
Մեկ ամսում երկրորդ արտոնությունը՝ «Վիկինգ» ՍՊԸ-ին
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ «Վիկինգ» ՍՊԸ-ին մաքսային և հարկային արտնություն տրամադրելու հարցը։
Ինչպես ներկայացված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի մայիսի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվելու է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
«Այդ կազակերպությունը ներկայացրել է 760 միլիոն դրամի նեդրումային ծրագիր, որի արդյունքում կստեղծվի 45 աշխատատեղ»,- նշեց Կարայանը։ Նշենք, սակայն, որ կառավարություն ներկայացված փաստաթղթերի համաձայն` այս ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվեն 15 աշխատատեղեր, որոնց համար միջին աշխատավարձը 2017թ.-ին կկազմի 140, 2018թ.-ին` 160, իսկ 2019թ.-ին` 180 հազ. դրամ:
«Վիկինգ» ընկերության նպատակն է ԼՂՀ Դողար գյուղի տարածքում, էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով Վարարակ գետի վրա կառուցել 1.8 մգվտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ:
Որոշման նախագծում որպես ակնկալվող արդյունք` նշվում են ներդրումների ներգրավումը և նոր որակյալ աշխատատեղերի ստեղծումը: Նախագծի համաձայն` կներդրվեն չինական արտադրության սարքավորումներ:
««ՎԻԿԻՆԳ» ՍՊ ընկերությունը կառուցում է փոքր 1.8 մգվտ հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետի պոտենցիալը էլեկտրոէներգիա արտադրելու համար, որի համար նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 760 մլն ՀՀ դրամի չափով, որից մոտ 170.7 մլն ՀՀ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար»,- նշված է որոշման նախագծում։
Այս արտոնության տրամադրման հարցը կառավարության նախորդ նիստի օրակարգում էր ընդգրկվել, սակայն նիստի օրը այն հանվել էր քննարկվող հարցերի ցանկից: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ճշգրտումների կարիք է եղել, այդ պատճառով հարցը հանվել է օրակարգից։
Ի դեպ, երկու շաբաթ առաջ այս ընկերությանը կրկին տրամադրվել էր արտոնություն` ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի համար։ Ինչպես այն ժամանակ ներկայացվել էր կառավարությանը՝ ներմուծվող հումքերն ու նյութերը օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար:
Մեկնաբանել