HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2016-ի մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփումը

Վիլեն Խաչատրյան

Հայաստանում մակրոտնտեսական ցուցանիշները շարունակում են մնալ ահազանգող, քանի որ թեկուզ առկա են որոշակի տնտեսական աճի միտումներ, սակայն 2016թ.-ը ամփոփեցինք 100.5% ցածր տնտեսական ակտիվության ցուցանիշով: Այս ցուցանիշը, 2009թ.-ի -14.1%-անոց անկումից հետո վերջին ութ տարիների վատագույն ցուցանիշն է:

2016թ.-ի մարտ ամսից սկսած տնտեսական ակտիվության տեմպերը գրեթե ամեն ամիս թուլացել են, այսինքն` եթե այս աճին փորձենք տալ դոլարային տեսք, ապա 2015թ.-ի համեմատությամբ մոտ 60 մլն դոլարով է ավելացրել ՀՆԱ-ն կամ ամսական միջինում 5 մլն դոլարի արդյունք է տվել Հայաստանի տնտեսությունը: Եվ սա այն պարագայում, երբ ՀՀ պետական բյուջեի ուղերձում կանխատեսվում էր 2016թ.-ի համար 4.5 անգամ ավելի բարձր տնտեսական աճ: Փաստացի, Հայաստանը 2016թ.-ին ավելացրել է տնտեսական աճից մոտ 14 անգամ ավելի շատ պետական պարտք: Դեռ ավելին, այդ աճն էլ իրականում բնակչության 90%-ից ավելին ընդհանրապես չի զգացել:

Համաշխարհային տնտեսության մեջ բոլոր երկրների իշխանությունները, սովորաբար, նախընտրական տարում փորձում են ապահովել բարձր տնտեսական աճ` ապահովելու համար նաև առաջիկա ընտրություններին իրենց հաղթանակը, իսկ ցածր ցուցանիշների պարագայում սովորաբար տեղի է ունենում իշխանության փոփոխություն, քանի որ դժգոհ լինելով տնտեսական վիճակից` բնակչությունը փորձում է իր ընտրության միջոցով ցույց տալ դա:

2016թ.-ին գյուղատնտեսությունն անկում է ապրել -5.2%-ով, իսկ դա նշանակում է, որ այս անգամ գյուղատնտեսության հաշվին աճ ապահովելը հնարավոր չի եղել: Շինարարության անկումը 2015թ.-ի համեմատությամբ կազմել է -10.8%, իսկ դա ևս մեկ փաստ է այն մասին, որ տնտեսությունը զարգացման իր լոկոմոտիվներից մեկն այդպես էլ 2008թ.-ից սկսած ուշքի չի կարողանում բերել, դեռ ավելին` 2017թ.-ի պետական բյուջեով կրկնակի կրճատելու են նաև պետական շինարարության ծավալները: Արդյունաբերության ոլորտում 2016թ.-ին ունենք 106.7, իսկ ծառայությունների ոլորտում` 107.1%-անոց աճ, որոնց, մյուս ոլորտներում գրանցված անկման ֆոնի վրա, տնտեսությանն աճի տեմպ հաղորդել չի հաջողվել:

Առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 101%, իսկ սա նշանակում է, որ հատկապես փոքր կրպակների և առևտրային կետերի համար 2016թ.-ը եղել է ոչ նպաստավոր, իսկ վերջիններս ունեցել են տնտեսական լուրջ դժվարություններ, այն է` փակվել են, հայտնվել պարտքերի մեջ կամ չեն դիմացել խոշոր սուպերմարկետների մրցակցությանը:

2016թ.-ի ընթացքում չնչին չափով վերականգնվել են ներմուծման տեմպերը, որոնք կազմել են մոտ 3.3 մլրդ ԱՄՆ դոլար` տարեկան կտրվածքով աճելով 1,6%-ով: Սա փաստում է, որ 2014թ.-ից հետո գրանցված կենսամակարդակի կտրուկ անկումը դեռևս չի վերականգնվել: Նշենք, որ ներմուծման անկումը 2015թ.-ին կազմել է 1 մլրդ 170 մլն ԱՄՆ դոլար:

Տարին նպաստավոր է եղել արտահանման առումով, քանի որ այն հասել է 1 մլրդ 782 մլն ԱՄՆ դոլարի, սա կարելի է բացառիկ դրական կողմերից մեկը համարել, քանի որ Հայաստանը նման չափի արտահանում երբեք չի ունեցել, իսկ աճի տեմպերը եղել են 120%: Սակայն այստեղ խնդիրը մնում է երկու տիպի գերկենտրոնացվածությունը, որը 4-5 խոշոր ապրանքախմբերից և մի քանի երկրներից կախվածության կամ չդիվերսիֆիկացված արտահանում ունենալու արդյունք է:

Սպառողական գների ինդեքսի անկումը կազմել է -1.4%, որը պայմանավորված է եղել համաշխարհային տնտեսության մեջ գրանցված դեֆլյացիոն կամ ինֆլյացիայի ցածր տեմպերով: Սա կարելի է բացատրել բնակչության ոչ գնողունակ լինելու հանգամանքով, որը նաև արտացոլվել է ՀՀ տնտեսության մեջ: Մյուս կողմից, եթե պահպանվեին գնաճի բարձր տեմպերը, ապա իրական տնտեսական աճ ընդհանրապես չէր լինի, և պետք է նշել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը դրական է եղել նաև ցածր գնաճի շնորհիվ:

Տնտեսության զարգացման տեմպերի թուլացման լուրջ ցուցիչներից է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների անկումը -6.2%-ով, իսկ դա նշանակում է, որ տնտեսության առանձին ոլորտներից մինչև տնային տնտեսություններ էլեկտրաէներգիա քիչ են սպառել:

Այս ամենի հետ մեկտեղ մնում է հուսալ, որ 2017թ.-ին սպասվող փոփոխություններն իրենց հետ կբերեն զարգացման նոր հեռանկարներ, իսկ տնտեսության վերաբերյալ տարբեր ուղերձներում, զեկույցներում և հայտարարություններում հնչող կանխատեսումները կլինեն գոնե իրականին մոտ, այլ ոչ թե ամեն անգամ ստիպված կլինեն բացատրել, թե ինչու դրանք իրականություն չդարձան:

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրադեղյան
Եթե արտաքին պարտքի աճը կազմել է մոտ $840 մլն, ապա հետաքրքիր կլիներ տեսնելը, թե ուր է գնացել այդ գումարը, հատկապես որ չի առնչվել բնակչության 90%-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter