HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական պաշտպանության իրականացումը Հայաստանի դատարաններում

«Հայցադիմումները վերադարձնելու եւ հայցադիմումի ընդունումը մերժելու պրակտիկան Հայաստանի դատարաններում» 

«Հետաքննող լրագրողների ընկերակցությունը» եւ «Փաստաբանների միջազգային միությունը» 2003թ.-ի հուլիսի 17-ին ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի դահլիճում հրավիրել էին կլոր սեղան «Հայցադիմումները վերադարձնելու եւ հայցադիմումի ընդունումը մերժելու պրակտիկան Հայաստանի դատարաններում» թեմայով: 

Քննարկմանը մասնակցեցին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, հանրապետությունում գործող փաստաբանական երկու միությունների անդամներ, դատարանների աշխատակիցներ, իրավաբանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ այլք: 

Կլոր սեղանի կազմակերպիչները մասնակիցներին ներկայացրին Երեւանի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի առաջին ատյանի դատարաններում կատարած հայցադիմումը վերադարձնելու եւ հայցի ընդունումը մերժելու մասին դատարանների կայացրած որոշումների հետազոտության վերլուծությունը: Քննարկում ծավալվեց ներկայացված հետազոտության արդյունքների, քաղաքացիներին ու իրավաբանական անձանց դատական պաշտպանությունից զրկելու թեմաներով լրագրողական հրապարակումների ու այդ թեմայով ցուցադրված տեսաֆիլմի շուրջ: Մասնակիցները համամիտ էին ներկայացված վերլուծության արդյունքներին, այն լրացրին պրակտիկայում հանդիպող դատական պաշտպանությունը սահմանափակող այլ օրինակներով: Նշեցին, որ գործող օրենքի համաձայն, հայցադիմումը վերադարձնելու կամ հայցի ընդունումը մերժելու դեպքում դատավորը պարտավոր է 3 օրում պատճառաբանված որոշում կայացնել, մինչդեռ, մասնակիցների դիտարկումներով, այդպիսի որոշումներ կայացվում են ներկայացված հայցադիմումների մոտ 1/3-ի չափով, իսկ մյուս հայցադիմումները հաճախ բանավոր են մերժում: Արդյունքում, քաղաքացիները զրկվում են դատական պաշտպանության դիմելու իրենց սահմանադրական իրավունքից: 

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հայտնեց, որ քաղ. դատ. օր-ով նախատեսված ներկայիս բողոքարկման տարբերակն իրեն չի արդարացնում, որի դեմ ժամանակին հակափաստարկներ են ներկայացրել, բայց, դժբախտաբար, ընդունվել է այս տարբերակը: Ներկաներն արտահայտվեցին օրենսդրական փոփոխության օգտին: Քննարկման մասնակիցները եկան այն եզրակացության, որ քաղաքացիների դատական պաշտպանության դիմելու իրավունքը սահմանփակվում է, որը հիմնականում պայմանավորված է բողոքարկման վերը նշված կարգով: 

Իրավաբանների կարծիքով, հարցի լուծումը օրենսդրական փոփոխության միջոցով բողոքարկման կարգի փոփոխումն է, քանի որ գործող կարգը սահմանափակում է ՀՀ սահմանադրության 37 հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքների իրականացմանը: Առաջարկվեց այնպիսի օրենսդրական փոփոխություն իրականացնել, որ շահագրգիռ կողմերը հայցադիմումները վերադարձնելու եւ հայցադիմումի ընդունումը մերժելու որոշումները վերադաս դատարանում բողոքարկելու հնարավորություն ունենան: Այսօր դատավորներն անգամ խոստովանում են, որ բողոքարկման ներկայիս գործող կարգն իրեն չի արդարացնում եւ դա փաստվում է դատարանում կատարած մեր ուսումնասիրությամբ: 

Որոշվեց քննարկման մասնակիցների անունից առաջարկել ՀՀ Ազգային ժողովին դիմելու իրավունք ունեցող մարմիններին եւ պաշտոնատար անձանց՝ ՀՀ նախագահ, արդարադատության խորհրդի նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռ. Պետրոսյանին, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Հ. Դանիելյանին՝ 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91 եւ 92 հոդվածներով սահմանված որոշումների բողոքարկման կարգը փոփոխելու նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովին դիմելու համար, որպեսզի այդ որոշումները վերանայվեն վերադասության կարգով:

 2. Առաջարկել ԴՆԽ-ին՝ հայցադիմուները վերադարձնելու եւ հայցադիմումի ընդունումը մերժելու ընդհանուր հաշվառում իրականացնել եւ հաշվառման կարգ սահմանել դատարաններում:

 3. Քննարկված հարցերի շուրջ, ուսումնասիրությունների հիման վրա պարզաբանումներ տալ՝ ՀՀ բոլոր դատարաններում օրենքի միատեսակ կիրառում ապահովելու նպատակով:

«Առաջին ատյանի դատարանում մասնակից չդարձված երրորդ անձի իրավունքների սահմանափակման վերացում» 

«Հետաքննող լրագրողների ընկերակցությունը» եւ «Փաստաբանների միջազգային միությունը» 2003թ.-ի հոկտեմբերի 7-ին ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի դահլիճում հրավիրել էին կլոր սեղան «Առաջին ատյանի դատարանում մասնակից չդարձված երրորդ անձի իրավունքների սահմանափակման վերացում» թեմայով: 

Քննարկմանը մասնակցեցին դատավորներ, փաստաբանական երկու միությունների անդամներ, իրավաբանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ այլք: Քննարկման էր ներկայացվել «Առաջին ատյանի դատարանում մասնակից չդարձված երրորդ անձի իրավունքների սահմանափակման» թեման, որի վերաբերյալ ներկաներին բաժանվեց իրավաբանական խմբի պատրաստած մասնագիտական հիմնավորումն ու օրենսդրական փոփոխություն կատարելու առաջարկի նախագիծը: Մասնակիցները միանշանակ պնդեցին, որ, իրոք, նշված հոդվածները խոչընդոտում են քաղաքացու դատական պաշտպանության իրականացմանը վերաքննիչ դատարանում: 

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205 հոդվածի համաձայն. «Առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաեւ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել»: Այս հոդվածն ըստ բովանդակության ներառում է նաեւ 3-րդ անձի իրավունքները: Արդյունքում ունենում ենք, որ երրորդ անձինք՝ ինքնուրույն պահանջ ներկայացնող կամ չներկայացնող, որոնք մասնակից չեն եղել առաջին ատյանի դատաքննությանը, կարող են բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը: Սակայն վերաքննիչ դատարանը, համաձայն նույն քաղ. դատ. օր.-ի 215 հոդվածի՝ չի կարող նրանց դատաքննությանը ներգրավել որպես մասնակից: 

Նույն երրորդ անձինք կարող են բողոք բերել նաեւ վճռաբեկ դատարանում: Վճռաբեկ դատարանը, համաձայն 227 հոդվածի 2-րդ կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերի՝ բեկանելով 1-ին կամ 2-րդ ատյանի դատարանի վճիռները՝ գործն ուղարկում է նոր քննության՝ վերաքննիչ դատարան: Արդյունքում ունենում ենք, որ երրորդ անձանց բողոքի հիման վրա վճռաբեկ դատարանը բեկանելով գործն ուղարկում է վերաքննիչ դատարան եւ կրկին վերաքննիչ դատարանը քաղ. դատ. օր.-ի 217 հոդվածի սահմանափակումների հիմքով նրանց չի կարող ներգրավել դատաքննությանը որպես մասնակից: 

Ընդ որում, վերջին կազուսը առաջացել է նույն քաղ. դատ. օր-ի 236 հոդվածի փոփոխությունների արդյունքում, համաձայն որի վճռաբեկ դատարանը բեկանելուց հետո գործն ուղարկում է վերաքննիչ դատարան նոր քննության: Այնինչ, հարցը կարող է լուծվել, եթե փոփոխություն կայացնելուց ելնելով գործի բնույթից՝ վճռաբեկ դատարանն ինքը որոշեր, թե բեկանելուց հետո գործը որ ատյանի դատարան ուղարկվի նոր քննության համար: 

Երկու դեպքում էլ ապսուրդն այն է, որ առաջին ատյանի դատարանում մասնակից չդարձված 3-րդ անձանց կողմից վերաքննիչ դատարան բողոք բերելու կամ նրանց բողոքի հիման վրա վճռաբեկ դատարանի բեկանելուց հետո վերաքննիչ դատարանը նույն այդ երրորդ անձանց չի կարող մասնակից դարձնել դատաքննությանը: Նման դեպքերում, փաստորեն, վերաքննիչ դատարանը վճիռ է կայացնում՝ հասկանալով, որ բողոք բերելու դեպքում այն պետք է բեկանվի: Քաղ. դատ. օր-ի 227 հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռը բոլոր դեպքերում դատապարտված է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որեւէ մեկի բացակայությամբ եւ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ: 

 Փաստորեն, նույն օրենսգրքի 215 հոդվածը վերաքննիչ դատարանին չի թույլատրում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց մասնակցել դատաքննությանը եւ դրանով նրանց զրկում է դատավարությանն իբրեւ կողմ հանդես գալու իրավունքներից: Ընդ որում 3-րդ անձի պահանջը միշտ չի, որ հնարավոր է առանձին հայցապահանջ ձեւակերպել: Քննարկման ներկայացվեցին օրենսդրական փոփոխություն իրականացնելու հետեւյալ առաջարկները. 

Վճռաբեկ դատարանին հնարավորություն տալ 3-րդ անձի բողոք բերելու դեպքում բեկանելուց հետո ելնելով գործի բնույթից գործն ուղարկել առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարան նոր քննության: 

Վերաքննիչ դատարանի մասին 215 հոդվածում վերապահում անել. վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց գործի քննությանը ներգրավելու իրավունք տալ: 

 Վերաքննիչ դատարանին բեկանելու իրավունք տալ, որպեսզի առաջին ատյանի դատարանը 3-րդ անձին դատաքննությանը մասնակից դարձնելու հնարավորություն ունենա, եթե 3-րդ անձն է բողոք ներկայացրել կամ մասնակից չդարձվածին մասնակից դարձնի դատաքննությանը: 

Մասնակիցների կարծիքով, ներկայացված բոլոր առաջարկություններն էլ շատ հետաքրքիր են եւ քննարկման արժանի: Սակայն, առաջարկությունների առաջին եւ երրորդ կետերը կիրառելի չեն կարող համարվել այն կոնցեպցիայի պայմաններում, որի հիման վրա գործում է Հայաստանի դատական համակարգը: Ներկաներն արտահայտվեցին օրենսդրական փոփոխություն իրականացնելու օգտին՝ երրորդ անձի սահմանափակումները վերացնելու առումով ներկայացված երեք առաջարկներից լավագույն տարբերակ համարելով առաջարկի երկրորդ կետը. «Վերաքննիչ դատարանի մասին 215 հոդվածում վերապահում անել, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց գործի քննությանը ներգրավելու իրավունք տալ»: 

Որոշվեց քննարկման մասնակիցների անունից դիմել ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռ. Պետրոսյանին, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Հ. Դանիելյանին՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215 հոդվածում փոփոխություն կատարելու համար ներկայացված նախագիծը դնել քննարկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter