դրա համար են այնտեղ նստած, հնարավոր չէ յուրաքանչյուր գրանցման համար պատերին փակցնել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Պրն. Թովմասյանը նշեց, որ 99թ. դեռեւս Արդ. նախ. կողմից հրահանգ է տրվել ԶԱԳՍ-ին իրենց պատերին փակցնել միայն պետական պետուրքի դրույքաչափերը եւ դրանք փակցված են:
Լրագրողների հարցադրմանը, որ այդ փաստաթուղթը գրված է գյուղացու համար անհասկանալի լեզվով եւ իրենց ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ նրանց մեծամասնության համար անհասկանալի է հենց «բազային տուրք» արտահայտությունը, վերջինս նույն համառությամբ պնդեց, որ այնտեղ նշված է նաեւ, որ բազային տուրքի դրույքաչափը 1000 դրամ է: Եւ հավելեց, որ 99թ. մեկ այլ հանձնարարականով փակցված են բոլոր վարչությունների հեռախոսահամարները շտապ կամ անհրաժեշտության դեպքում նրանց հետ կապվելու ու պարզաբանումներ ստանալու համար: «Բոլոր տեսակի գրանցումները կարգավորվում են եւ քաղաքացիական, եւ ամուսնաընտանեկան օրենսգրքերով ու համապատասխան հրահանգչական ցուցումներով: Ձեզ թվում է, մենք պետք է գյուղապետին ստիպենք մեր հրահանգներին ծանոթանալ»,- դժկամությամբ ամփոփեց նախարարության աշխատակիցը:
Այդ դեպքում, միթե՞ գյուղացին պետք է ծանոթանա օրենսգրքերին, որպեսզի կարողանա իր հարցերը լուծել եւ չենթարկվել ամիսներ, իսկ երբեմն էլ՝ տարիներ ձգվող թղթատարական քաշքշուկներին ու անտեղի գումարներ վատնելուն: Գործընկերոջ պաշտպանական համառ հակագրոհին միացավ Արդ. նախ. մամուլի խոսնակ պրն. Ա. Սաղաթելյանը: Յոթ-ութ տարվա ընթացքում ծննդյան վկայական ձեռք բերել չկարողանալը նա համարեց նաեւ կուլտուրայի բացակայության նշան եւ առաջ տանելով իր միտքը պետական չինովնիկին հատուկ արհեստավարժությամբ անմիջապես մատնանշեց ՀՀ օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը, որը կոչված է տեղերում քաղաքացիների հարցերը լուծելուն: Նա այն համոզումն ուներ, որ եթե անգամ բոլոր փաստաթղթերի ու դրույքաչափերի տոկոսային հարաբերությունները դրամի վերածված փակցվեն ՔԿԱԳ-ի պատերին, ապա միեւնույնն է գյուղացին չի կարդալու, նորից դիմելու է աշխատողին:
Բարձրացված հարցերի մի զգալի մասն էլ առնչվում էին սոցիալական ոլորտին, կապված ԱԸՆ-ի, հաշմանդամության խնդիրների հետ: Սոցապ. նախ. սոցիալական աջակցության վարչության կենսական վերլուծության բաժնի պետ՝ Արմեն Մարգարյանը որոշեց ետ չմնալ մյուս նախարարության իր գործընկերներից: Եվ շտապեց որակել. «այսօրվա գործող օրենսդրությամբ սոց. նախ. ճիշտ է վարվել թե նշանակելու, թե չնշանակելու դեպքում»: Միաժամանակ տեղեկացրեց, որ սոց. ծառայություններում փակցված են անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դեռեւս 99թ. բոլոր մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին գրավոր զգուշացված է, որ տեղեկանքների տրամադրումը չկապեն ընտանիքի բնակարանային, կոմունալ եւ այլ վարձերի հետ: Պարզաբանեց նաեւ, որ սոց. ծառայության աշխատակիցը չի կարող հսկել գյուղապետերի այս կամ այն տեղեկանքը չտրամադրելու պատճառները եւ ոչ էլ կարող է ամեն մեկի հետ գնալ երբեմն մինչեւ ծայրամասային գյուղեր իսկությունը պարզելու համար. « մեր գործը ուսումնասիրելն է, ոչ թե` ստուգելը»:
Անհասկանալի է մնում մի բան, երբ քաղաքացին զրկվում է նպաստից հենց փաստաթուղթ չունենալու պատճառով` հաշմանդամության կարգ, չգրանցված ամուսնություն, ծնունդ, մահ եւ այլն, արդյոք ո՞րը պետք է լինի սոց. ծառայության աշխատակցի դերը՝ աջակցել մարդուն դրանք ձեռք բերելու՞, թե՞՝ ընդհակառակը: Պրն. Մարգարյանը դարձյալ չցանկացավ որեւէ բացթողում կամ թերություն արձանագրել սեփական նախ. հաշվին եւ կրկնեց արդ. նախ. ներկայացուցիչի ողջամտության կոչը. «երեք տարին մեկ տեղական ինքնակառավարման մարմիններ են ընտրվում եւ պարտավոր են գոնե փաստաթղթային հարց լուծել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել