Էդվարդ Միլիտոնյանի պատասխանը «Հետքին»
«Պետական աջակցությունից օգտվող որոշ հրատարակիչների թիկունքում մրցութային խորհրդի անդամներն են» վերնագրով մեր հրապարակումից հետո Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը պատասխան է ուղարկել խմբագրություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Հետք»-ում հրապարակված նյութը գրահրատարակչական նախորդ տարիների գործունեության և իմ՝ ՊՈԱԿ-ի տնօրենի վերաբերյալ խեղաթյուրություններով է ներկայացված, բնականաբար, պիտի փորձեմ որոշ պատասխաններ տալ։
Ինչպե՞ս է գիրքը հայտնվում պետպատվերի կամ աջակցության պլաններում։ Նախ՝ հրատարակչություններն են ընտրում և ներկայացնում, ապա մասնագիտական խորհուրդը հավանություն է տալիս գրքերին, որոնք, ի դեպ, ներկայացվում են առանց հրատարակչությունների անունների։ Քննարկվող ցանկում լինում են միայն գրողների անուն, ազգանունները և գրքերի վերնագրերը։ Հետո վերջնական որոշումը կայացնում է նախարարությունը՝ ո՛չ միշտ համապատասխան ներկայացվածի, ինչպես դա տեղի ունեցավ 2017 թվականի ցանկի հետ, որը հիմնականում չգործեց։ Թե ինչու են խորհրդի անդամների գրքերը տպագրվել, սա օրենքով արգելված չէ և, բացի այդ, նրանք ճանաչված գրողներ են և, միևնույն է, պիտի տպագրվեին՝ անկախ նրանց խորհրդի կազմում ընդգրկվելուց։ Եվ ճիշտ չէ, որ խորհուրդը արհեստավարժ չէ, այնտեղ ընդգրկված անձինք արհեստավարժ են և պատրաստված։ Վկա՝ իրենց անունը և ամբողջ վաստակը։ Ի միջի այլոց, արդեն հանգուցյալ ճանաչված գրողներ Ռուբեն Հովսեփյանի և Հրաչյա Թամրազյանի գրքերը պատիվ կբերեն ցանկացած երկրի, նրանց անունների հիշատակումը համարում եմ տաղանդավոր մարդկանց հիշատակի հանդեպ ոչ բարեկիրթ։
Խոսվում է այն մասին, որ «ՀԳՄ», «Անտարես», «Ծիծեռնակ» և այլ հրատարակչություններն են ամենաշատ գրքեր տպագրելու իրավունք ստացել։ Լրագրողը պիտի պատկերացներ, որ ՀԳՄ հրատարակչությունը ներկայացնում է հայ ժամանակակից գրողների գործերը, իսկ նրանք՝ ՀԳՄ անդամներ են, վաստակավոր և անհատականություններ։ Եթե հրատարակված գրքերի քանակը և տրամադրված գումարը հարաբերենք, կտեսնեք, որ նույնիսկ այդ սուղ միջոցներով 2001 թվականից հրատարակչական գործը ռիթմի է բերվել, 30 ավելի հրատակաչություններ են մասնակցել, հեռանկար է բացվել գրողների ստեղծագործությունների տպագրության համար։ Այդ գրքերի մի մասը գնահատվել է թե՛ գրական մամուլում, թե՛ տարբեր մրցանակաբաշխությունների արդյունքում, որոշ ստեղծագործություններ թարգմանվել են այլ լեզուներով։
Ձեզ տեղեկություն տվողները, եթե հատկապես աշխատում են հրատարակչական համակարգում, չարաշահման մասին պիտի խոսեին փաստերով ու փաստարկներով և ոչ թե հպանցիկ ու միտումնավոր ենթադրություններ անեին՝ թյուրիմացություն ստեղծելով, անվանարկելով բոլոր կամ որոշ հրատարակչությունների, վարկաբեկելով նույնիսկ ակնառու առաջխաղացումը։ Հրատարակված գրքերը հատ ու հաշվով են ընդունվել նախարարության կողմից, իսկ մնացածը՝ տեղի է ունեցել ըստ կնքված պայմանագրերի։
Հրապարակման մեջ նշվում է իմ՝ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվելու և նոր տնօրենի խորհրդական նշանակվելու մասին։ Նախ, եթե պրոֆեսիոնալ բարեխղճություն ունենար նյութի հեղինակը, կարող էր ճշտել ոչ ինձնից, այլ նորանշանակ Վաչե Սարգսյանից և նախարարությունից՝ խորհրդական եմ թե ոչ, այդ մասին ՊՈԱԿ-ում հայտարարել է նորանշանակ նախարարը և միայն այդքանը։ Եվ հետո, Արմեն Ամիրյանի կողմից ինձ հանձնված ոսկե մեդալը պիտի հուշեր նրան, որ իմ գրահրատարակչական գործունեությունը արժանացել է գնահատանքի։
Հարգելի Մարինե Մարտիրոսյան, Դուք ինձ հեռախոսով հարցրել եք, թե ինչպես եմ ազատվել, որին պատասխանել եմ՝ իմ դիմումի համաձայն (ի դեպ, նախորդ նախարարի հետ ևս մենք պայմանավորվել էինք իմ տարիքի հետ կապված տարեվերջին գնալ հանգստի)։ Դուք հարցը կրկնեցիք և փորձեցիք նորից ճշտել, ստացաք նույն պատասխանը, որը գրանցվել է Ձեր բջջային հեռախոսում, դա կարող էիք ճշտել նաև նախարարության կադրերի բաժնից։ Գրում եք, թե խուսափել եմ պատասխանել...
Ի՞նչ ասեմ, իմանալով, որ այսօր հեռախոսով հարցումներին պատասխանելը միշտ կարող է խեղաթյուրումների ենթակա լինել, ես առաջարկեցի հարցերն ուղարկել գրավոր, սակայն Դուք դա չարեցիք։ Աստված Ձեզ պահապան։
Կարծում եմ, շահագրգիռ խոսք կլիներ, եթե մտահոգությունը հրատարակվող գրքերի որակը լիներ, նրանց գեղարվեստական արժեքն ու բովանդակային կարևորությունը, նրանց մեր գրականություն բերած նոր արժեքները։
Այս թյուրիմացություններն ու միտումնավոր խառնաշփոթը չգիտեմ ում համար է։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան
«Հետք»
Թե ինչից է նեղացել Է. Միլիտոնյանը, դժվար է ասել: «Հետքն» արձանագրել է այն փաստը, որ նախարարին կից խորհրդում ընդգրկված որոշ անձինք ուղղակի կապ ունեն մի քանի հրատարակիչների հետ, ինչը չնայած օրենքի խախտում չէ, հստակ շահերի բախում է: Ներկայացրել ենք նաեւ Միլիտոնյանի տեսակետը, ով չի համաձայնում, որ կա շահերի բախում: Միաժամանակ արձանագրել ենք ՀԳՄ նախագահի այն խոսքը, որ խորհուրդը քննարկում է կոնկրետ գիրքը, ոչ թե հրատարակչությունը, սակայն այդ պարագայում էլ նշել ենք, որ 3 մլն 850 հազար դրամ է հատկացվել նրա եւ կնոջ՝ Անուշ Վարդանյանի 5 գրքերի հրատարակմանը:
«Եվ ճիշտ չէ, որ խորհուրդը արհեստավարժ չէ…»,- գրում է Է. Միլիտոնյանը: Թե որտեղ է նա խորհրդի կազմի մասին այդպիսի որակում տեսել «Հետքի» հրապարակման մեջ, կրկին հարց է: Ընդհանրապես, ի տարբերություն Միլիտոնյանի, «Հետքը» զերծ է մնացել որակումներից՝ բավարարվելով փաստերի հրապարակմամբ: Խորհուրդը պետաջակցության համար հավանություն է տվել այնպիսի գրողների գրքերի, որոնք ընդգրկված են եղել իր կազմում: Այս փաստի արձանագրումը հանգուցյալ հեղինակների մասով Միլիտոնյանը կապում է բարեկրթության հետ, շեշտում նրանց անունն ու վաստակը՝ մոռանալով, որ նյութում ոչ մի հեղինակի արհեստավարժությունն ու վաստակը կասկածի տակ չի դրվում: Իսկ եթե ինչ-որ մեկը, զգացմունքներին տրվելով, փորձում է տողատակեր փնտրել, դա նրա անձնական խնդիրն է:
Միլիտոնյանի՝ իր ղեկավարած ՊՈԱԿ-ում նոր տնօրենի խորհրդական դառնալու մասին հայտարարել է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Չնայած «Հետքի» նյութի մեջ համապատասխան հրապարակման հղումը դրվել է, պարոն Միլիտոնյանի համար այն տեղադրում ենք նաեւ այստեղ՝ «Վաչե Սարգսյանը նշանակվել է Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն»: Պարոն Միլիտոնյանը, ըստ էության, նեղացել է, որ նախարար Արմեն Ամիրյանից ստացած ոսկե մեդալի մասին չենք գրել: «Ոսկե մեդալը պիտի հուշեր նրան, որ իմ գրահրատարակչական գործունեությունը արժանացել է գնահատանքի»,- գրում է Միլիտոնյանը: Ուրախ ենք վերջինիս համար, ընդ որում՝ այս մասին վերը նշված հղման մեջ նույնպես կա, սակայն կրկին անհասկանալի է Միլիտոնյանի նեղացած տոնը. կարծես թե գրել ենք, որ ինքն առանց գնահատվելու է փոխարինվել:
Լրագրողը Է. Միլիտոնյանին հարցրել է ազատման հիմքերի մասին, սակայն նա առանց հստակեցնելու նշել է, որ այդ մասին արդեն գրվել է, այլապես լրագրողի համար բացարձակ խնդիր չէր նշել, որ Միլիտոնյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն: «Այս թյուրիմացություններն ու միտումնավոր խառնաշփոթը չգիտեմ ում համար է»,- ասում է Է. Միլիտոնյանը։ Մենք էլ չգիտենք, թե ինչու է նա մութ սենյակում սեւ կատու փնտրում: Աստված Ձեզ նույնպես պահապան, պարոն Միլիտոնյան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել