HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի հյուրանոցային ոլորտը. ինչ ունենք այսօր

2000 թվականից ի վեր Հայաստանում ավելի քան 180 նոր հյուրանոց է կառուցվել։ Տարեցտարի  հյուրանոցների թիվն ավելանում է, մինչդեռ այս ոլորտից ստացվող հարկերի ծավալը մեծ չէ։   

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեից «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն այսօր Հայաստանում գործում է 188 հյուրանոց, որոնք ունեն մոտ 13.6 հազ. ննջատեղ և  ավելի քան 7 հազ. համար։ Միայն նախորդ տարի շահագործման է հանձնվել 3 հյուրանոց։

Այսօր գործող հյուրանոցներից 71-ը գտնվում է Երևանում են, իսկ 117-ը՝ մարզերում։

2000 թվականին, որը պայմանականորեն համարում ենք Հայաստանի զբոսաշրջության վիճակագրության համար մեկնարկային  տարի, Հայաստանում գործում էր ընդամենը 3-4 հյուրանոց, բոլորը՝ Երևանում:

Հյուրանոցների թվի տարեցտարի ավելանալը նշանակում է, որ դրանց պահանջարկը կա երկրում, հետևաբար՝ ոլորտն աճի պոտենցիալ ունի։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը վերջին առնվազն 5 տարում,  բացառությամբ 2015 թվականի, տարեցտարի աճել է։ Դա հյուրանոցային տնտեսության զարգացմանը նպաստող կարևոր գործոններից մեկն է։ Եվ դա չնայած, որ կրկին պաշտոնական տվյալներով՝ Հայաստան եկող զբոսաշրջիկների փոքր մասն է հանգրվանում հյուրանոցներում։ Բացի դա, հյուրանոցների թվի ավելացումը բերում է ոլորտում մրցակցության բարձրացմանն, ինչը հատկապես բարձրակարգ հյուրանոցների համար որակ/գին համադրությունը հօգուտ հաճախորդների բարելավելու նախապայման է։ Հայաստանում այսօր կարելի է  որակ/գին տարբեր համադրությամբ հյուրանոցներ գտնել. տեսականին սահմանափակ  չէ։

Առհասարակ, հյուրանոցային տնտեսությունն այսօր աշխարհում ամենաարագ տեմպերով զարգացող ոլորտներից է։ Եթե դիտարկում ենք այս ֆոնին, ապա բացվող հյուրանոցների քանակով Հայաստանը հետ է մնում շատ երկրներից։ Խոսքը, բնականաբար, այն երկրների մասին է, որտեղ զբոսաշրջության ոլորտը զարգացած է։ Հարևան Վրաստանում, օրինակ, միայն 2015 թվականին 19 նոր հյուրանոց է բացվել (ըստ «Գրուզիա Օնլայն» պարբերականի՝ այս ցուցանիշը տրամադրել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը)։

Հիշեցնենք, որ բացի հյուրանոցները, Հայաստանում գործում են նաև հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներ, ինչպիսիք են հյուրանոցատիպ հանգրվանները, հանգստյան տները, առողջարաններն ու պանսիոնները և այլն։ Չհաշված հյուրանոցները՝ դրանց ընդհանուր թիվն այսօր կազմում է շուրջ 150, որոնց մեծ մասը՝ 75%-ը, գտնվում են մարզերում։

Այսպիսով, ընդահանուր առմամբ Հայաստանում այսօր գործում է հյուրանոցային տնտեսության շուրջ  340 օբյեկտ։ Հյուրանոցներից հետո, այս կազմում գերակշռում են հյուրանոցատիպ հանգրվաններն ու հանգստյան տները։

Նշված 340   օբյեկտներից 36%-ը գտնվում է Երևանում, իսկ 64%-ը՝  մարզերում։

Բացի այս օբյեկտներից, Հայաստանում գործում են ավելի քան 210 զբոսաշրջային տներ (B&B): Դրանք հիմնականում գյուղական հայանքներում են։

Մեր հարցին, թե քանի հյուրանոցի բացում է նախատեսվում Հայաստանում այս տարի, կոմիտեից կոնկրետ թիվ չնշեցին. «Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս մի քանի հյուրանոց` ապահովելով լրացուցիչ ավելի քան 500 հյուրանոցային համար: Դրանց մի մասը հավակնում է դասվել միջազգային հեղինակավոր հյուրանոցային խմբերի»։

Ու չնայած միայն հյուրանոցների թիվը մոտենում է 190-ին, սակայն դրանց ոչ մեծ մասն է ընդունում միջազգային զբոսաշրջիկներ, և շատ փոքր մասն ունի որակավորման կարգ։ Թե առաջին և թե երկրորդ փաստերի հետ մեծ կապ ունի այն, որ հյուրանոցների զգալի մասն իրենց չափանիշներով չեն բավարարում զբոսաշրջիկների պահանջները և չեն համապատասխանում որակավորման կարգեր ստանալու համար սահմանված  նորմերին, հատկապես՝ բարձր կարգերի համար։ Հյուրանոցների զգալի մասն աշխատում են ոչ մեծ ծավալներով՝ ծառայելով միայն ներքին զբոսաշրջությանը. մեծ մասը էկոնոմ դասի հյուրանոցներ են՝ շուրջ 80%-ը։

Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ 2016 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում գործում է  20 որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որից 13-ը՝ հյուրանոց է, 7-ը՝ II և III  կարգ ունեցող զբոսաշրջային տներ։

Ամենաբարձր վարկանիշը հայաստանյան հյուրանոցների համար Դելյուքս որակավորումն է, որն ավելի բարձր է, քան 5  աստղը։ Հայաստանում այն տրված է երկու հյուրանոցի, որոնց չափանիշները գերազանցել են 5 աստղանի  որոկավորման համար սահմանված պահանջները:  Եվ 1 հյուրանոց էլ 5 աստղանի  է։ Հաջորդում են 7 հյուրանոցներ, որոնք ունեն 4 աստղանի որակավորում։ Եվս մեկական հյուրանոցներ էլ ունեն  3 աստղանի, 2  աստղանի ու 1 աստղանի որակավորում։ Կան, սակայն, նաև փոքր թվով հյուրանոցներ, որոնք բավականին հայտնի են և Հայաստանում, և անընդհատ օտարեկրյա զբոսաշրջիկներ են ընդունում, բայց որակավորված չեն։ Օրինակ՝ Երևանում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։

Որակավորման կարգ հյուրանոցերը ստանում են ըստ ցանկության՝ հայտ ներկայացնելով որակավորող մարմին։ 

Որակավորման կարգ ստացած հյուրանոցները ՀՀ-ում by sedahergnyan

2016-ի հունվար-սեպտեմբերին զբոսաշրջիկների 14%-ն է հանգրվանել հյուրանոցներում. ԱՎԾ

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների՝  2016թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 1 969 010 զբոսաշրջիկ։ Նրանցից միայն 136 816-ն են հանգրվանել հյուրանոցներում, մնացածը՝ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ Այլ խոսքով՝ հյուրանոցներում հանգրվանել է զբոսաշրջիկների  շուրջ 14%-ը։  Վերջին տարիներին այս ցուցանիշը «պտտվում» է 15%-ի շուրջ։  Տարբեր հետազոտություններ և տեսակետներ կան, ըստ որոնց՝ այս ցուցանիշն ավելի բարձր է։ Սակայն իրականությունը, դժվար թե, շատ տարբերվի այս ցուցանիշից, քանի որ հայտնի է՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների զգալի մասն արտերկրում ապրող մեր հայրենակիցներն են (արտերկրի քաղաքացիներ)։ Նրանք, գալով Հայաստան, նախընտրում են իջևանել հարազատների տանը կամ վարձով տրվող բնակարաններում։   

Վերջին 2-3 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հյուրանոցների քանակը, որոնք ընդունում են  միջազգային զբոսաշրջիկների, 50-70-ի շրջանակներում է։

Որքան հասույթ են ստանում հյուրանոցները

Հյուրանոցային տնտեսության ոլորտի մեծությունը չափելու համար կարելի է դիտարկել հասույթը։ 2016-ի տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել։ Ըստ պաշտոնական վիճակագրության 2015 թվականին հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր հասույթը կազմել է 33.9 մլրդ դրամ: 2015-ի միջին փոխարժեքով հաշվարկած դա կազմում է 71 մլն ԱՄՆ դոլար։ 2014 թվականի համեմատ հասույթի դրամային ցուցանիշն աճել է 49%-ով։ Եվ չնայած այսպիսի աճին, նորից տեսակետներ կան, որ  պաշտոնական վիճակագրությունը թերի է. իրականում հյուրանոցներն ավելի շատ են վաստակում։ Եթե իսկապես շրջանառությունն ավելի մեծ, բայց հյուրանոցները ներկայացում են ավելի փոքր ցուցանիշներ, ապա դա կարող է ձեռնտու լինել նրանց, բայց ընդհանուր շուկայի վրա լուրջ բացասական ազդեցություն ունենալ։ Բանն այն է, որ ներդրողները, որոնք հետաքրքրվում են շուկայով, հաճախ հիմնվում են պաշտոնական տվյալների վրա։ Եվ որպես կանոն շուկայի փոքր ծավալները կարող են երկիրը ոչ գրավիչ դարձնել նրանց համար։ Այսինքն՝ ոլորտի ծավալներն իրականից ավելի փոքր ներկայացնելը կարող է խոչընդոտ հանդիսանալ շուկայում ներդրումների համար։ 

Հյուրանոցները՝ հարկատուներ

Երկու օր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակվել է 2016 թվականի ՀՀ 1000 ամենախոշոր հարկատուների ցանկը, որտեղ ներկայացված է, թե խոշոր հարկատուները որքան հարկ են վճարել ամբողջ 2016 թվականի ընթացքում։ Հայաստանում գործող հյուրանոցների շատ քիչ մասն է դասվում երկրի խոշոր հարկատուների շարքին։ Մեր հաշվարկենրով՝ 2016 թվականի ցանկում  նրանց թիվը  մեկ տասնյակի չի հասնում։

Մի քանի օրինակ ներկայացնենք։ Այս ցանկում հյուրանոցներ շահագործող ընկերություններից առաջինն հանդիպում ենք «Օնիրա Քլաբ»-ի անունը, որը տարվա կտրվածքով հանրապետության 22-րդ խոշորագույն հարկատուն է. վճարել է 4.7 մլրդ դրամի հարկ։  Այն շահագործում է «Մուլտի Գրանդ Հոթել»-ը։ Սակայն այս ընկերության հարկերի ծավալը պայմանավորված չէ միայն հյուրանոցի շահագործմամբ, այն շահագործում է նաև հանրապետության ամենամեծ խաղատունը՝ «Շանգրի Լա»-ն և այլ օբյեկտներ։ Հետևաբար, դժվար է ասել, թե «Մուլտի Գրանդ Հոթել»-ի համար որքան հարկ է վճարել ընկերությունը։

Հաջորդը «Արմենիա հյուրանոցային համալիր»-ն է։ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը շահագործում է այս ընկերությունը։ Խոշորների ցանկում այն 86-րդն է՝ 1.46 մլրդ դրամի հարկերով։  

Նրանց շարքում է նաև «Անի Պլազա Հոթել»-ը՝ 462 մլն դրամի հարկերով (273-րդ տեղ)։ Շահագործում է համանուն հյուրանոցը։  

«Երևան հյուրանոց»-ը ևս տեղ է գտել ցանկում՝ 382.6 մլն դրամով և 318-րդ տեղով։

Իսկ «Գոլդեն Փելիս Հյուրանոց» ընկերությունը, որը շահագործում է Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» և Երևանում գտնվող «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցները, խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է 572-րդ տեղում՝ ամբողջ տարվա ընթացքում վճարելով 194.6 մլն դրամի հարկ։

Լուսանկարները՝  հյուրանոցների պաշտոնական կայքերից և ֆեյսբուքյան էջերից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter