HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Արշակյան․ «Իմ տողի մեջ»

Ահեղ...

Երկնքի առաջին չափումը
դատարանն է՝
առանց ելքի
(չհաշված Կաֆկայի «Դատարանը»):

Երկրորդ չափումը՝
ես,
իբրեւ երկնքի բացակայության
իրեղեն ապացույց
(չհաշված իմ մեջ հայտավորված
երկնային արքայությունը):

Երրորդ չափումն այս թուղթն է՝
ամեն բառի հետ՝ ավելի ճերմալ
(չհաշված ձյունը,
որ հավետ խաղաղության պես
սեւ է):

Չորրորդ չափումն անդունդն է,
որտեղ ընկնող չկա
(չհաշված սերը,
առանց որի չեն ընկնում):

Այլ չափում՝ արդեն չիք
(չհաշված Պասկի հայերենը):

Սա աշխարհը

Կույրը երազեց տեսնել
ու տեսավ միայն սա...

Տեսնողը երազեց ունենալ
եւ ունեցավ միայն սա...

Ունեցողը երազեց լինել
եւ եղավ միայն սա...

Լինողը երազեց հավատալ
եւ հավատաց միայն սրան...

Հավատացողը երազեց ամբողջը
Եւ ձեռքը մթնեց...

Իմ տողի մեջ

Իմ տողի մեջ մտած երեք ուրու-գողեր,
ոչինչ էլ չեք տարել, բայց ինձ ի՞նչ եք թողել:

Մի անսահման ձմեռ, ինձ ցած գցող վերելք,
միտքը, որ կամ, թեպետ ես երեկ եմ մեռել:

Ծիծաղելի մի հույս նզովքի թավ ձայնով,
որ սիրո մեջ մեռա: Եվ կարոտը, այն, որ

չապըրվեց իմ սրտում, սիրտն իր գտավ մի տեղ,
ուր մարդիկ են ծնվում սիրուց հեռու, գիտեն

հարբածի հետ քնել, սիրել պոռնիկի չափ,
գիտեն երկինք մուրալ ստվերները խաչած,

գիտեն իմաստ զտել խշշոցի մեջ քարի
եւ մոլորվել ստույգ տան մոտ, ճանապարհին,

գիտեն աղաղակել մոռացվածը՝ մի ակտ,
եւ քրքրել մահեր, ուր սեր չկա միակ:

Եվ ես՝ այստեղ արդեն դատարկ տողի հանճար,
այս եմ՝ դատարկ տողի առասպելով կանցված:

Ես մարդը չեմ ահա, նա իր տողի մեջ է,
դառնամ, թեքվեմ, գնամ երազի մեջ ննջեմ:

Թափահարեմ մահն իմ որպես տողի զարթոնք:
Բայց պատմելու չէ այդ, այն էլ չեղած սրտով:

Իմ տողի մեջ մտած երեք մրրիկ-գողեր,
ամեն ինչ եք տարել, իսկ ինձ ու՞ր եք թողել:

Լուսանկարը` Մհեր Արշակյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter